ԱՐՏԱՔԻՆ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՆԵՐՔԻՆՈՎ
Փաշինյանի կառավարությունը մեզ կթողնի առանց միջպետական մայրուղիների
Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խումբը, որը գլխավորում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները, ազդակ ստանալով նշյալ երկրների ղեկավարների հանդիպումից հետո, դեկտեմբերի 1-ին կրկին հավաքվել է Մոսկվայում իր հերթական նիստին:
Մինչդեռ Արցախում 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը հայտնվել է շատ ավելի խուլ շրջափակման մեջ. Ադրբեջանի և Թուրքիայի հետ արտաքին սահմանները մնում են փակ, իսկ մեր երկրի հարավը կիսակտրված է Հայաստանի մնացյալ մասից, և տրանսպորտային հաղորդակցությունն այդ ուղղությամբ իրականացվում է այլընտրանքային, շատ ավելի վատորակ ու դժվարանցանելի ճանապարհներով: Եվ դեռ հայտնի չէ, թե սահմանագծումից ու սահմանազատումից հետո ինչ վիճակում կհայտնվեն մեր կարևոր, այդ թվում՝ միջպետական մյուս ավտոմայրուղիները։
Օրացուցային ձմռան գալուստի հետ եղանակային պայմանների պատճառով կրկին փակվել է Վերին Լարսը։ Հասկանալի է, որ այդ «կյանքի ճանապարհը» այսուհետ պարբերաբար փակվելու է՝ գոյացնելով բեռնատարների հսկայական հերթեր։ Փաշինյանի կառավարությունը անցած 3,5 տարիների ընթացքում այդպես էլ ոչինչ չարեց այդ կենսական խնդրի լուծման համար։ Փուչ խոսքեր մնացին նաև Փոթի (Վրաստան) և «Կավկազ» (ՌԴ) նավահանգիստների միջև լաստանավային հաղորդակցության վերականգնման մասին հայտարարությունները:
Մի քանի օր անց Սպիտակի սարսափելի երկրաշարժի 33-րդ տարելիցն է, որից հետո Ադրբեջանն, ըստ էության, իսկական ագրեսիա սկսեց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ՝ փաստացի վերցնելով շրջափակման աքցանի մեջ։ Ավելի ուշ նրան միացավ նաև Թուրքիան։ Ընդ որում խոսքը ոչ միայն պարզապես տրանսպորտային շրջափակման մասին է. թուրք-ադրբեջանական դաշինքը Հայաստանին դուրս մղեց նաև տարածաշրջանային էներգետիկ բոլոր նախագծերից։ Իսկ այսօր իշխանությունների ապաշնորհ քաղաքականության պատճառով մեզ շրջափակում են արդեն երկրի ներսում։
Ուրեմն ի՞նչ նոր հաղորդակցությունների և բաց ճանապարհների մասին կարելի է այսօր խոսել, եթե թշնամական հարևաններն արդեն 33 տարի շարունակ շրջափակման մեջ են պահում Հայաստանը՝ անտեսելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Որևէ մեկը հավատո՞ւմ է դրան։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ Արցախը նույնպես արդեն բռնազավթված է։
Փաշինյանի կառավարությունն անկարող եղավ ավարտին հասցնել նույնիսկ նախկին իշխանություններից իր ժառանգած հեռանկարային նախագծերը։ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության վերջը չի երևում, մինչդեռ այն թույլ կտար միանալ համանուն միջազգային տրանսպորտային միջանցքին։ Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի մասնակցությամբ այս հեռանկարային նախագծով ավելի շատ շահագրգռված են Հնդկաստանն ու Իրանը, քան Հայաստանը։
Ավելին, արդեն որերորդ անգամ հետաձգվում են Մ6 միջպետական մայրուղու շահագործման ժամկետները, որը Ալավերդու միջով կմիացնի Վանաձորը Վրաստանի սահմանին՝ Բագրատաշենում: Իշխանությունների լկտիությունն ու ցինիզմը չափ ու սահման չունի. որպես այդ մայրուղու շինարարության աշխատանքների մեկնարկի ժամկետ պաշտոնական իշխանություններն ու նրանց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները նշում են... 2018 թվականը, փորձելով իրենց վերագրել նախագծի հեղինակումը, թեև ճանապարհի շինարարությունն ու վերակառուցումը սկսվել են «հեղափոխական» կառավարության իշխանության գալուց մի քանի տարի առաջ։
Այսօր իշխանավոր դատարկախոսները կերակրում են մեզ հաղորդակցական լուսավոր ապագայով, որն, իբր, ուր որ է կգա։ Եվ իշխանավորներից ոչ մեկը չի տալիս այն պարզ հարցը, թե այդ ինչո՞ւ պիտի թշնամական և հայոց պետականությունը ոչնչացնել մտադրված երկրները Հայաստանի հանդեպ 33 տարվա ագրեսիվ գործողություններից հետո «փոխեն զայրույթը ողորմածության» և բացեն մեր առջև ճանապարհները դեպի արտաքին աշխարհ։ Ինչ-որ մեկը հավատո՞ւմ է, թե նրանք շահագրգռված են Հայաստանի զարգացմամբ...