ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում են և նպատակ ունեն մեկուսացնելու ընդդիմությանը։ Այս մասին ասվում է «Հայաստան» դաշինքի հայտարարության մեջ։
Դաշինքը Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողություններն ապօրինի է որակում՝ դրանք կապելով նախօրեին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունների հետ։
«Սա իրավական գործընթաց չէ. սա պետական ապարատի բացահայտ ծառայեցումն է մեկ անձի քաղաքական վախերին ու վրեժխնդրությանը»,– ասվում է հայտարարությունում։
«Հայաստան» դաշինքի պնդմամբ՝ խորհրդարանական ամբիոնից հնչող սպառնալիքներին հաջորդած ուժային գործողությունները ցույց են տալիս, որ իշխանությունն ընտրել է ընդդիմությանը մեկուսացնելու և «դիմադրության բոլոր հնարավոր օջախները ոչնչացնելու քաղաքականություն»։
Դաշինքը նաև իշխանությանը մեղադրում է հասարակությունում վախի մթնոլորտը խորացնելու փորձի մեջ՝ հայտարարելով, որ «սեփական ընտրազանգվածի համար էժանագին տեսարաններ են բեմադրվում»։
«Շանտաժի, ապօրինի վարույթների և շինծու հետապնդումների լեզվով մեզ հետ խոսելն ապարդյուն է։ Ո՛չ նախագահ Քոչարյանին, ո՛չ նրա ընտանիքին և ո՛չ էլ մեր քաղաքական թիմին հնարավոր չէ ընկճել կամ պարտադրել հաշտվել ստեղծված իրավիճակի հետ»,– հայտարարել է դաշինքը։
«Հայաստան»-ից նաև հայտնել են, որ շարունակելու են պայքարը և փորձելու են դիմագրավել Հայաստանին, իրենց գնահատմամբ, պարտադրվող նոր զիջումներին։
«Որևէ բռնապետություն հավերժ չէ, և ապօրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև»,– եզրափակել է դաշինքը։
Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսել են խուզարկություններ իրականացնել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։
Ավելի ուշ ինքնազգացողության վատանալու պատճառով ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ռոբերտ Քոչարյանից ու նրա որդուց Սեդրակ Քոչարյանից բացի, ևս 4 անձ է ձերբակալվել, դատախազությունն էլ հայտնել է, որ բացի նրանցից՝ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 8 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։
Sputnik Արմենիա
