Логотип

The Guardian․ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ՌՈՒՍ ՆԵՐԴՐՈՂԻՆ ՆՇԱՆԱԿԵԼ Է TRIPP ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Ռուսաստանում ծնված, չիկագոյաբնակ մասնավոր կապիտալի ներդրող Կոնստանտին Սոկոլովը նշանակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի նոր ձեռնարկատիրական հիմնադրամի նախագահ, որը վերահսկելու է Կենտրոնական Ասիայում առևտրային միջանցքի զարգացման համար նախատեսված ավելի քան 200 միլիոն դոլարի ծախսերը։ Միջոցներն ուղղվելու են տրանսպորտի, էներգետիկ ենթակառուցվածքների և կրիտիկական նշանակության օգտակար հանածոների արդյունահանման ոլորտներում իրականացվող ներդրումներին։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Պետդեպարտամենտը հաստատել է նրա նշանակումը։

Սոկոլովն այն 36 դոնորներից մեկն է (որոնց թվում կա 21 կորպորացիա և 15 ֆիզիկական անձ ու ընտանեկան հիմնադրամ), որոնք, ըստ Դոնալդ Թրամփի, ավելի քան 350 միլիոն դոլար են նվիրաբերել Սպիտակ տան «պարահանդեսային դահլիճի» կառուցման նախագծին։

Public Citizen կազմակերպության հետազոտության համաձայն՝ կորպորատիվ դոնորների երկու երրորդը հետագայում ստացել է պետական պայմանագրեր, իսկ մի քանի մասնավոր դոնորներ նշանակվել են բարձր խորհրդատվական կամ պետական պաշտոններում։ Նրանց թվում են առողջապահության ոլորտի մագնատ Բենջամին Լեոն-կրտսերը, ով «պարահանդեսային դահլիճի» նախագծին նվիրատվություն կատարելուց հետո դարձել է Իսպանիայում ԱՄՆ դեսպան, ինչպես նաև Օկլահոմայից նավթային ընկերության 80-ամյա ղեկավար Հարոլդ Հեմը, ով հարկային արտոնություններ է ձեռք բերել իր ընկերության համար և մասնակցել Թրամփի էներգետիկ քաղաքականության մշակմանը։

Սոկոլովը դարձել է «պարահանդեսային դահլիճի» նախագծի վերջին դոնորը, որը պետական պաշտոն է ստացել։ Նրա նվիրատվության չափը չի բացահայտվում։ Նախկինում նա երբևէ պետական պաշտոն չի զբաղեցրել։

Նախընտրական արշավների ֆինանսավորման մասին տվյալների համաձայն՝ Թրամփի նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում Կոնստանտին Սոկոլովն ավելի քան 12 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականների նախընտրական արշավներին և քաղաքական կազմակերպություններին, այդ թվում՝ 11 միլիոն դոլար՝ «MAGA Inc.» նախագահական Super PAC-ին (քաղաքական գործողությունների գերկոմիտեին) և 443 հազար դոլար՝ Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեին։ Նախկինում նա եղել է Բարաք Օբամայի համեստ դոնորներից՝ 2008 թվականի նրա նախընտրական արշավին նվիրաբերելով 3600 դոլար։

Սոկոլովը հրաժարվել է The Guardian-ին հարցազրույց տալուց և չի պատասխանել իր նշանակման վերաբերյալ հարցերին։ Սպիտակ տունը բոլոր հարցերն ուղղորդել է Պետդեպարտամենտ։

«Tripp+ Enterprises» հիմնադրամը, որի հիմնադիրն ու նախագահը Սոկոլովն է, իր անվանումը ստացել է «Թրամփի ուղի» նախագծից, որն իրենից ներկայացնում է Հայաստանի հարավով և Ադրբեջանով անցնող 27 մղոնանոց (մոտ 43 կմ) առևտրային միջանցք։

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ 201 միլիոն դոլար ծավալով հիմնադրամը լիազորված է տրամադրել վարկեր, բաժնեմասային ներդրումներ և դրամաշնորհներ՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, այդ թվում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում մասնավոր հատվածի ռազմավարական զարգացումը խթանելու համար։

Պարբերականը գրում է, որ փետրվարին Երևան կատարած այցի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը «Tripp+» հիմնադրամն անվանել է «պատմական տրանսֆորմացիայի» մաս, որը «կբացի առևտրի, տարանցման և էներգետիկ հոսքերի լիովին նոր աշխարհ»։

Երբ մայիսի վերջին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստորագրեցին տնտեսության և անվտանգության ոլորտում TRIPP համաձայնագիրը, Միրզոյանը լրագրողներին հայտարարեց, որ կողմերը «հիմք են դնում տնտեսական փոխգործակցության այնպիսի մակարդակի, որը թույլ կտա հայերին գումար վաստակել ու բարգավաճել, իսկ ամերիկացիներին՝ անել նույնը»։

The Guardian-ը նշում է, որ դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք Սոկովը կամ ԱՄՆ-ը որևէ օգուտ կստանան հիմնադրամի գործունեությունից, և արդյո՞ք նա վարձատրություն կստանա իր աշխատանքի դիմաց։

