ՈՉ ՈՔ ՉԷՐ ՈՒԶՈՒՄ ՄԱՀԱՆԱԼ
Քրիստոնեական քաղաքակրթության մեջ կա և՛ Գոհաբանության օր, և՛ Ներման կիրակի... Բայց արդյոք ամեն ինչի համար գոհություն կհայտնե՞ս, և ամենակարևորը՝ մի՞թե ամեն ինչ կներես։ Կարելի՞ է արդյոք երբևէ, այն էլ ոչ թե վերքերի սպիանալուց հետո, այլ հենց այստեղ ու այս պահին փորձել դառնալ քրիստոսակերպ, գոհունակություն հայտնել ու ներել նրան, ով սուրը ձեռքին մտել է քո երկիր, ով այստեղ և այս պահին սպանում է քո հորը, որդուն, եղբորը։ «Կարելի է և պետք է»,- ասում են «եվրոպական արժեքների» կրողները, որոնք բազմանում են աներևակայելի արագությամբ և այդ արագության մեջ առանձնապես չեն էլ հասցնում մարսել նույն այդ «եվրոպական արժեքները»։ Չի՛ կարելի, անհնար է, քանզի դա նույնիսկ ոչ թե վեր է մարդկային ուժերից, այլ առհասարակ տրված չէ մարդուն. պատասխանում է նրանց քրիստոնեական քաղաքակրթությունը, քանզի «ով սրով գա մեր դեմ, սրից պետք է ընկնի»։
Վերջերս մտաբերեցինք. անկախություն ստանալուց հետո մեր երկիրը ստորագրեց խղճի ազատության մասին ինչ-որ կոնվենցիաներ, և Երևանում հայտնվեցին այլընտրանքային դավանանքների առաջին ներկայացուցիչները։ Նրանց մեջ կային նաև կրիշնայականներ։ Հնդկական սերիալներ այն ժամանակ չկային, փոխարենը կար հնդկական կինոն, որն անչափ սիրված էր երևանցիների մեծամասնության կողմից։ Այնպես որ գունեղ հագուստով ու պարանոցին ծաղկեշղթաներով մարդիկ, որոնք երգում էին «Հարե, Կրիշնա», բացառիկ համակրանք էին վայելում։
Իսկ հետո սկսվեց պատերազմը։ Եվ հինդուիստական աստծո անվան երգի ու պարի համույթն անսպասելիորեն կտրուկ վերաորակավորվեց քարոզչական բրիգադի։ Սկսեցին հնչել այլ երգեր։ Կրիշնայականները շրջում էին քաղաքի կենտրոնում, կանգնեցնում գրեթե յուրաքանչյուր տղամարդու, բացատրում, թե զենք վերցնելը մեղք է, թե ադրբեջանցիները մեր եղբայրներն են... Դա երկար չտևեց։ Բաղրամյան պողոտայում գտնվող բարձրահարկ շենքի պատշգամբը դարձավ օթյակ, որտեղից մի արևոտ կիրակի կարելի էր դիտել մռայլ ներկայացումը։ Մասնավոր մեծ տան բակ, որտեղ հավաքներ էին անցկացնում խաղաղասերները, ներխուժեց բեռնատար մեքենան, որից արագ դուրս ցատկեցին ամրակազմ երիտասարդներ՝ կամուֆլյաժով. դա սպարապետ Վազգեն Սարգսյանի անձնական հրամանն էր։ Ուժին բռնությամբ չհակազդելու ջատագովները մի տեսակ մոռացան իրենց հավատամքի մասին և այնուամենայնիվ փորձեցին դիմադրել։ Բայց դա նրանց ուժերից վեր էր։ Կրիշնայականներին արագ փաթեթավորեցին, տարան, իսկ հետո ուղարկեցին պատմական հայրենիք։ Խաղաղասերներին այլևս ոչ ոք չտեսավ։
Այդ տեսարանը բազմաթիվ հանդիսատեսներ ուներ. 90-ականների սկզբի նմուշի երևանյան կենտրոնի բարեկիրթ բնակիչները, որոնք մանուկ հասակում կարդացել էին անհրաժեշտ բոլոր գրքերն ու ստացել եվրոպական և հումանիստական բոլոր արժեքները ոչ թե միջնորդավորված, այլ ինչ-որ մեկի հոգատար ձեռքից։ Բայց ոչ ոք, հավատացե՛ք, ոչ ոք չանվանեց Վազգեն Սարգսյանի հրամանը նույնիսկ ոչ թե վայրի, այլ անգամ անմարդասիրական արարք։ Որովհետև այն ժամանակ Ղարաբաղից Երևան էին բերում առաջին դագաղները։ Բերում էին նրանց, ովքեր զոհաբերել էին կյանքը հանուն այս հողի, այս պետության, նրա ապագայի։ Եվ խաղաղասիրության ջատագովումը սրբապղծություն կլիներ զոհվածների սխրանքի, սեփական երկրի, ինքդ քո նկատմամբ։
