Հայկական կաթնամթերքի չորս կազմակերպություններում իրականացված ստուգումների արդյունքում այդ արտադրամասերի կողմից հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը` հավելելով` թեև վերահսկողության արդյունքները ռուսական կողմը դեռ չի տրամադրել ։
Այսօր` ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի հուլիսի 27-ից սահմանափակումներ է մտցնում Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման համար։ Նշվում էր, որ 2026 թվականի հուլիսի 14-21-ը ՀՀ–ում կաթնամթերքի վերամշակման գործարաններում կատարված ստուգումից հետո Ռոսսելխոզնադզորը դիմել է ՀՀ Սննդի անվտանգության տեսչական մարմին՝ խնդրելով հուլիսի 27-ից կասեցնել անասնաբուժական հավաստագրումը բոլոր հայկական ձեռնարկությունների համար: Հաշվի առնելով հայտնաբերված խախտումները, Ռոսսելխոզնադզորը միջոցներ է ձեռնարկել՝ թույլ չտալու համար «Ռուսաստան հատկապես վտանգավոր վարակների ներմուծումը և ոչ անվտանգ կաթնամթերքի իրացումը հայրենական շուկայում»։
«Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության՝ Ռոսսելխոզնադզորի, և ՍԱՏՄ-ի մասնագետների կողմից ս/թ հուլիսի 14-ից 21-ը հայկական կաթնամթերքի չորս կազմակերպություններում համատեղ իրականացված վերահսկողության արդյունքները ռուսական կողմը, թեև դեռ չի տրամադրել, սակայն կարող ենք տեղեկացնել, որ այդ արտադրամասերի կողմից հիվանդ կենդանիների կաթի օգտագործման, ինչպես նաև այլ երկրներից ներմուծված հումքի կիրառման հիմնավորումներ ստուգման ընթացքում չեն հայտնաբերվել»,–հայտնում է ՍԱՏՄ–ն։
Ընդգծվում է, որ ըստ ներկայացված փաստաթղթերի, արտադրության մեջ օգտագործվող հումքն անցել է լաբորատոր ստուգում և եղել է անվտանգ:
Նշենք, որ Ռուսաստանին բաժին է ընկնում Հայաստանի պանրի արտահանման 80%-ից մի փոքր ավելին։ Ռուսաստան արտահանումը, բացարձակ թվերով, 2024 թվականին կազմել է 11.2 մլն դոլար, 2025 թվականին՝ 13.5 մլն դոլար։ Նախկինում Հայաստանը Ռուսաստան էր արտահանում զգալի քանակությամբ կարագ (2024 թվականին՝ 7.6 մլն դոլար), սակայն 2025 թվականին այդ ծավալը նվազեց մինչև 1.5 մլն դոլար։
Հավելենք, որ Ռոսսելխոզնադզորը ձեռնարկված միջոցառումները պատճառաբանել էր բուսասանիտարական պահանջների խախտումներով: Միևնույն ժամանակ Ռուսաստանը շարունակում է մնալ հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան, որին բաժին է հասնում արտահանման ավելի քան 90%-ը:
