Եվրամիության անդամակցությունը կհակասի ՀՀ ժողովրդի շահերին։ Այս մասին հայտարարել են ՌԴ արտգործնախարարությունում` արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 24-ին հայտարարեց, որ Հայաստանն առաջիկայում պաշտոնական դիմում կներկայացնի ԵՄ–ին անդամակցելու համար։
«Համոզված ենք, որ նման ագրեսիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասեր Հայաստանի ժողովրդի երկարաժամկետ շահերին», – Лента.ру–ին ասել են գերատեսչությունից։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ «կադրից դուրս» է մնում Եվրամիության ռազմականացումը և Մոսկվայի հետ ուղիղ ռազմական դիմակայության քաղաքական գիծը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտություն» հասցնելու բրյուսելյան դիրքորոշումը:
Բացի այդ, Ռուսաստանի ԱԳՆ-ում բացահայտ մանիպուլյացիա են անվանել «ԵՄ, թե ԵԱՏՄ» հարցով հանրաքվե անցկացնելու մասին հայտարարությունը (Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը հանրաքվե կանցկացնի պաշտոնապես ԵՄ դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց և գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո)։
«Դժվար է հասկանալ Հայաստանի ղեկավարության տրամաբանությունը. նախ ծրագրում է սկզբունքային արտաքին քաղաքական որոշում ընդունել ՝ պաշտոնական հայտ ներկայացնել ԵՄ–ին անդամակցելու համար, և միայն դրանից հետո հարցնել իր ժողովրդի կարծիքը նման քայլի նպատակահարմարության մասին»,— ընդգծել են գերատեսչությունում:
Նշենք, որ օգոստոսի 7-ին Ղրղզստանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ Հայաստանն այս պահին չի կարող ընտրություն կատարել ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև։ Նրա խոսքով` հանրաքվեի անցկացումը կլինի անբովանդակ և կնշանակի, որ իշխանությունը քաղաքացիներից ակնկալում է մի հարցի պատասխան, որն այս պահին գոյություն չունի։
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։
Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:
Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:
Sputnik Արմենիա
