ԴԱՏԱՎՈՐ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻ ԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈ՞ՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ

Բարձրագույն դատական խորհրդի առջև առաջին անգամ կանգնել է դատավոր, որն արդյունավետ արդարադատություն է իրականացնում, ինչը պետք է ընդօրինակելի լինի։ Այսպես նոյեմբերի 15-ին Բարձրագույն դատական խորհրդում իր ելույթը սկսեց փաստաբան Սիրանուշ Սահակյանը, որը ներկայացնում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի շահերը։

Փաստաբանը հիշեցրեց, որ Նախշքարյանը դատավոր է արդեն 8 տարի և ոչ մի անգամ չի ենթարկվել կարգապահական պատասխանատվության, նրա նկատմամբ որևէ դիտողություն չի եղել: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ այսօր նա ստիպված է պաշտպանել իր որոշումների իրավադատությունը, ապա դա Արդարադատության նախարարության անտրամաբանական գործողությունների հետևանքն է։ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունները, փաստաբաններ Ռուբեն Մելիքյանի և Սիրանուշ Սահակյանի համոզմամբ, պետք է մերժվեն, քանի որ դրանք հարուցելիս չեն պահպանվել իրավաբանության հիմնարար սկզբունքները՝ օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը: Չենք խոսում արդեն խիստ կասկածելի իրավական հիմքերի, իսկ ավելի ճիշտ, բազմաթիվ իրավաբանների կարծիքով, դրանց իսպառ բացակայության մասին։

ԲԴԽ-ում, ինչպես բազմիցս տեղեկացրել է «ԳԱ»-ն, հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում քննվել են դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության երկու միջնորդություններ, որոնք հարուցվել են արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանի անմիջական մասնակցությամբ: Նույն գերատեսչության կողմից արդեն կա նաև երրորդը, որը ԲԴԽ-ն դեռ վարույթ չի ընդունել։

Ընդ որում Բադասյանին տվյալ դեպքում անկողմնակալ անձ չես անվանի ոչ մի կերպ։ Դատարանին ի սկզբանե սխալ ներկայացված հայցը, որն ինքն անձամբ բազմիցս ստիպված է եղել վերափոխել (ամոթ և խայտառակություն նախարարի ու նրա շահերը ներկայացնողների համար), մերժվել է դատավոր Նախշքարյանի կողմից։ Այն փաստը, որ իր անբասիր հեղինակությամբ հայտնի դատավորի դեմ երկու կարգապահական վարույթները հարուցվել են Բադասյանի պաշտոնավարման վերջին օրը, շատ բանի մասին է վկայում։ Եվ ստիպում է առաջին հերթին հենց նախկին նախարարին կասկածել կողմնակալության, վրեժխնդիր լինելու ցանկության մեջ՝ իր ունեցած ողջ վարչական ռեսուրսի գործարկումով։

Հակիրճ հիշեցնենք, որ առաջին գործով դատավորին մեղսագրում են այն, որ մեկ տարի առաջ նա քաղաքացիական գործն ուղարկել է տարածքային դատարանի քննությանը, ընդ որում լիովին պահպանելով օրենքի տառը։ Երկրորդ դրվագով Նախշքարյանը մերժել է աղմուկ հանած «սև խավիարի գործով» վարչապետի անչափահաս դստեր՝ Շուշան Փաշինյանի հայցն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի։

Սիրանուշ Սահակյանն իր խոսքում բազմիցս ընդգծեց, որ Ռ.Բադասյանը, չունենալով գործի հարուցման իրական նախադրյալներ, բացահայտ չարաշահել է իր պաշտոնեական դիրքը և վարույթ հարուցել դատավորի դեմ՝ ելնելով անձնական նկատառումներից, այլ ոչ թե հանրային շահից: Ինչ վերաբերում է իրավական ենթատեքստին, ապա, հղում անելով թե՛ միջազգային փորձին, թե՛ հայրենի նախադեպերին, փաստաբանը հիմնավորեց, որ Նախշքարյանը գործել է օրենքի շրջանակներում: Ինչի ապացույցն է նաև այն փաստը, որ դատական քաշքշուկից մեկ տարի անց տվյալ գործը Երևանի դատարանից այնուամենայնիվ փոխանցվել է Լոռու մարզի դատարան, որտեղ էլ այժմ քննվում է:

Փաստաբանն ընդգծեց դատավորների անձեռնմխելիության փաստը, ինչպես նաև այն հանգամանքը, որ դատավորի նկատմամբ օրենքով չի կարող կարգապահական տույժ կիրառվել կայացրած որոշման համար, եթե նա գիտակցաբար և պատշաճ կերպով հիմնավորել է դա՝ փաստերի ողջամիտ գնահատման և օրենքի համապատասխան մեկնաբանման հիման վրա: Գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման հնարավորությունը սպառնալիքի տակ է դնում արդար դատաքննության մարդու բուն իրավունքը, ինչը հակասում է միջազգային կոնվենցիաների հիմնարար դրույթներին և հայրենի օրենսդրությանը, ասաց նա:

Իր բավական կտրուկ ելույթում Սիրանուշ Սահակյանն ուղղակի հայտարարեց, որ քանի որ Արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության մաս է կազմում, ապա բոլոր հիմքերը կան՝ խոսելու իրավիճակի վրա քաղաքական ազդեցության ռիսկերի մասին: Պարզ ասած՝ դատավորի նկատմամբ քաղաքական հետապնդման։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր խոսքում ընդգծեց, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը լուրջ միջամտություն է անկախ դատական համակարգի գործունեությանը: Այսինքն հարվածի տակ է դրվում դատարանների անկախությունը։ Մելիքյանի խոսքերով, դատավոր Նախշքարյանը իրավադատ որոշում է կայացրել, և եթե այն չբողոքարկվեր, ապա քննությունը առանց ձգձգման կարող էր ավարտվել դեռ մեկ տարի առաջ: Դատական ակտում դատավոր Զարուհի Նախշքարյանի տված փաստերի իրավական գնահատականներն առնվազն գոյության իրավունք ունեն. Դրանք կասկածի տակ առնելն անհնար է, հայտարարեց իրավաբանը:

Մելիքյանը նաեվ նշեց, որ դատավորը թույլ չի տվել իրեն վերագրվող կարգապահական խախտումները, Արդարադատության նախարարության ներկայացրած փաստարկներն անհիմն են, և որևէ լրացուցիչ անհրաժեշտություն չկա հերքելու այն, ինչը չկա: Փաստերը, որոնք կարող էին կասկածի տակ դնել դատավորի անաչառությունը, բացակայում են, փոխարենը լիառատ են «դիտորդի անաչառությունը» (տվյալ դեպքում գործադիր իշխանության ներկայացուցիչների) կասկածի տակ դնող փաստերը։ Փաստաբանն առարկություններ ներկայացրեց միջնորդության դեմ ընդհանրապես, համարելով, որ այն ենթակա է միանշանակ մերժման, ընդ որում ԲԴԽպիտի առհասարակ դադարեցրած լիներ դրա քննությունը։

Ինքը՝ Զարուհի Նախշքարյանը եզրափակիչ խոսքում մանրամասն հիմնավորեց, թե ինչու ինքնաբացարկ չի հայտնել «խավիարի գործով»։ Նա նշեց նաև, որ մեծ արձագանք հարուցած իր հայտարարությունները, որոնք հնչել են հարցազրույցներում և Դատավորների ընդհանուր ժողովում ունեցած ելույթում, վերաբերել են գործադիր իշխանությանն ընդհանրապես և հասցեագրված են եղել ոչ միայն վարչապետին, այլև տարբեր պաշտոնատար անձանց: Խոսքը, հիշեցնենք, Փաշինյանի «վնգստացող դատավորներ» արտահայտության մասին է, որն, անշուշտ, վիրավորել է ոչ միայն Զարուհի Նախշքարյանին, այլև նրա գործընկերներին, անկախ նրանից՝ հրապարակավ արտահայտվել են նրանք այդ մասին, թե լռել։

Դատավորը հիշեցրեց նաև, որ Բարձրագույն դատական խորհուրդը դատական համակարգի ազատության և անկախության երաշխավորն է: Սակայն, ինչպեսև իր փաստաբանները, նա չթաքցրեց մտահոգությունն այն առնչությամբ, թե արդյոք այդ մարմնի բոլոր անդամները կկարողանան պահպանել անաչառությունը, հաշվի առնելով տվյալ գործի ակնհայտ քաղաքական աստառը, ինչի ապացույցն են Արդարադատության նախարարության կողմից իր դեմ հարուցված միանգամից 3 կարգապահական վարույթները։ Նշվեց նաև այն հանգամանքը, որ ԲԴԽ անդամների (գիտնականների) առնվազն կեսին ընտրում է խորհրդարանը, ինչն իր հերթին չի բացառում որոշակի քաղաքական ազդեցության վտանգը։

Ի դեպ, Ռուբեն Մելիքյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Արդարադատության նախարարության միջնորդության հիման վրա հեռացված դատավոր Ստեփան Միքայելյանի բացակայությունը վարույթներից մեկի քննմանը խաթարում է ԲԴԽ անդամների հաշվեկշիռը։ Ստացվում է, որ քվեարկությանը մասնակցելու են 5 գիտնական անդամներ և ընդամենը երեք դատավորներ։

Ներկայացնելով դատավորների շրջանում վեթինգի վերաբերյալ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի վերջին հայտարարությունը, Զ.Նախշքարյանը նշեց ԲԴԽ-ի կարևորագույն դերն այդ գործընթացում: Բայց եթե վեթինգը «գալու է այս տեսքով», ապա բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այդ ընթացակարգի քողի տակ հետապնդվում են միանգամայն այլ նպատակներ: «Դատավորներին չպետք է հետապնդի ՀՀ արդարադատության նախարարի ուրվականը»,- հայտարարեց նա:

Հավելենք, որ Արդարադատության նախարարության ներկայացուցիչները՝ փոխնախարար Երանուհի Թումանյանցի գլխավորությամբ, սաստիկ նյարդային պահվածք էին ցուցաբերում, մանավանդ երբ խոսքը վերաբերում էր Ռուստամ Բադասյանին։ Փոխարենը՝ համոզչությունը նրանց ելույթներում քիչ էր։ Իսկ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը դատալսման ընթացքում կատակների տարափ էր տեղում՝ համակ սիրալիրություն ճառագելով...

Կողմերին լսելուց հետո ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ։ Երկու գործերով վճիռները կհրապարակվեն նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:00-ին և 15:10-ին: