ԻՇԽԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԸՆԴԴԵՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ
Սահմանին ընթացող մարտական գործողությունները ստիպեցին ընդդիմությանը թայմ-աութ վերցնել և, մոռանալով ներքաղաքական տարաձայնությունների մասին, կանգնել պետության կողքին։ Իսկ այ իշխանության որոշ ներկայացուցիչներ և նրա արբանյակները ամենևին չեն ցանկանում մտածել միասնականության և մի մեծ բռունցքի համախմբվելու անհրաժեշտության մասին, հայտարարելով, թե Հայաստանում պատերազմ է ընթանում երեք ճակատով՝ կորոնավիրուսի, արտաքին ու ներքին թշնամիների դեմ…
Ներքաղաքական բոլոր հարցերը երկրորդ պլան են մղվում պատերազմի ներկա իրավիճակում, քանզի բոլորիս գլխավոր խնդիրն է՝ միավորվել, սատարել պետությանը, համատեղ ուժերով դիմակայել թշնամու ոտնձգություններին և արժանի հակահարված հասցնել նրան։ Այսպիսին է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումն ու հանձնարարականը իր քաղաքական թիմի անդամներին: Բարգավաճների խոսքերով, սա ոչ թե նահանջ է նախկինում արդեն հնչեցված գնահատականներից ու դիրքորոշումներից, այլ արտաքին սպառնալիքներով պայմանավորված ժամանակավոր թայմ-աութ։
Թեպետ, խորհրդարանական մյուս ընդդիմադիր խմբակցությունը փոքր-ինչ այլ տեսակետ ունի։ ԼՀ-ում կարծում են, որ բացթողումների մատնանշումը, տեղին քննադատությունն ու խորհուրդները երբեք չեն խանգարի, եթե երկիրը լայնամասշտաբ պատերազմի մեջ չէ: Այդպես է եղել միշտ, բոլոր իշխանությունների օրոք. ընդդիմությունը երբեք քննադատության լիակատար մորատորիում չի հայտարարել սահմանին իրավիճակի սրման ժամանակ։ Բավական է աչքի անցկացնել, թե ընդդիմություն կամ պարզապես «հասարակ ակտիվիստներ» եղած ժամանակ ինչ էին ասում ու գրում սոցցանցերում իշխանության մերօրյա ներկայացուցիչները 2016-ի ապրիլին։ Այլ բան է, որ այսօր նրանք, լինելով իշխանության ղեկին, հակառակ մի խոսք անգամ չեն ցանկանում լսել, լինի դա կառուցողական քննադատություն, թե հիմնավորված խելամիտ խորհուրդ։ Ընդ որում՝ չեն ցանկանում լսել երբեք, ոչ միայն սահմանին իրավիճակի սրման շրջանում, այլև խաղաղ ժամանակ։
Մինչդեռ այսօր իշխանական խմբակցության պատգամավորները՝ Հանրային խորհրդի նախագահի հետ միասին, սոցցանցերում ու տարատեսակ հարցազրույցներում ակտիվորեն տարածում են ներքին թշնամու գաղափարը՝ մեթոդաբար ներշնչելով հանրությանն այն միտքը, թե իշխանություններն այսօր ստիպված են պայքարել միանգամից երեք ճակատով ՝ կորոնավիրուսի, արտաքին և ներքին թշնամու դեմ։ «Ներքին թշնամի» ասելով՝ նրանք, բնականաբար, նկատի ունեն ընդդիմությանը, այդ թվում ՝ արտախորհրդարանական։
Ամեն ինչ ներկայացվում է այն աստիճան այլասերված կերպով, որ նույնիսկ սեփական մորը դավաճանած անկախ պատգամավոր-դասալիքն այսօր իրեն թույլ է տալիս խոսել դավաճանության մասին, մենտորական տոնով կոչ անելով, թե «հասարակությունն իր համարժեք ու կոշտ վերաբերմունքով նման ուժերին պետք է ուղարկի այնտեղ, որտեղ գտնվում են հակապետական տարրերն ու դավաճանները»։ Մի՞թե օրենսդիր իշխանությամբ ծանրաբեռնված սույն այրը, ելնելով սեփական օրինակից, նկատի ունի խորհրդարանը։ Ամենևի՛ն։ «Քաղաքական աղբանոցը շատ մեղմ բնորոշում է նմաննների վերջին հանգրվանի համար»,- եզրափակում է այս պատգամավոր-դասալիքը։ Անչափ կցանկանայինք հուսալ, որ մեր հասարակությունը վերջին երկու տարիների ընթացքում այնքան է սթափվել, որ հաջորդ անգամ խորհրդարան չի գործուղի իրեն բարոյականության, վեհանձնության ու հայրենասիրության դասեր տվող դասալիք պատգամավորներին։
Ինչ վերաբերում է ներքին թշնամիների դեմ պայքարին, ապա մեր իշխանությունն այնպիսի բարեկամներ ունի, որոնց առկայությամբ, ինչպես ասացվածքն է ասում, թշնամիներ էլ պետք չեն։ (Հանրային խորհրդի նախագահն ընդհանրապես առանձին երգ է։ Ավելի լավ է շրջանցել նրան, խնայել հոտառությունը)։ Խոսքը Պետդեպարտամենտի կողմից ֆինանսավորվող և մեր հայրենակիցների ուղեղը լվացող ռադիոկայանի մասին է։ Վերջինս Ֆեյսբուքում հրապարակել է, ինչպես ասվում է վերտառությամբ, «ռազմական բախումների պատճառով սպանված ադրբեջանցի զինվորի թաղման կադրերը»՝ հայ օգտատերերից հավաքելով ավելի քան հազար (ընդ որում թիվը դեռ աճում է) «կարեկցող» սմայլիկներ։ Ինչն, իհարկե, անուշադրության չմատնվեց երեսպաշտ խաղաղասիրությամբ չտառապող մարդկանց կողմից։ Պետք է ենթադրել, որ այդ «կարեկցող» հայերին տեսնում ու հաշվարկում են նաև Երևանի՝ որպես ադրբեջանական քաղաքի մասին անրջող հարևան երկրում (դե, ինչո՞վ տեսազեկույց չէ կատարած աշխատանքի մասին). «Թույլ տվեք հարցնել, այդ ո՞ր օրվանից են հայերը սկսել սգալ թուրքի մահը. այն թուրքի, որը և՛ 1915-ին, և՛ 1988-ին կոտորել ու փորձել է ոչնչացնել մեզ, չխնայելով ո՛չ երեխաներին, ո՛չ տարեցներին, ո՛չ հղի կանանց։ «Ազատություն» ռադիոկայանը երկու տարի շարունակ իրականացվող դավաճանական ու սրբապիղծ քաղաքականության մասն է, որի հիմքում սորոս-ալիևյան ջերմ բարեկամական կապն է»,- մոտավորապես այսպիսի բովանդակությամբ հրապարակումներ կարելի էր տեսնել բազմաթիվ օգտատերերի էջերում:
Ցանկացած իշխանության օրոք մեր թշնամու կողմից պետք է սպասել սադրանքների, դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հարևան պետությունը գոյություն ունի որպես քաղաքական միավոր։ Այլ հարց է, թե մեզանում ինչ մթնոլորտ է, և թե ինչ ուղերձներ են գալիս իշխանական և իշխանամերձ շրջանակներից, համարում է հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան Բենիամին Մաթևոսյանը։ «Իսկ այսօր վարչապետի նախկին օգնականի կայքն ասում է, որ մեր «ԶՈՒ հարվածից հետո խաղաղ բնակիչ է զոհվել», իշխանական ԶԼՄ-ներից մեկ այլն էլ սգում է «սպանված ադրբեջանական սպայի թաղման» կապակցությամբ, հեղափոխական ակտիվիստն, իր հերթին, սգում է 7-ամսական ադրբեջանցի երեխայի համար, որը առանց հայր է մնացել՝ չասելով, որ 7-ամսական երեխայի հայրը գալիս էր հայկական հող՝ հայերին սպանելու և հայ 7-ամսական երեխաներին առանց հայր թողնելու համար, մեկ այլը մեր ՊՆ պաշտոնյայի էջում ասում է, թե իբր «ադրբեջանական աղբյուրների տվյալները հետագայում շատ դեպքերում հաստատվում են» և այլն։
Բացի ագրեսիվ թշնամուց, մեր խնդիրը նաև այս ներքին քարոզն է, քարոզ, որը չպիտի տեղ ունենա «պետական ինքնասպանության» չձգտող հասարակության մեջ։ Իհարկե, պատերազմը լավ բան չէ, և ավելի լավ է ապրել խաղաղ ու արարել, բայց երբ քեզ ուզում են որպես ազգ բնաջնջել, որպես քաղաքական միավոր ոչնչացնել, ապա խաղաղասիրական քարոզը միայն նպաստում է թշնամու գաղափարների իրագործմանը»,- ասաց Բենիամին Մաթևոսյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-07-12 10:57
Несколько депутатов правящей фракции запустили в обращение проект изменений в Регламент НС, которым намерены обязать являться в парламентскую следственную комиссию всех, кого приглашает следственная комиссия НС «на дачу показаний».
-
2023-05-12 10:20
Размещение азербайджанских вооруженных формирований по соседству с селами Гегаркуникского марза Армении, в том числе на суверенной территории Армении, является преступным, это грубо нарушает жизнь и безопасность людей, нарушают нормальную жизнь, написал в соцсетях основатель «Центра права и справедливости Татоян», бывший защитник прав человека РА Арман Татоян. Примечательно, что в своей речи на заседании правительства Пашинян даже не вспомнил об этом: о том, что уже ровно два года как азербайджанские вооруженные силы вторглись на суверенную территорию РА в Гегаркунике и Сюнике и с попустительства армянской власти неплохо себя здесь чувствуют…
-
2023-05-03 13:46
Депкорпус в третий раз продлил срок действия парламентской следственной комиссии по расследованию обстоятельств 44-дневной войны 2020 года – еще на 6 месяцев. Впрочем, депкорпус – сильно сказано, решение было принято одними лишь голосами фракции власти, оппозиция высказалась против, хоть председатель этой комиссии Андраник Кочарян и на сей раз попытался всеми правдами и неправдами завлечь оппозиционеров на работу в следственной комиссии.
-
2023-03-13 10:49
Единственный представитель СА в совете старейшин Еревана в беседе с «Жоховурд» не исключил, что на предстоящие в сентябре очередные столичные выборы «Светлая Армения» пойдет в блоке с «Гражданским договором». Что, согласитесь, звучит отнюдь не сенсационно и даже вполне ожидаемо, учитывая, насколько «классической» политической единицей является СА. Что, собственно, она и демонстрировала все последние пять лет.