Ռուսաստանի քաղաքացի Դմիտրի Շիգաևը, ով Հայաստանում ձերբակալվել էր ռուսական կողմի հարցումով, վաղն ազատ կարձակվի «Արմավիր» ՔԿՀ-ից, որտեղ գտնվում էր անցյալ տարվա սեպտեմբերից։ Ռուսաստանում նրա դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության մասին ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելու համար։
«Վաղը ես ազատ կարձակվեմ «Արմավիր» ՔԿՀ-ից՝ 11 ամիս և 10 օր կալանքի տակ գտնվելուց հետո։ Ինձ ձերբակալել են Հայաստանում՝ ռուսական կողմի հարցումով։ Իմ դեմ հարուցված գործը համարում են քաղաքականացված»,- պատմել է «ԱրմԻնֆո»-ի խմբագրություն զանգահարած Շիգաևը։
Այն հստակեցմանը, թե ինչ է իրեն մեղսագրվում հայրենիքում, նա հայտնել է, թե իրեն մեղադրում են «գրեթե զինկոմիսարիատ պայթեցնելու մեջ»։
Իր հերթին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Անի Չատինյանը «ԱրմԻնֆո»-ի հետ զրույցում պատմել է, որ ՀՔԱ-ն զբաղվել է Շիգաևի գործով և առավելագույն ջանքերն է գործադրել, որպեսզի նա չհանձնվի ռուսական կողմին։
«Շիգաևն ազատ կարձակվի տվյալ հոդվածով նախատեսված պատժի կրման (խափանման միջոցի) առավելագույն ժամկետի լրանալուց հետո։ Նրա նկատմամբ դեռևս պահպանվում է Հայաստանից ելքի սահմանափակումը, քանի որ դեռ կան նրան արտահանձնելու ռիսկեր։ Սակայն Հայաստանի տարածքում տեղաշարժվելու սահմանափակումներ Շիգաևը չի ունենա»,- նշել է իրավապաշտպանը։
Նա նաև պատմել է, որ հայկական կողմը բավարարել է հայրենիք արտահանձնելու մասին ռուսական կողմի միջնորդությունը, սակայն գործընթացը ձգձգվել է, քանի որ պաշտպանական կողմն այդ որոշումը բողոքարկել է վերադաս ատյանում։ «Այս փուլում հայրենիք հանձնվելու ռիսկը պահպանվում է, քանի որ գործը դեռևս ավարտված չէ»,- պատմել է Չատինյանը։
ԱրմԻնֆո
