Հայաստանի Հանրապետությունը կզգա ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների խզման տնտեսական և քաղաքական հետևանքները, եթե անդամակցի Եվրամիությանը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Սերգեյ Պերմինովը։
«ՀՀ-ի համար ԵՄ-ին անդամակցելու ճանապարհը տասնամյակներ տևող մարաթոն է՝ անորոշ ավարտով։ Սակայն ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների խզման տնտեսական և քաղաքական հետևանքները Երևանը կզգա այստեղ և հիմա։ «Երկու աթոռի վրա միաժամանակ նստելու» փորձը միշտ ճակատագրական ավարտ է ունենում», — ասել է Պերմինովը։
Սենատորը նշել է, որ Փաշինյանի հայտարարությունը՝ Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելու մասին, «նշանավորում է Երևանի՝ դեպի Արևմուտք պաշտոնական և, ամենայն հավանականությամբ, անշրջելի քաղաքակրթական շրջադարձը»։ Նրա խոսքով՝ դա անխուսափելիորեն կհանգեցնի Մոսկվայի և Երևանի հարաբերությունների խոր ճգնաժամի։
«Քաղաքական առումով այս քայլը ՌԴ-ի կողմից կընկալվի որպես ՀՀ-ի՝ դաշնակցային հարաբերություններից և պարտավորություններից վերջնական դուրս գալ։ Գործնական առումով դա վտանգի տակ է դնում անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությունը, տարածաշրջանում ռուսական ռազմական օբյեկտների գործունեությունը, ինչպես նաև ստիպում է Մոսկվային վերանայել Երևանի համար նախկինում սահմանված արտոնությունները», — հավելել է խորհրդարանականը։
Պերմինովի խոսքով՝ այս որոշումը ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության համար ստեղծում է կրիտիկական և իրավական առումով անհաղթահարելի հակասություն, քանի որ ԵՄ-ի հետ խոր տնտեսական ինտեգրումը սկզբունքորեն անհամատեղելի է Մաքսային միության կանոնների և մաքսային պարտավորությունների հետ։
«Ամենայն հավանականությամբ, Երևանը ստիպված կլինի նախաձեռնել ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց, կամ էլ բախվել միության մյուս անդամների կողմից կիրառվող խիստ պաշտպանական միջոցների և առևտրային սահմանափակումների։ Հայաստանի տնտեսության համար, որը խիստ կախված է ռուսական շուկայից, էներգակիրներից և դրամական փոխանցումներից, այս անցումային շրջանը լուրջ շոկային փորձություն կլինի, որի ելքը կանխատեսելի է՝ հաշվի առնելով Բրյուսելի՝ ՀՀ-ին հսկայական ֆինանսական կորուստները փոխհատուցելու իրական անպատրաստվածությունը», — եզրափակել է սենատորը։
Alpha News