Երեվի Վազգեն Սարգսյանի պես մարդու ներկայությունն այսօր անհրաժեշտ է ոչ միայն մարտի դաշտում։ Քանզի բարեհոգի «խաղաղության քարոզիչների» ելույթները մի տեսակ անհամ կերպով հաճախակիացել են։ Ինչ-որ մեկն առաջարկում է հեռարձակում կազմակերպել հնարավոր բոլոր լեզուներով և մերկացնել Ալիևի հրոսակախմբին, «բայց չնեղացնել ադրբեջանական ժողովրդին»… Եվ այդ գռեհիկ դեմագոգիան կարդալն անտանելի՛ է։ Մեկ ուրիշն էլ դատողություններ է անում այն մասին, թե «սրից պետք է ընկնի» կոչերն անպատասխանատվություն են, քանի որ դրանց համար ստիպված են լինելու պատասխան տալ ոչ թե կոչ անողները, այլ 18-ամյա նորակոչիկները…
Չէ, տղերք, հասկանալի է, որ սեփական աննախադեպության զգացողությունը վարակիչ բան է, բայց հանդարտվե՛ք արդեն, ի սեր Աստծո։ Թե՞ լրջորեն կարծում եք, իբր՝ միայն ձեզ համար է պարզ, որ պատերազմը վատ բան է, իսկ խաղաղությունը՝ լավ։ Միայն ձեզ է հասկանալի մարդկային յուրաքանչյուր կյանքի արժեքը, միայն ձեզ է հասկանալի, որ ոչ ոք չէր ուզում մահանալ։ Դուք և միմիայն դուք եք հասկանում, որ Տավուշի երեխաներն ավելի լավ է ուրախանան ոչ թե նրանով, թե քանի հին անվադող են հավաքել պաշտպանության կազմակերպման համար, այլ գլխավերևում մաքուր երկնքով ու նրանով, որ ունեն մայրիկ ու հայրիկ և ավագ եղբայր, ու բոլորը ողջ-առողջ են։ Եթե դուք տիրապետում եք ինչ-որ մեծ գաղտնիքի, թե ինչպես է հնարավոր առանց զենք վերցնելու պաշտպանել սեփական հողն ու այդ հողի վրա ապրելու իրավունքը, երբ հրետանային կրակի տարափ է թափվում և տանկերը տրորում են այդ հողը, ուրեմն կիսեք այդ մեծ գաղտնիքը ձեր ժողովրդի հետ։ Իսկ եթե այդպիսի գաղտնիք ձեզ հայտնի չէ, ապա, կներեք, պապանձվե՛ք արդեն:
Եվ, ներող կլինեք, բայց ձեր առջև այդչափ անսպասելիորեն բացված «եվրոպական արժեքների» մասին էլ առանձնապես ոչինչ չգիտեք։ Դուք չգիտեք, որ արժեքները սահմանում են ոչ թե նրանք, ում ձեռքից դուք դրամաշնորհներ եք ստանում, այլ բոլորովին այլ մարդիկ։ Այո, Հեմինգուեյը, Ռեմարկը, Բյոլը գրել են այն մասին, որ երբ ճայթում է պատերազմը, որը սկսվում է ինչ-որ այլանդակության՝ կայսրի հավակնությունների, փողի պարկերի գործարքների պատճառով, խաբված քաղաքացին հարց է տալիս ինքն իրեն. ինչո՞ւ են ոմն իշխանավոր սրիկայի անձնական հավակնություններն ու շահերը, ըստ էության, համարվում ամենքիս ընդհանուր արժեքներ: Եվ հասարակությունը պատասխանում է դժբախտին. մի՛ վիճիր, արքայի անձնական հավակնությունները համընդհանուր արժեքներ են, իսկ դու արդեն փաստաթուղթ, պայմանագիր ես ստորագրել հասարակության հետ: Եվ այդժամ մարդը սոցիումին է տալիս ամենաթանկ բանը,և սոցիումն անողորմաբար աղում է դա։ Հեմինգուեյի «Հրաժեշտ զենքին» գիրքը հենց այն մասին է, որ հանուն սիրո պետք է հրաժարվել զանգվածային պսիխոզից. իմպերիալիստական պատերազմի մսաղացի մեջ ճշմարտություն չկա, և փրկություն էլ չկա…
