Հունիսի 7-ը կարող է բեկումնային դառնալ հայ ժողովրդի պատմության մեջ, և ժողովուրդը հնարավորություն ունի ամբողջությամբ փակելու ամոթի ու խայտառակության էջը։ Այս մասին ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ Հայաստանում ընթացող խորհրդարանական ընտրություններում քվեարկելուց հետո։
Հարցին, թե հանուն ինչի է քվեարկել, Սաղաթելյանը նշել է՝ հանուն Հայաստանի, կայունության, անվտանգության և զարգացման։
Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե կհամաձայնի ժողովրդի ցանկացած ընտրության հետ՝ Սաղաթելյանը նկատել է՝ բա չհամաձայնե՞ր։ Ըստ նրա գնահատականի, Փաշինյանը նախընտրական շրջանում ամեն ինչ արել է, և հիմա էլ ամեն կերպ ցույց է տալիս, որ չի ուզում հաշտվել, բայց ստիպված կլինի։ Սաղաթելյանն արձանագրել է, որ իշխանությունները վարչական ռեսուրս են կիրառում. այսօր առավոտից շարունակվում են ձերբակալություններն ու ընդդիմադիր ուժերին խոչընդոտելու փորձերը։ Նա կոչ է արել քվեարկել խղճի մտոք և որոշել երկրի ճակատագիրը, ուշադրություն չդարձնել իշխանությունների հայտարարություններին, քանի որ դա ժողովրդի վստահությունը կորցրած մարդկանց վարքագիծ է։
Սաղաթելյանը նշել է խախտումների երկու տեսակ՝ կամավորների ու շտաբների պատասխանատուների ձերբակալություններ և բաց քվեարկություններ։ «Բացի այդ, կա մտահոգություն կամ ենթադրություն, որոշակի տեղեկություններ, որ մարզերում ոստիկանները կփորձեն կրկնակի քվեարկել։ Զգուշացնում ենք նման հանցագործություններից, դրանք բացահայտվելու են», – հայտարարել է Սաղաթելյանը։
News.am
