Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբի Ցեղասպանությունից փրկված հայերի պատմությանն է նվիրված ֆրանսահայ հայտնի պատմաբան Ռայմոն Հարություն Կևորկյանի «Ցեղասպանության ավարտը. Մուստաֆա Քեմալը և ողջ մնացած հայերի ու հույների ոչնչացումը (1918-1922)» գիրքը: 2023 թվականին ֆրանսերենով լույս տեսած գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր՝ Երևանում։
Ռայմոն Կևորկյանը գրքում մանրամասնորեն անդրադառնում է ոչ միայն Օսմանյան կայսրության ողջ մնացած հայերի ճակատագրին, այլև հույների պատմությանը, որոնք նույնպես քեմալական ջարդերի զոհ են դարձել:

Ռայմոն Կևորկյանի «Ցեղասպանության ավարտը. Մուստաֆա Քեմալը և ողջ մնացած հայերի և հույների ոչնչացումը (1918-1922)» գրքի շնորհանդեսը
Ռայմոն Հարություն Կևորկյանի աշխատությունը պարունակում է բազմաթիվ նոր տեղեկություններ, որոնք վերցվել են Երևանի, Երուսաղեմի, Փարիզի, Լոնդոնի, Վիեննայի արխիվների և գրադարանների աղբյուրներից: Հեղինակը իր բոլոր եզրակացություններն ու ընդհանրացումները կատարում է փաստաթղթերի մանրակրկիտ վերլուծության հիման վրա: Այս տարվա աշնանը Լոնդոնի «I. B. Tauris» հրատարակչությունը լույս կընծայի գրքի անգլերեն տարբերակը։
Աշխատության ռուսերեն տարբերակը ներկայացրել են «Նարեկացի» արվեստի միությունը, «Անիվ» հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության հիմնադրամը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:
