Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Անկարան պատրաստ է հակահարված տալ Իսրայելին:
«Եթե Իսրայելի կամ որևէ այլ խաղացողի գործողությունները հակասեն մեր ազգային և տարածաշրջանային շահերին, մենք ո՛չ վախենալու, ո՛չ նահանջելու և ո՛չ էլ հետ գնալու խնդիր չունենք։ Կռվելը մեր գործն է։ Դա ընդհանրապես խնդիր չէ: Խնդիրն այն է, որ Իսրայելը ոչ թե մեր խնդիրն է, այլ ամբողջ աշխարհինը», – ասել է Ֆիդանը հարցազրույցներից մեկում։
Նշենք, Թուրքիայի և Իսրայելի իշխանությունները պարբերաբար սպառնալիքներ և մեղադրանքներ են ուղղում միմյանց։ Անկարան Թել Ավիվին մեղադրում է Գազայում պաղեստինցիների ցեղասպանություն իրականացնելու մեջ և սպառնում է տեղի բնակիչներին օգնելու համար զորք ուղարկել: 2024 թվականի օգոստոսին Թուրքիան փաստաթղթեր ներկայացրեց ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Իսրայելի դեմ ՀԱՀ-ի հայցին միանալու համար՝ Գազայի իրավիճակի պատճառով։
Իսրայելի ղեկավարությունն իր հերթին հայտարարում է, թե բարոյականություն սովորեցնելը թուրքերի գործը չէ, և պարբերաբար հիշեցնում է Օսմանյան կայսրությունում մարդկության դեմ կատարված հանցագործության մասին: Ավելին` վերջերս Իսրայելի կառավարությունը հավանություն տվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին։ Նախատեսվում է փաստաթուղթն ուղարկել Քնեսեթի քննարկմանը։
Թուրքիան և Իսրայելը վերջին շրջանում ավելի հաճախ են միմյանց դիտարկում որպես ազգային անվտանգության սպառնալիք, բայց առայժմ լեզվակռվից այն կողմ չեն անցել։
Sputnik Արմենիա
