Ցանկացած երկրում, որտեղ կա իշխանության և ժողովրդի գոնե նմանություն,այն տեղեկատվությունը, որ շաբաթ օրը հրապարակեց Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը, պայթյունային արձագանք կառաջացներ։ Իսկ մեզ մոտ դա (տեղեկատվությունը) առայժմ դարձավ ևս մեկ բացականչական նշան՝ հանցանշանների և ապացույցների այն ահռելի շարանում, որոնք հիմնավորում են իշխանության թիմի կողմից ազգային, պետական շահերի, քաղաքացիների դեմ գործած ծանրագույն հանցագործությունների կասկածները։ Հանցագործություններ, որոնք ունեն, ինչպես պարզվեց, «գլխավոր պատասխանատու», բայց չունեն ոչ մի «մեղավոր»։ Մեղավոր՝ եթե անգամ ոչ դավաճանության, ապա առնվազն հանցավոր անգործության մեջ... Թեպետ այն, թե ինչպես որակել այդ արարքները, առանձին հարց է, որը մտնում է իրավաբանների իրավասության մեջ։ Տվյալ դեպքում ուշադրություն դարձնենք մի շարք փաստերի և իրադարձությունների, որոնք լրացնում են պատկերացումն այն մասին, թե առհասարակ ինչ էր դա։