Երևան-Բաթում-Երևան միջազգային գնացքը կգործի հունիսի 14-ից։ Ինչպես տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, այդ մասին հայտարարվել է «Վրացական երկաթուղի» ընկերության ներկայացուցիչների հետ բանակցությունների ժամանակ։
ՆՇՎՈՒՄ Է, ՈՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ փոխադարձ ուղևորափոխադրումների ոլորտում:

«Մասնավորապես որոշում է կայացվել 2026 թվականի ամառային փոխադրումների սեզոնին Երևան-Բաթում-Երևան երթուղով արագընթաց ֆիրմային գնացքի գործարկման մասին։ Կողմերը հաստատել են 2026 թվականի հունիսի 14-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում գնացքի՝ օրումեջ մեկնումով ժամանակացույցը։ Երկաթուղայինները նաև պայմանավորվել են ուղևորների մասին տեղեկատվության օպերատիվ փոխանակման շուրջ՝ սահմանային հսկիչ անցակետերով ուղևորների անցման ժամանակահատվածում գնացքի պարապուրդը սահմանին կրճատելու նպատակով»,– ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել չեխական «Gepard express» ընկերության պատվերով հուլիսի 4-12-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Բաթում-Երևան զբոսաշրջային երթուղու իրականացման շուրջ: Նախատեսվում է կազմակերպել մի խումբ զբոսաշրջիկների փոխադրում (հիմնականում Չեխիայից)՝ կազմակերպելով կեցությունը ՀԿԵ-ի վագոններում և հընթացս կանգառներով, որպեսզի զբոսաշրջիկները հնարավորություն ունենան ծանոթանալու Հայաստանի և Վրաստանի տեսարժան վայրերին: Առաջին նման ուղերթը ՀԿԵ-ն հաջողությամբ կազմակերպել էր 2025 թվականին։