Նշվում է, որ Կոնստանտին Սոկոլովը Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցային ընկերության՝ «Վիվա Արմենիա»-ի խոշոր բաժնետերն է, ղեկավար պաշտոններ է զբաղեցնում «Northern Pillar Energy Consortium» կոնսորցիումում, որն իրականացնում է Եվրոպայի և Աֆրիկայի միջև մաքուր էներգիայի և օպտիկամանրաթելային կապի ստորջրյա կաբելի նախագիծը, ինչպես նաև հանդիսանում է «Pelagos Data Centres» ընկերության նախագահը։

Բացի այդ, Սոկոլովը չիկագոյաբնակ «IJS Investments» ներդրումային ընկերության հիմնադիրն է, որը մասնագիտացած է ապագայի էներգետիկայի և հեռահաղորդակցության ոլորտներում, ինչպես նաև շվեյցարական «Gotthard Investment AG» ներդրումային ընկերության հիմնադիրը, որը գործում է ֆինանսական ծառայությունների, էներգետիկայի և գլոբալ անշարժ գույքի ոլորտներում։

Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ հիմնադրամը պահպանելու է օրենսդրական բոլոր պահանջները, ներառյալ տարեկան հաշվետվությունները, անկախ աուդիտը, ինչպես նաև դրամաշնորհների տրամադրման և շահերի բախման կանխարգելման կանոնները։

Սոկոլովն ավելի քան 20 տարի աշխատում է որպես ներդրող՝ մասնակցելով միջազգային ենթակառուցվածքային և հեռահաղորդակցային նախագծերի։ Նրա կենսագրության մեջ նշվում է նաև կառավարություններին ու խոշոր ընկերություններին ռազմավարական խորհրդատվություն տրամադրելու փորձը։

USAID-ի (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն) նախկին ղեկավարը նշել է, որ նախկինում ևս բազմաթիվ մեծահարուստ քաղաքական դոնորներ գլխավորել են ամերիկյան ձեռնարկատիրական հիմնադրամները։ Որպես օրինակ է բերվում ուղղակի ներդրումների հիմնադրամի հիմնադիր Մայքլ Գրանովը՝ Դեմոկրատական կուսակցության խոշոր դոնորներից մեկը, ում նախագահ Բիլ Քլինթոնը 1990-ականներին նշանակել էր Ալբանա-ամերիկյան ձեռնարկատիրական հիմնադրամի նախագահ։

Հրապարակման մեջ նաև նշվում է, որ Թրամփի վարչակազմն արդեն իսկ աննախադեպ քայլեր է ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ այն բանից հետո, երբ անցյալ տարվա օգոստոսին Սպիտակ տան միջնորդությամբ խաղաղության համաձայնագիր կնքվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև։ ԱՄՆ-ը 9 միլիարդ դոլար է հատկացրել հայկական միջուկային էներգետիկայի զարգացման համար, ինչպես նաև Հայաստանի կառավարությանը 11 միլիոն դոլար արժողությամբ ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարքեր է վաճառել երկրին, ինչը դարձել է այդ երկրին ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների առաջին մատակարարումը։

ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան (DFC), որը ղեկավարում է ներդրող Բեն Բլեքը, իր հերթին ծրագրում է ստեղծել «Tripp Development Company» ընկերությունը։ Նորաստեղծ կառույցը երկաթուղի և այլ ենթակառուցվածքներ կկառուցի առաջարկվող այն միջանցքի երկայնքով, որը կմիացնի Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանն իր էքսկլավ Նախիջևանի հետ։

«Tripp+» հիմնադրամի ղեկավարի պաշտոնում Սոկոլովի նշանակումը դիտարկվում է որպես հերթական վկայությունն այն բանի, որ ԱՄՆ-ը ձգտում է աջակցել Արևմտյան Ասիան Եվրոպային միացնող ռազմավարական տրանսպորտային միջանցքի զարգացմանը։

1989 թվականից ի վեր ԱՄՆ-ը 13 ձեռնարկատիրական հիմնադրամ է ղեկավարել։ Խորհրդային Միության փլուզումից հետո Կոնգրեսը 300 միլիոն դոլար է հատկացրել Հունգարիայում և Լեհաստանում ներդրումներ կատարելու համար, իսկ երեք տարի անց գործադիր իշխանությանը թույլատրել է նմանատիպ հիմնադրամներ ստեղծել Արևելյան Եվրոպայի ցանկացած երկրում։ «Tripp+» հիմնադրամը ստեղծվել է հենց այս հետխորհրդային օրենսդրության շրջանակներում։

Թրամփի վարչակազմը նաև դիմել է Կոնգրեսին՝ խնդրելով ընդլայնել իր լիազորությունները, որպեսզի հնարավոր լինի նման ձեռնարկատիրական հիմնադրամներ ստեղծել աշխարհի ցանկացած երկրում, քանի որ դա նախատեսված է 2027 թվականի բյուջեի նախագծով։

Բացի այդ, կան նշաններ, որ Կոնստանտին Սոկոլովի հիմնադրամի ֆինանսավորման ծավալները կավելացվեն։ Ապրիլին Միջազգային հարաբերությունների խորհրդում (CFR) արտաքին օգնության հարցերով Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա Ջերեմի Լևինը հայտնել է, որ գերատեսչությունը ևս 400 միլիոն դոլարի հատկացում է ապահովել «Tripp+» հիմնադրամի համար։

«Կարծում եմ՝ սա այն պիլոտային օրինակներից է, թե ինչպես ենք մենք փորձում վերակողմնորոշել արտաքին օգնությունը, հատկապես՝ տնտեսական ներդրումների ոլորտում»,- հայտարարել է Լևինը։

News.am