Վերջին շրջանում տպավորություն է, որ ՀՀ իշխանությունները դեմ չեն Ադրբեջանին հանձնել որոշ տարածքներ, դրանք անվանելով ադրբեջանական անկլավներ, օրինակ Տիգրանաշենը, որը ռազմավարական մեծ նշանակություն ունի ՀՀ-ի համար։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասել է Քաղաքագետների խորհրդի նախագահ Միհրան Շահզադեյանը։
Նրա դիտարկմամբ՝ որպես հիմնավորում վկայակոչում են ԽՍՀՄ քարտեզները և 1991 թ-ի Ալմա-Աթայի հռչակագիրը։
Շահզադեյանի պնդմամբ՝ պետության տարածքը և նրա սահմանները սահմանվում են իրավական ակտերով, ոչ թե քարտեզներով, հանրագիտարաններով կամ առանձին հեղինակների մեկնաբանություններով։ «Դրանք որոշվում են բացառապես միջազգային իրավունքի նորմերով ու ներպետական իրավական ակտերով։ Պետությունների միջև սահմանների ամրագրումն արվում է միջպետական պայմանագրերով։ Քարտեզները, այդ թվում՝ Խորհրդային միության տարիներին կազմված քարտեզները, կարող են ծառայել որպես տեխնիակական, տեղեկատվության աղբյուր, սակայն իրավական ուժ չունեն պետական սահմանները սահմանելու կամ փոփոխելու համար; Հետևաբար, ՀՀ տարածքի որևէ հատվածի նկատմամբ «անկլավ» եզրույթի կիրառությունը չի կարող հիմնվել միայն քարտեզագրական կամ պատմական փաստաթղթերի հիման վրա։ Այն պետք է գնահատվի միջազգային իրավունքի, ՀՀ իրավական ակտերի, ՀՀ և հարևան երկրների միջև իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնագրերի համատեքստում։
Խորհրդային միությունում իրավական առումով անկլավներ չեն եղել, նման կարգավիճակ սահմանող կամ անգամ «անկլավ» եզրույթը օգտագործող որևէ իրավական ակտ չի ընդունվել։ Այն հնարավոր չէ գտնել, ոչ ԽՍՀՄ սահմանադրությունում, ոչ միութենական հանարապետությունների սահմանադրություններում, ոչ էլ խորհրդային որևէ նորմատիվ իրավական ակտում; Հետևաբար, Տիգրանաշենը կամ այլ բնակավայր անկլավ անվանելը չունի որևէ իրավական հիմք»։
