ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատավոր Սարգիս Դադոյանն այսօր ինքնաբացարկ ներկայացրեց։ Բրյուսովի անվան համալսարանին առնչվող գործով առաջին դատական նիստի ժամանակ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նշեց, որ նախկինում աշխատել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում և այս գործով դեռ 2019 թվականին ներգրավված է եղել որպես վարույթն իրականացնող մարմին։
«Հնարավոր է` ողջամիտ կասկած առաջանա, որ դատավորը քննիչ աշխատած տարիներին տեղեկացված լինի գործի հանգամանքների մասին, և, ըստ այդմ, անկողմնակալության հետ կապված խնդիրներ առաջանան։ Դա պետք է բացառվի։ Այդ իսկ պատճառով նախագահող դատավորն ինքնաբացարկ է հայտարարում»,– հայտարարեց նա։
Նիստից հետո Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր պաշտպանյալի գործին և նշեց, որ իր փաստաբանական 26 տարվա փորձառությունը չի բավարարում, որպեսզի կարողանա հասկանալ` ինչի մասին է այն։
«Մեր երկրում ցանկացած քաղաքական գործ ինչ-որ մի բան ունի իր մեջ, անգամ Արմեն Աշոտյանի մյուս գործը, որ էլի ծիծաղելի է, բայց ինչ-որ մի գումար կա մեջը, որով գնվել է գույք։ Այս գործում ոչինչ չկա։ Կալանքի նիստի ժամանակ, քանի որ փողերի լվացման մեղադրանք կար, խնդրեցի քննիչին ցույց տալ` ո՞ր փողն է կեղտոտ, ցույց չտվեց։ Այստեղ գործ չկա ու չի կարող լինել, ամեն ինչ այնքան օրինական է եղել»,– ասաց Աթանեսյանը։
Հիշեցնենք` հունիսի 5–ին ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալման որոշումներ կայացրեց 7 նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ։ Վարույթը վերաբերում է շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու փողերի լվացմանը։ Ըստ ՔԿ–ի հաղորդագրության` Աշոտյանն այդ անձանց հետ հանցակցությամբ չարաշահել է պաշտոնեական դիրքն ու ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, օժանդակել ձեռք բերել օտարման ոչ ենթակա գույք։
Աշոտյանը հունիսի 5-ին կալանավորվեց, հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։
Sputnik Արմենիա