Բայց, շփոթմունքի մեջ ընկնելով եվրոպական արժեքների մեծությունից, որոնք անսպասելիորեն բացահայտել են ձեր առջև, դուք գլուխ չեք հանել դրանցից և չեք հասկացել, որ դա մեր դեպքը չէ։ Հայոց բանակի զինվորը ոչ մեկի վրա չի հարձակվում, չի ձգտում խլել ուրիշի տունն ու ուրիշի կյանքը։ Բայց նա պատրաստ է զոհել սեփական կյանքը հանուն նրա, որ եթե ոչ ինքը, ապա իր զավակները կարողանան ազատ ապրել իրենց նախնյաց հողի վրա։ Եվ սեփական արմատներն ու ապագան պաշտպանելու այդ սրբազան իրավունքը երբեք և ոչ մեկի պարագայում չի ժխտել ոչ մի քաղաքակրթություն։ Այդ թեմային նվիրված մեկ այլ, գուցե գլխավոր գրքում, որը հենց այդպես էլ վերնագրված է. «Պատերազմ և խաղաղություն», հեղինակը հարց է տալիս, թե ինչո՞ւ ռուս զինվորը նահանջեց Աուստերլիցում, իսկ Բորոդինոյի ճակատամարտից առաջ մաքուր շապիկ էր հագնում, որպեսզի, եթե մի բան պատահի, մաքուր կանգնի Աստծո առջև. և մնաց անսասան, և հաղթեց: Տոլստոյը հենց ինքն էլ պատասխանում է իր հարցին. որովհետև Աուստերլիցի ճակատամարտում զինվորը չէր հասկանում, թե ինչի համար է ելել մարտի, իսկ Բորոդինոյում գիտեր, թե հանուն ինչի է զոհում կյանքը։ Սերտեք մեծ գրքերի այս փոքրիկ ջենտլմենական հավաքածուն ձեր սրտին հարազատ ադրբեջանցի ժողովրդի հետ, գուցեև ինչ-որ բան հասկանաք, թե՛ դուք, թե՛ նրանք։
Իսկ հիմա՝ մի պատմություն, որը պատմեց «եվրոպական արժեքների» աներկբա կրող Վլադիմիր Պոզները Երևանում, իր գրքի շնորհանդեսի ժամանակ, պատասխանելով գերմանացիների հանդեպ իր վերաբերմունքի մասին հարցին։ «Երբ ես 5 տարեկան էի, հայրս և մայրս ընդհատակում էին՝ Դիմադրության շարքերում, իսկ ինձ ուղարկել էին Բիարից, մորս ընկերուհու՝ Մարգերիտի տուն։ Եվ ահա մի օր ես նստած էի պատուհանագոգին ու դուրս էի նայում. ուղիղ դիմացը հիվանդանոցն էր, որտեղ ապաքինվող գերմանացի սպաները ֆուտբոլ էին խաղում: Ես նայում էի հետաքրքրությամբ, և հանկարծ երկաթե մատները բռնեցին ականջիցս ու իջեցրին պատուհանագոգից։ Մարգերիտն ինձ ասաց, որ ես չպետք է համարձակվեմ նայել գերմանացիներին, որ մնալու եմ առանց ընթրիքի, և ուղարկեց քնելու: Իսկ գիշերվա ժամը երեքին նա արթնացրեց ինձ, ես հագնվեցի, և մենք դուրս եկանք տնից։ Քայլում էինք... Ես շատ լավ հիշում եմ, թե մարդկանց ի՜նչ բազմություն էր գնում դեպի օվկիանոս։ Մարդկանց օվկիանո՛ս էր։ Բայց նա կարողացավ անցնել այդ ամբոխի միջով։ Մենք մոտեցանք պատվարին. հսկայական բազմություն ու լիակատար լռություն։ Եվ հանկարծ ես ներքևում տեսա, թե ինչպես է դիակ լողում։ Հետո երկրորդը... Ընդհանուր հաշվով՝ հինգ դիակ։ Դրանք գերմանացի սպաներ էին, որոնք գնացել են լողալու, թեև նրանց ասել էին, որ այդտեղ վտանգավոր հոսանք կա, բայց դե իրենք բարձրագույն ռասա՛ն էին։ Նրանք խեղդվել էին, իսկ ողջ քաղաքը գիտեր, թե երբ է օվկիանոսը բերում խեղդվածներին... Մարգերիտը ձեռքս բռնեց, տարավ տուն, տաք շոկոլադ պատրաստեց ինձ համար, շոյեց գլուխս ու ասաց. «Այդպիսի գերմանացիներին դու կարո՛ղ ես նայել»։
