ԱՄՆ–ն գիշերը Իրանի ուղղությամբ հարվածների նոր ալիք է իրականացրել։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել Է Իրանի դեմ զանգվածային հարվածների «հաջող» ավարտի մասին:
Նշվում է, որ դա արվել է ի պատասխան ԱՄՆ զինված ուժերի վրա հարձակման երեկվա փորձի:
«CENTCOM–ի ստորաբաժանումները հարվածներ են հասցրել Իրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տասնյակ օբյեկտների, այդ թվում՝ ռազմական հրամանատարական կենտրոնների, հրթիռային և անօդաչու ապահովման օբյեկտների, դիտարկման և պաշտպանության առափնյա օբյեկտների, ինչպես նաև ծովային օբյեկտների ուղղությամբ», – ասված Է X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ:
CENTCOM-ը պնդում է, որ հարվածների նպատակը եղել է է՛լ ավելի նվազեցնել Իրանի և նրա դաշնակիցների կողմից ԱՄՆ ուժերի, առևտրային նավագնացության և հարևան Պարսից ծոցի երկրների համար սպառնալիքը։
Հրամանատարությունը նշել է, որ հուլիսի 28-ին ԻՀՊԿ ուժերը մի քանի բալիստիկ հրթիռ են արձակել Իրանից՝ փորձելով հանկարծակի հարձակվել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ուժերի վրա: Նշվում է, որ իրանական բոլոր հրթիռները հաջողությամբ չեզոքացվել են։
CENTCOM-ը հիշեցրել է, որ այժմ ԱՄՆ-ի ավելի քան 50 հազար զինծառայողներ տեղակայված են Մերձավոր Արևելքում։
Տարբեր աղբյուրների համաձայն՝ հարվածները հասցվել են Ղեշմ և Քիշ կղզիներին, ինչպես նաև Բանդար-Աբբաս, Բուշեր, Նուշահր, Սիրիկ և Նար-Աբբաս քաղաքներին:
Ղեշմ կղզում հարվածի հետևանքով բնակելի տուն է փլուզվել, Փլատակներից 2 երեխայի մարմին են դուրս բերել։ Երեք մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են։ Որոշ տվյալներով՝ ևս երկու տուժածի հոսպիտալացրել են։
Ըստ լրատվամիջոցների` ամերիկյան հրթիռներն արձակվել են Քուվեյթի տարածքից։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
Sputnik Արմենիա
