«Փաշինյանը լավ հասկանում է, որ խնդիրներ կան նույնիսկ նվազագույն անհրաժեշտ ձայները հավաքելու հարցում, որոնք կարող են իշխանությանը մեծամասնություն ապահովել՝ այդ թվում՝ «փոշիացած» ձայների հաշվին»,- Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի վարքագծին, ասաց քաղաքագետ Հակոբ Բադալյանը։
Ըստ նրա՝ Փաշինյանը սկզբում հանգիստ էր քարոզչություն իրականացնում, սակայն վերջին օրերին ակնհայտորեն տեղափոխվում է իրեն բնորոշ գերէմոցիոնալ դաշտ.«Կարծում եմ՝ դա ոչ թե հունից դուրս գալու տրամաբանությամբ է, այլ ինքը շատ լավ կառավարում է այդ պրոցեսը և փորձում է մտնել իր տարերքի մեջ, ավելին՝ այն ոճի ու տրամաբանության մեջ, որը Փաշինյանի էլեկտորատի ամենապահանջված ոճն ու տրամաբանությունն է։ Իհարկե, դա վնասում է իրեն այլ հասարակական խմբերում, բայց այստեղ Նիկոլ Փաշինյանը, թերևս, իրավիճակը գնահատում է շատ ռացիոնալ։ Այսինքն, ինքն ակնկալիք չունի, որ առանձնապես այլ խմբերում շատ մեծ ձայներ կարող է հավաքել և որևէ բան այդ ուղղությամբ չի փնտրում և թեկուզ ի վնաս այդ ուղղություններում իրեն՝ փորձում է առավելագույնը քամել իր էլեկտորատի շրջանակներում, մոբիլիզացնել իր էլեկտորալ ակտիվ ու պասիվ ռեսուրսը, ակտիվացնել իր էլեկտորատի պասիվ շրջանակին, որը պատրաստ են իր օգտին քվեարկել, սակայն ոչ այդքան ակտիվ են տեղամաս գնալու առումով՝ համարելով, որ միևնույն է Փաշինյանը կանցնի»։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ հիմա Փաշինյանը կանգնած է նվազագույն ցուցանիշն ապահովելու խնդրի առաջ, ունի անհրաժեշտություն մոտիվացնել ու ակտիվացնել իր էլեկտորատի այդ պասիվ շերտերին նույնպես. «Բնական է, նա չի կարող հայտարարել, որ բոլորդ եկեք տեղամաս, քանի որ խնդիր ունենք։ Բնական է, որ պետք է գտնի այդ ոճական, տեխնոլոգիական հնարը, որպեսզի ակտիվացնի նրանց։ Կարծում եմ՝ հիմա իր վարքագծով փորձում է լուծել այս խնդիրը»։
Հարցին՝ ինչո՞ւ է արցախցիներին թիրախ վերցրել՝ Բադալյանը պատասխանեց. «Հենց այդ նպատակով, քանի որ իր էլեկտորատը սպառում է այդ թեմաները՝ անկախ նրանից ակտիվ, թե պասիվ շերտ են։ Իրենց սպառման թեմաներն են՝ հակառուսականություն, նախկիններ, թալան, արցախցիներ, արցախցի-հայաստանցի բաժանում, Արցախցիները ուզում են ՀՀ-ում իշխանություն վերցնել և այլն։ Սրանք այն թեմաներն են, որոնք իր էլեկտորատն անհագ սպառում է, և հիմա փորձում է, այդ թեման խաղարկելով, բորբոքելով՝ ակտիվացնել նաև այդ պասիվ շրջանակներին»։
2021 թվականին Փաշինյանը հիմնականում ձայներ էր հավաքել մարզերից, Երևանից նա քիչ ձայն էր հավաքել, դա տեսանք նաև 2023 թվականի Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ։
Հակոբ Բադլյանի կարծիքով՝ Փաշինյանը դարձյալ մարզերում պահպանում է առավելություն. «Սակայն սա հպանցիկ գնահատական է։ Հանգամանալից ուսումնասիրություն է պետք՝ հասկանալու համար, թե ստույգ պատկերն ինչպիսին է։ Եթե դիտարկենք, օրինակ, ըստ ցուցանիշների, օրինակ, մենք տեսանք, որ Գյումրիում Փաշինյանը պարտվեց և էլի շատ տեղերում, ընդ որում պարտվել է 2-3 տարի առաջ, երբ վարկանիշն այսքան անկում չէր գրանցել։ Հետևաբար, իմ գնահատմամբ, մարզերում էլ իրավիճակը միարժեք չէ։ Մենք տեսել ենք, որ 2021 թվականից հետո ինքը մի շարք մարզերում պարտվել է ՏԻՄ ընտրություններ, Երևանի պատկերը նույնպես տեսել ենք։ 1.2 մլն բնակչություն ունեցող քաղաքում նրա ուժը հավաքել է ընդամենը 75 հազար ձայն։
Հիշեցնեմ, որ Փաշինյանն այդ քարոզարշավի վերջին օրը Հանրապետության հրապարակում ունենում էր նույն այս ոճի ելույթներ՝ «բորդյուր լիզել կտանք», «ասֆալտին կփռենք», և այլն, հայտարարում էր, որ դա քաղաքապետի ընտրություն չէ, այլ ՀՀ անկախության ընտրություն։ Եվ այդ ամենից հետո Նիկոլ Փաշինյանի թեկնածուն հավաքեց 75 հազար ձայն»։
Անդրադառնալով մյուս քաղաքական ուժերին և նրանց հնարավորություններին՝ քաղաքագետը նշեց, որ ընդդիմադիր եռյակն ի վիճակի է հաղթահարել անցողիկ շեմը. «Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը կհաղթահարեն 8 տոկոսի շեմը, Գագիկ Ծառուկյանն էլ հնարավորություն ունի հաղթահարելու 4 տոկոսի շեմը։ Այդ 4 տոկոսի շեմը հաղթահարելու շանսեր ունեն նաև «Լուսավոր Հայաստանը» և Արման Թաթոյանի «Միասնության թևերը»»։