Մենք մեծահոգություն ցուցաբերեցինք։ Մենք թույլ տվեցինք ադրբեջանցիներին առանց գեթ մեկ կրակոցի տանել իրենց զոհերի մարմինները։ Այդքանն առավել քան բավարար է։ Եվ մենք փառաբանելու ենք մեր բանակը, մենք լինելու ենք նրա հուսալի թիկունքը, իսկ նա՝ մեր զրահապողպատե պաշտպանությունը։ Այնքան ժամանակ, քանի դեռ հայ զինվորը լիովին ու ընդմիշտ չի սպանել պատերազմելու ցանկությունը թշնամու մեջ։ Այ, այդ ժամանակ մենք կդառնանք խաղաղության ամենամեծ քարոզիչները. ներկայիս խաղաղասերներից շա՜տ ավելի ջերմեռանդ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 12:12
Ереванский Государственный театр музыкальной комедии им. А. Пароняна только что вернулся из поездки в Китай. Вернулся и сразу объявил о премьере мюзикла "Ереван 2024". Отыграют - и опять на фестиваль, на сей раз в Россию. Дальше вернутся и приступят к реализации большого международного проекта. И это не считая спектаклей, с завидной регулярностью выходящих на Малой сцене театра. Что самое удивительное: все это громадье работы театр осуществляет без получения грантов от государства. "Работай качественно, имей сто друзей и - жизнь удалась!", - считает директор театра Каро ШАХБАЗЯН.
-
2024-11-21 10:33
"Слепые блуждают ночью. Ночью намного проще перейти через площадь..." - написал когда-то Иосиф Бродский. Но стоит ли ради этого "намного проще" настаивать в преломлении к жизни на своей слепоте - вовсе не физической? В попытке найти ответ на этот вопрос и сделал режиссер, художественный руководитель гюмрийского театра Людвиг Арутюнян свой новый спектакль. Государственный Драматический театр им. В. Аджемяна представил на суд зрителя новый мегапрект - "АПОСТОЛЫ ТЬМЫ".
-
2024-11-20 10:25
Голоса разных музыкальных инструментов и песен на разных языках звучали в унисон. Юноши и девушки разных национальностей рассказывали одну на всех историю, одинаково радовались на одной большой свадьбе и одинаково уходили каждый на свою войну...
-
2024-10-29 10:55
С 28 октября по 5 ноября в Ереване будет проходить Международная Театральная Акустическая Школа - лаборатория, в которой примут участие молодые театральные деятели из России, Грузии, Узбекистана и Армении. Это новый проект Московской Международной конфедерации театральных союзов, осуществленный при поддержке Международного Фонда гуманитарного сотрудничества стран СНГ.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
2022-04-15 08:16
Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…
-
2022-04-08 08:59
Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։
-
2022-04-05 19:27
Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ: