Логотип

Ծառուկյանը հայտարարեց, որ վարչապետի պաշտոնին չի հավակնում. բայց վարչապետի 4 թեկնածու կա

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ինքը չի ցանկանում զբաղեցնել վարչապետի պաշտոնը, թեև կարող էր առաջադրել սեփական թեկնածությունը որպես կուսակցության առաջնորդ։ Այս մասին նա ասել է Հրազդանում բնակիչների հետ հանդիպման ընթացքում։

«Ծառուկյանը վարչապետ չի ուզում։ Ես ձեզ խոսք եմ տվել։ Կարող էի ասել, որ իմ կուսակցության վարչապետը ես եմ․ ստեղծել եմ, կայացել եմ, այս հող ու ջրի մարդն եմ։ Բայց որպեսզի ավել-պակաս խոսակցություններ չլինեն, ես նման նպատակ չունեմ»,- նշել է նա։

ԲՀԿ առաջնորդի խոսքով՝ վարչապետի պաշտոնի համար կուսակցությունն ունի չորս հավանական թեկնածու, որոնք ունեն փորձ, կապեր և արդեն իսկ արդյունքներ են ցույց տվել։

«Վարչապետի չորս թեկնածու կա, որոնք և՛ փորձ ունեն, և՛ պատրաստակամ են, և՛ կապեր ունեն, և՛ արդյունք են ցույց տվել։ Եթե հաջողվի հասնել այդ փուլին, բոլորին կներկայացնեմ, իսկ ժողովուրդը կտա իր գնահատականը»,- ասել է Ծառուկյանը։

Նա նաև ընդգծել է, որ երկրի ղեկավարի պաշտոնը պետք է վստահվի փորձառու և պատասխանատու մարդու։

«Պաշտոնյան, որը պատասխանատու է ժողովրդի համար, սխալվելու իրավունք չունի։ Պետք է աշխատած, փորձառու մարդ, որպեսզի ժողովրդի վրա փորձեր չկատարվեն»,- հայտարարել է նա։

News.am