Логотип

Փաշինյանը հույս ունի 2028-ին այցելել Ադրբեջան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ 2028 թվականին կկարողանա այցելել Ադրբեջան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Այդ մասին նա ասել է այսօր Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի բացման խոսքում՝ ողջունելով տեսակապով միացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և համառոտ ներկայացնելով երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

«Այժմ մենք ունենք խաղաղություն Ադրբեջանի հետ։ Արդեն 2 տարի է, որ ոչ մեկը չի տուժել Ադրբեջանի հետ փոխհրաձգության պատճառով։ Սրանք աննախադեպ տարիներ են մեր անկախացումից վեր։ Այժմ մենք սերտորեն աշխատում ենք Ադրբեջանի հետ, որ ամրապնդենք և ինստիտուցիոնալ դարձնենք մեր երկու երկրների միջև խաղաղությանը։ Սա առաջին անգամն է, որ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում Հայաստանում, թեպետ հեռակա կարգով»,- ասել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են իրար գագաթնաժողովները հյուրընկալելու հարցում։

Նրա խոսքով՝ եվրոպական գագաթնաժողովների ընթացքում իր համար շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել, մասնավորապես իր առաջին երկկողմ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ տեղի է ունեցել ԵՔՀ առաջին գագաթնաժողովի ընթացքում, հիմա էլ Թուրքիայի փոխնախագահն է առաջին անգամ Հայաստանում։ Մի շարք երկրների ղեկավարներ առաջին անգամ են Հայաստան այցելում այս գագաթնաժողովի շրջանակում, ինչը, ըստ Փաշինյանի, պատմական է։ Նա հավելել է, որ առհասարակ գագաթնաժողովի հյուրընկալումը պատմական իրադարձություն է մեր երկրի համար։

Sputnik Արմենիա