ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ԵՐԿՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿԱՊԻՏԱԼ Է ՆԵՐԳՐԱՎԵԼ ՍԻՄԲԻՈՏԻՔՍԻՑ

Ամերիաբանկը և Սիմբիոտիքսը 15 միլիոն ԱՄՆ դոլարի չափով երկարաժամկետ ստորադաս վարկային պայմանագիր են կնքել վարկի գումարի ավելացման հնարավորությամբ մինչև 25 միլիոն ԱՄՆ դոլար: «Բազել III»-ի չափանիշների շրջանակներում այդ վարկային միջոցները որակվում են որպես Բանկի` 2-րդ մակարդակի կապիտալի գործիք և ուղղված են Բանկի ընդհանուր կապիտալի ցուցանիշի բարձրացմանը:

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է. «Մենք բարձր ենք գնահատում «Սիմբիոտիքս» կազմակերպության մեր գործընկերների հետ փոխհարաբերությունները և ուրախ ենք շարունակել համագործակցությունը երկարաժամկետ ստորադաս վարկի շրջանակներում: Ներգրավվող միջոցները կօգնեն մեզ ոչ միայն պահպանել վարկային պորտֆելի աճը, այլև անչափ պահանջված աջակցություն ցուցաբերել Հայաստանում գործող ձեռնարկություններին այս դժվարին ժամանակաշրջանում: Վարկային միջոցը ներգրավվեց ճիշտ այն պահին, երբ ոլորտի կարգավորող մարմինը խրախուսում է բանկերին 2-րդ մակարդակի կապիտալի գործիքների միջոցով կապիտալ ներգրավել, և մենք առաջիկայում նախատեսում ենք իրականացնել 2-րդ մակարդակի կապիտալի ներգրավման այլ ծրագրեր: Սա նաև կարևոր քայլ է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO) իրականացնելու ճանապարհին, և ես ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին Ամերիաբանկի նկատմամբ իրենց վստահության և շարունակական աջակցության համար»:

«Այս գործարքի շրջանակներում մեր հիմնական ներդրող «C-Quadrat» ընկերության հետ միասին, ուրախ ենք աջակցել մեր երկարամյա գործընկեր Ամերիաբանկին` համաճարակի պայմաններում 2-րդ մակարդակի կապիտալ ներգրավելու գործում, և ակնկալում ենք համատեղ ուժերով տեղական միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին ապահովել ֆինանսական միջոցների անխափան հասանելիությամբ տնտեսության համար այս դժվարին ժամանակաշրջանում», - նշեց ԵԿԱ (Եվրոպա և Կենտրոնական Ասիա) և ՄԱՀԱՊ (Միջին Արևելք, Հյուսիսային Աֆրիկա, Աֆղանստան և Պակիստան) գծով Սիմբիոտիքսի տարածաշրջանային համաղեկավար Սոֆիա Տուլուպովան:

«Ավելի քան տասը տարի շարունակ Vision Microfinance-ը հնարավորություն է ընձեռում զարգացող երկրների բնակիչներին էապես բարելավել իրենց կենսապայմանները: Դա հնարավոր է դարձել Սիմբիոտիքսի հետ համագործակցության և տարիների ընթացքում ձևավորված` տեղական ֆինանսական հաստատությունների հուսալի ցանցի շնորհիվ: Ամերիաբանկը մեր ներդրումային ցանցում ներառված ամենաբարձր վարկանիշ ունեցող գործընկեր հաստատություններից մեկն է, և մենք ուրախ ենք, որ այս վարկի միջոցով մեզ հաջողվեց ճիշտ պահին բանկին տրամադրել աջակցություն` ուղղված Հայաստանի քաղաքային և գյուղական բնակավայրերում գործող` բանկի ՄՓՄՁ հաճախորդներին ֆինանսավորելու նպատակին», - նշեց «C-QUADRAT Impact Asset Management» ՍՊԸ հիմնադիր, ղեկավարող գործընկեր և ՏՏ գծով տնօրեն Գյունթեր Կաստները:

«Սիմբիոտիքս» ԲԸ

Սիմբիոտիքսն ազդեցիկ ներդրումների շուկային հասանելիություն ապահովող առաջատար հարթակն է, որի միջոցով իրականացվում է զարգացող և սահմանային շուկաներում գործող միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև ցածր և միջին չափի եկամուտ ունեցող տնային տնտեսությունների ֆինանսավորում: 2005թ. ի վեր Սիմբիոտիքսը մշակել և իրականացրել է ավելի քան 5.5 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով մոտ 4,000 գործարք շուրջ 90 զարգացող և սահմանային շուկաներում գործող ավելի քան 450 ընկերությունների համար: Այդ ներդրումները գնվել են ավելի քան 25 հիմնադրամների և երրորդ կողմ հանդիսացող ավելի քան 50 մասնագիտացված հիմնադրամների կառավարիչների կողմից` ստեղծելով զարգացող էկոհամակարգ և նմանատիպ գործարքների իրականացման շուկա:

Основная тема:
Теги: