USD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 31°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 31°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 31°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 31°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 31°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 31°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 31°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 31°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 31°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 31°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 31°CUSD 366.72 ֏ EUR 417.91 ֏ RUB 4.71 ֏ ☀️ Երևան 31°C

Логотип

ՀԻՄԱՐ ԾԻՏԻԿԸ

Հայկական ձեռնարկությունների խնդիրները գնալով ավելի են աճում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման պատճառով։ Գնալով ավելի մեծ թվով մարդիկ են զրկվում եկամուտներից, և Նիկոլի ներքին կարգախոսը, թե «մի խառնվեք քաղաքականությանը, հարստացեք և վայելեք կյանքը՝ ով ոնց կարող է», սկսում է ճաք տալ։ Եվ միանգամայն հնարավոր է, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում:

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՎԱՏԱՆՈՒՄ ՄԵՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ՄՈՍԿՎԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՐԶ Է. ԿԱ՛Մ ԴՈՒՔ ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄՆ ԵՔ, ԿԱ՛Մ ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄԸ։ Կողմնորոշվեք, քանզի եթե մեր թշնամիների կողմից եք, այնքան էլ պարզ չէ, թե ինչու պիտի Մոսկվան խրախուսի և հովանավորի այդ ուղեգիծը։ Դե, իսկ եթե մեր բարեկամն եք, ապա կշարունակեք օգտվել առավելագույն բարենպաստության ռեժիմից, ինչպես անկախությունից հետո բոլոր տարիներին՝ սկսած ռազմատեխնիկական համագործակցությունից մինչև տնտեսական արտոնություններ ԵԱՏՄ շուկայում։

Ինչպես խորհրդային իշխանության տարիներին, երբ կրթության, արդյունաբերական զարգացման, մշակութային և սպորտային նվաճումների մակարդակով Հայաստանը լիովին կարող էր մրցակցել եվրոպական ցանկացած երկրի հետ։ Ինչպես Առաջին Հանրապետության վերջին տարիներին, երբ Ալեքսանդրապոլից թուրքերին դուրս շպրտել հաջողվեց միայն Հայաստանի խորհրդայնացումից հետո։ Ինչպես Առաջին Հանրապետության առաջին ամիսներին, երբ Սարդարապատի մոտ հայոց անկախության համար մարտնչում էին նաև ռուսական բանակի սպաները…

Եվ ինչպես Ռուսական կայսրության տարիներին, որի տարածքում, 19-րդ դարասկզբին մեր տարածաշրջանում նրա հայտնվելուց հետո, նախադրյալներ ստեղծվեցին անկախ հայկական պետականության ստեղծման համար՝ անկախության բազմադարյա բացակայությունից հետո: Եվ այդ անկախությունը եկավ Ռուսական կայսրության փլուզումից հետո։

Ի դեպ, նույն տարիներին փլուզվեց նաև թուրքական կայսրությունը, բայց այդ փլուզման գործընթացն ուղեկցվում էր ոչ թե հայոց պետականության ստեղծման գործընթացով, այլ ցեղասպան գործողություններով Էրդողանի նախնիների կողմից, որի գիրքն այնքան սիրով սրտին է սեղմում պարոն Փաշինյանը։

Ասվածից ինչ-որ բան այնպես չէ՞: Եթե այնպես չէ, թող ընկեր պատմաբանները շտկեն…

Մեր պատմությունը, ոչ այն, որը կարդում է Փաշինյանը, այլ իրականը, ուսուցանում է, որ նորագույն պատմության մեջ Հայաստանի խնդիրները սկսել ու զարգացել են, ընդ որում՝ մեծ տեմպերով, հենց այն ժամանակ, երբ երկրի ղեկավարությունը սկսել է հակառուսական ուղեգիծ վարել։ Այդպես եղավ 1918-1920 թվականներին, երբ Առաջին Հանրապետության ղեկավարությունը չափազանց մեծ հույսեր կապեց Արևմուտքի օգնության հետ և սկսեց երազել անդրօվկիանոսյան քաղաքացի Վուդրո Վիլսոնի խոստացած սահմանների մասին։

Ճակատագրի հեգնանք. նույն սխալը, որն առավել քան հանցագործություն է, 100 տարի անց կրկնեց Փաշինյանի իշխանությունը Եվ եթե չկորցրեցին անկախությունը՝ «սահմանափակվելով» Արցախով, ապա բնավ ոչ այն պատճառով, թե Փաշինյանը ինչ-որ տեղից փորել-գտել է Հայաստանի սահմանների «կադաստրի վկայականը», այլ նախորդ տարիներին ստեղծված «անվտանգության բարձիկի» հաշվին։

Բայց Փաշինյանը շարունակում է սխալ ուղեգիծը։ Մի ամբողջ տեսություն հորինեց, տեսանյութ հրապարակեց ծիտիկի մասին, որը զարկվում է փակ պատուհանին, մինչդեռ կողքին բաց դուռն է։ Ախ-ախ-ա՜խ…

Հետաքրքիր է, այդ ի՞նչ պատուհան է փակվել քո համար, Փաշինյան։ Իսկ գուցե հենց դո՞ւ ես նպատակաուղղված փակում երկրի աճի համար այդքան անհրաժեշտ պատուհանները։

Ինչպես որ փակեցիր Արցախում խաղաղության հաստատման պատուհանը 2020-ի հոկտեմբերի կեսին, երբ հայկական զինուժի կորուստները դեռևս մեծ չէին, մեր վերահսկողության տակ էր Շուշին, և Հադրութի համար դեռ մարտեր էին ընթանում։ Ինչպես որ փակեցիր 9.11.2020թ. Եռակողմ հայտարարությամբ ստեղծված պատուհանը, երբ որոշեցիր Արցախը ճանաչել Ադրբեջան՝ նույնիսկ չխորհրդակցելով Մոսկվայի հետ։ Այսօր էլ շարունակում ես փակել մնացած պատուհանները՝ հետևողականորեն քրեական գործեր հարուցելով Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման օգտին հանդես եկող քաղաքական այն գործիչների դեմ…

Եվ այդ ի՞նչ բաց դռնով ես այդքան համառորեն ցանկանում խցկվել, բայց ուր քեզ քաղաքավարիորեն թույլ չեն տալիս մտնել. օտար ես…