Логотип

Ռուսաստանում գրեթե կրկնապատկել են օտարերկրացիների արտաքսման հիմքերի ցանկը

Դաշնության խորհուրդը հավանության է արժանացրել օրենք, որը գրեթե կրկնապատկում է վարչական իրավախախտումների ցանկը, որոնց համար օտարերկրյա քաղաքացիները կարող են արտաքսվել Ռուսաստանից։

Փաստաթուղթը նախատեսում է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում համապատասխան իրավախախտումների թվի ավելացում՝ 22-ից մինչև 45։ Մի շարք իրավախախտումների համար սահմանվում են առանձին պատժամիջոցներ՝ տուգանքի և վարչական արտաքսման տեսքով, եթե դրանք կատարել է օտարերկրյա քաղաքացին։

Մասնավորապես, արտաքսում կիրականացվի չարտոնված հանրահավաքներին մասնակցելու, ՌԴ ԶՈւ–ին վարկաբեկելու, Ռուսաստանի և նրա քաղաքացիների դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերի և երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու հրապարակային կոչերի համար։

Արտաքսում է նախատեսված նաև արտակարգ իրավիճակի, հակաահաբեկչական գործողության կամ ռազմական դրության ռեժիմի պահանջները խախտելու, չթույլատրված վայրերում կրակելու, տրանսպորտի տեղաշարժի համար խոչընդոտներ ստեղծելու, իրավապահ մարմինների աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվելու, մանր խուլիգանության, խտրականության և սահմանային վերահսկողության աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվելու համար։

Օրենքը նաև վարչական արտաքսման հնարավորությունը տարածում է ծայրահեղական գործունեության և արգելված տեղեկատվության տարածման հետ կապված մի շարք հանցագործությունների վրա: Խոսքը, մասնավորապես, կրոնական խորհրդանիշների պղծման, ատելության կամ թշնամանքի հրահրման, ծայրահեղական և նացիստական ​​խորհրդանիշների քարոզչության կամ հրապարակային ցուցադրման, ծայրահեղական նյութերի արտադրության ու տարածման, ահաբեկչության կոչեր տարածելու համար աուդիովիզուալ ծառայությունների օգտագործման, ինչպես նաև արգելված բովանդակություն տարածելու համար լրատվամիջոցների ազատության չարաշահման մասին է:

Sputnik Արմենիա