ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՀԱՆՋԸ

Վերջին զվարճալի նորությունը. «Իր ուսապարկերը» խմբակցությունը հանդիպել է վարչապետի հետ և որոշել, որ «հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ»: Նրանք վճռել են, թե իրենք կարող են ինչ-որ բան վճռել։ «80+ ուսապարկերը որոշել են, թե կարելի է ապաշնորհ տանուլ տալ պատերազմը, ծնկի գալ թշնամու առաջ, վաճառել հայրենիքն ու շարունակել մնալ իշխող կուսակցություն»։

Սակայն այս մեկնաբանության հեղինակի հանդեպ ողջ հարգանքով հանդերձ՝ կցանկանայի մեկ բան ճշտել։ Շատերը եզրակացրել են, թե խմբակցության հայտարարությունը նշանակում է, որ Հայաստանում արտահերթ ընտրություններ չեն լինելու։ Բայց չէ՞ որ «Իր ուսապարկերը» նման պնդում չեն անում։ Ավելին, ինչ-որ չափով ուսապարկերն իրավացի են. «հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ»։ Բայց հասարակության լայն շերտերի շրջանում կա շատ ուժեղ պահանջ, իրենց իսկ լեզվով ասած՝ պատմության աղբարկղ նետելու «Իր ուսապարկերը» խմբակցությանն ու առաջին հերթին երկրի գլխավոր ուսապարկին՝ նրանց հետ միասին։ Մենք կասեինք՝ քաղաքական ուժերի, գիտական, մշակութային, կրոնական շրջանակների, տեղական ինքնակառավարման մարմինների և այլոց շա՜տ լայն հասարակական պահանջ։

Եվ որպեսզի ուսապարկերն այնքան էլ չկախեն իրենց հպարտ քթերը հասարակական այդչափ մեծ պահանջից ու չներքաշեն երկիրը կոշտ առճակատմամբ ընտրությունների մեջ, ուսապարկերին առաջարկեցին հումանիտար միջանցք, որը թույլ կտար նրանց զվարթ արտահայտություն տալ դեմքին՝ բացահայտ տանուլ տված խաղի պարագայում։ Նրանց առաջարկեցին սուսուփուս հեռանալ նույն այն սցենարով, որով ժամանակին իշխանությունը իրենց հանձնեցին հանրապետականները։ Նրանց առաջարկեցին «չաո» ասել Փաշինյանին, վարչապետ ընտրել Վազգեն Մանուկյանին, կայունացնել իրավիճակն ու ընտրություններ անցկացնել արդեն մեկ տարի անց։ Համեմատաբար ավելի հանգիստ մթնոլորտում, որպեսզի ուսապարկերն այնքան էլ ցավ ու վհատություն չապրեն խորհրդարանում անցկացրած ձախորդ տարիների համար, որոնք հանգեցրին հազարավոր զոհերի, տարածքների կորստի և պետականությունը կորցնելու վտանգի։

Բայց ուսապարկերը հանրապետականներ չեն, և երկրի գլխավոր ուսապարկն էլ Սերժ Սարգսյան չէ, որ պատկերացում ունենա այնպիսի հասկացությունների մասին, ինչպիսիք են պետական շահն ու արժանապատվության զգացումը։ Սրանց մեջ չարչիների ու հափռիչների հոգեբանությունն է, այն էլ՝ հայտնի երկրների գործակալությությունների կողմից շռայլորեն ֆինանսավորվող։ Բացի այդ, երկրի գլխավոր ուսապարկը շատ լավ գիտի, թե որտեղ ու ինչ է արել և ինչ է սպասում իրեն մոտ ապագայում, երբ այդ ամենը մակերես ելնի: Դրա համար էլ առաջարկեց ամենամոտ ժամանակներս արտահերթ ընտրություններ անցկացնելու օրակարգը, ընդ որում՝ որ լինի վարչապետի կարգավիճակում։ Հաշվարկ էր կառուցել վարչական ռեսուրսի վրա և այն հանգամանքի, որ ուսապարկերը, վախենալով սեփական մաշկի համար, կաշվից դուրս կգան, որպեսզի կրկին խցկվեն խորհրդարան։

Այդ սցենարն այնքան էլ ընդունելի չէր միասնական ընդդիմության համար, բայց դրա իրականացումը մեծապես կախված էր ուսապարկերի կուսակցությունից։ Եվ այդժամ ասպարեզ մտավ Ռոբերտ Քոչարյանն ու ասաց. «Չե՞ք ուզում հետաձգել։ Ուզում եք ինքնե՞րդ հնարավորինս շուտ ընտրություններ անցկացնել։ Մենք պատրաստ ենք նման սցենարի։ Մենք պատրաստ ենք, և մենք հաղթելու ենք այդ ընտրություններում»։ Դրանից ուսապարկերն իրենց կորցրեցին, շտապ հավաքվեցին ու երկրի գլխավոր ուսապարկի հետ որոշեցին, որ հասարակական լայն պահանջ չկա…

Կա միայն երկու սցենար. կա՛մ իրենք են նախաձեռնում արտահերթ ընտրություններ, կա՛մ ընդունում են միավորված ընդդիմության առաջարկը։ Քանզի, այո՛, դա է հասարակության գլխավոր պահանջը. հնարավորինս շուտ ազատվել ապիկար ու ծախված թիմից։

Основная тема:
Теги: