«ԿԻՍԱԱՆԶԵՆ» ԴԻՏՈՐԴՆԵՐ
Եվրամիության խորհուրդը հայտարարել է փետրվարի 20-ից Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) գործարկման մասին՝ Անվտանգության և պաշտպանության համընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակներում: Ինչպես հաղորդվում է ԵՄ Խորհրդի կայքում, հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում EUMA երկամյա առաքելության տեղակայման մասին որոշումն ընդունվել է 2023 թվականի հունվարի 23-ին՝ Հայաստանի սահմանամերձ շրջաններում իրավիճակի կայունացման, հակամարտությունից տուժած շրջաններում մարդկանց վստահության և անվտանգության ամրապնդման և ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստող պայմանների ապահովման նպատակով: EUMA-ի բացառապես քաղաքացիական անձնակազմի ընդհանուր թիվը կազմում է մոտ 100 մարդ, այդ թվում՝ մոտ 50 անզեն դիտորդ: Առաքելության օպերատիվ շտաբը կտեղակայվի Եղեգնաձորում։ EEAS-ի (Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության) Քաղաքացիական պլանավորման և վարքագծի (CPCC) կառավարիչ տնօրեն Ստեֆանո Տոմատը կկատարի քաղաքացիական գործողությունների հրամանատարի, իսկ Մարկուս Ռիտերը՝ ԵՄ առաքելության ղեկավարի գործառույթները, հաղորդում է Newsarmenia.am-ը։