Логотип

Քոչարյան․ Ինչպե՞ս են ՀՀ իշխանությունները բացատրելու Ռուսաստանին՝ Զելենսկու կողմից Երևանում արված հայտարարությունները

Ինչպե՞ս են ՀՀ իշխանությունները բացատրություն տալու Ռուսաստանին՝ Երևանից Զելենսկու հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ։ Գավառի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ իր պաշտոնավարման տարիներին վարվել է կոմպլեմենտար քաղաքականություն, որի էությունը գերտերությունների հակասությունների վրա չխաղալն է։ «Դա վատ վերջաբան է ունենում»,- նշել է նա։

«Սաակաշվիլին էլ էր այդպես վարվում։ Մենք երբեք նման քայլի չենք դիմել։ Գերտերությունները, հակասություններից բացի, ունեն նաև շփման եզրեր։ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերություններում մենք հենց դրա վրա էինք շեշտը դնում։

Իսկ հիմա Հայաստանի իշխանությունները բառացիորեն մխրճվում են բախման կետի մեջ։ Վերջին անհեթեթությունը Զելենսկուն հրավիրելն ու Երևանից նրա հնչեցրած հայտարարություններն էին։ Միջազգային հարաբերություններում անթույլատրելի է, երբ Հայաստանի տարածքից հայտարարություններ են հնչում ռազմավարական դաշնակցի հասցեին։

Ինչպե՞ս են նրանք բացատրություններ տալու Ռուսաստանին»,- նշել է Քոչարյանը՝ հավելելով, որ Հայաստանը չպետք է խառնվի Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններին, քանի որ դա կարող է վատ հետևանքներ ունենալ, իսկ գինը ստիպված կլինի վճարել հայ ժողովուրդը։

News.am