Логотип

Եվրոպացի դիտորդները Հայաստանի ժողովրդի դատին են թողել ընտրությունների թափանցիկության և արդարության գնահատումը

Հայաստանում ընտրությունների եվրոպացի դիտորդական առաքելության կազմում ԵԽԽՎ պատվիրակության ներկայացուցիչ Էդիթ Էստրելան կարծում է, որ ընտրություններն անցել են արտաքին ճնշումներով լի և լարված աշխարհաքաղաքական մթնոլորտում։ Այս մասին նա հայտարարել է հունիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը փորձել է օգտագործել բոլոր հնարավորությունները և «ընտրություններին միջամտելու իր ողջ հարուստ փորձը»՝ Հայաստանին իր ազդեցության գոտում պահելու համար։ «Մենք նույնիսկ լսել ենք, թե ինչպես է Պուտինն ասում, որ եթե Հայաստանը շարունակի եվրոպական ուղին, ապա նրանք կարող են կրկնել ուկրաինական սցենարը»,- նշել է Էստրելան։ Այդուհանդերձ, ընտրատեղամասեր այցելելուց հետո նրա մոտ ընդհանուր առմամբ շատ դրական տպավորություն է ստեղծվել։

ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Եվրոսիմա Պեյովիչն իր հերթին հայտնել է, որ դիտորդություն է իրականացվել 9 մարզերում։ Նա նույնպես փաստել է նախընտրական քարոզարշավի ընթացքում մրցակիցների բևեռացված հռետորաբանությունը, արտաքին ազդեցությունն ու մի շարք խախտումներ։ Պեյովիչի խոսքով՝ ժողովրդավարական ինստիտուտները չեն զարգանում մեկ օրում, դա կատարվում է աստիճանաբար, և միջազգային հանրությունը կարող է կարևոր դեր խաղալ դրանց կայացման գործում։ «Նպատակը դատելը չէ, այլ ժողովրդավարական զարգացման ճանապարհին ուղեկցելն ու փորձով կիսվելը։ Ցանկանում ենք արձանագրել առաջընթացը և հորդորում ենք հպարտանալ ձեռքբերումներով։ Մեր դիտողություններն ու առաջարկությունները պետք է ընկալվեն որպես աջակցություն»,- պարզաբանել է նա։

Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոն նշել է, որ ընտրական գործընթացը լավ է կազմակերպվել և անցել է հարթ պայմաններում։ Միևնույն ժամանակ, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ իշխանությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեին ընտրողների իրազեկվածությանը։ Նրա խոսքով՝ Երևանում, Գյումրիում և մայրաքաղաքին մերձակա համայնքներում իրականացված դիտարկումները վկայում են մասնակցության բարձր մակարդակի մասին, ինչը խոսում է ժողովրդավարության հանդեպ ունեցած հավատի մասին։ Լուազոն նաև հայտարարել է քարոզարշավի ընթացքում առկա մրցակցության ու բևեռացվածության, արտաքին միջամտության, կիբերհարձակումների և կեղծ լուրերի (ֆեյքերի) մասին։ Նա բարձր է գնահատել Ընտրական օրենսգրքում և կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության մասին օրենքում կատարված փոփոխությունները, սակայն անհրաժեշտ է համարում գործընթացի հետագա բարելավումը։ «Չնայած ճնշումներին՝ քաղաքացիները կարողացան իրացնել ազատ կամարտահայտման իրենց իրավունքը։ Ժողովրդավարությունը նաև արդյունքների ընդունումն է»,- հայտարարել է Լուազոն։

Հատկանշական է, որ թեև եվրոպացի դիտորդները միահամուռ կերպով խոսում էին մրցակիցների կոշտ հռետորաբանության (այդ թվում՝ պատերազմի ու խաղաղության թեմաների շահարկման), ընդդիմադիրների ձերբակալությունների վերաբերյալ մտահոգիչ տեղեկությունների, ինչպես նաև իշխող կուսակցության հանրահավաքներին մասնակցելու նպատակով պետական ապարատի աշխատակիցների նկատմամբ գործադրված ճնշումների մասին, նրանք հրաժարվեցին միանշանակ գնահատական տալ ընտրությունների թափանցիկությանը և արձանագրված խախտումների ազդեցությանը վերջնական արդյունքների վրա։

Այսպես, Քարիմին հայտարարել է, որ միջազգային դիտորդները կարող են խոսել միայն իրենց տեսածի և այն միջազգային չափանիշների ու պարտավորությունների համապատասխանության մասին, որոնք երկիրն ստանձնել է։ «Երկրի ժողովուրդը կարող է ասել՝ արդյոք ընտրությունները եղել են արդար։ Մենք տեղեկատվությունը ներկայացնում ենք մեր տեսածին համապատասխան ձևով։ Վերջնական դատողությունը Հայաստանի ժողովրդինն է»,- հայտարարել է Քարիմին։

News.am