ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԵՎ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ
Խորհրդարանից ստացված երեկվա ռեպորտաժները հերթական անգամ ընդգծեցին Հայաստանին պատուհասած աղետի մասշտաբները։ Ախր Փաշինյանը հազարապատիկ իրավացի է, երբ ասում է, որ ինքը գլխավոր պատասխանատուն է, բայց բնավ ոչ միակ մեղավորը։ Իսկ այ ինչպե՞ս անտեսել նրանց մեղքը, ովքեր իշխանության բերեցին այս անհասկանալի թիմին։
Կենսագրությունից զուրկ թիմին։ Այն մարդկանց թիմին, որոնց գոյության մասին ընդհանրապես ոչինչ հայտնի չէր, քանի դեռ Փաշինյանը չէր ընդգրկել նրանց իր ցուցակում։ Ըստ երևույթին՝ առաջնորդվելով հենց այն տրամաբանությամբ, որ լինելով մարդ-ոչնչություններ և իր շնորհիվ հայտնվելով օրենսդիր ու գործադիր իշխանության բարձրագույն կառույցներում, կծառայեն իրեն հավատարմորեն։
ԱԺ-ում ձանձրալի օրինագիծ ներկայացնող նախարար, որն ընդ որում անդադար կիսաժպտում, կիսածիծաղում է, հիմնավոր կասկածներ հարուցելով ելույթից առաջ հայտնի սպիտակ փոշու հետ ունեցած սերտ շփման վերաբերյալ: Պատգամավորուհի, որը ծաղրում է ընդդիմադիր գործընկերոջ ազգանունը։ Եվս մեկ զավեշտալի կերպար, որը զարմանքով հայտնաբերել է, որ Ռոբերտ Քոչարյանի «գաղտնի» նամակն Էրդողանին, որն իրականում վաղուց հայտնի է, պատասխանն էր պատմաբանների երկկողմ հանձնաժողով ստեղծելու Էրդողանի առաջարկին և հրապարակվել է մամուլում։
Գլխավոր բանակցող, որը «հետազոտական գործունեությամբ» է զբաղվել Ստամբուլի Սաբանջի համալսարանում, որի հիմնադրի ընտանիքն իր առաջին միլիոնը դիզել է հայտնի կոտորածից հետո Ադանայի հայերի ունեցվածքը յուրացնելով։ Եվ բանակցողը դեռ սաստիկ նեղանում է, երբ իրեն անվանում են ազդեցության գործակալ։
Ինչպիսին որ իշխող թիմն է, այնպիսին էլ նրա քարոզիչներն են։ Դրանցից մեկը, խոսնակի անվան հետ սերտորեն կապակցվող հեռուստաալիքի եթերում, հայտարարում է, թե ԱԱԾ աշխատակիցների 70%-ը «կագեբեշնիկներ» են, որոնց համար հայրենիք բառը դատարկ հնչյուն է։ Երևի ԱԱԾ-ն արժանի է նման գնահատականի, այլապես ինքնագոհ ոչնչությունները չէին հայտնվի իշխանության ղեկին։
Հյուրընկալվելով նույն քարոզչին՝ մեկ այլ զավեշտալի կերպար, Հանրային խորհրդի ղեկավարի պաշտոնում Վազգեն Մանուկյանին փոխարինած անձը (ինչպիսի ծաղր. իրար կողքի դնել Վազգեն Մանուկյանի և Ստյոպա Սաֆարյանի անունները) հայտարարում է, որ պետք է զբաղվել այն 139 դատավորներով, որոնք լկտիություն են ունեցել քվեարկելու Ալեքսանդր Ազարյանին Դատավորների միության նախագահ ընտրելու օգտին։ Դա ասում է այն անձնավորությունը, որը հայտնի է նրանով, որ 2008-ի մարտի 1-ին ամերիկյան դեսպանատանը ստեր էր բարբաջում «երեխայի դաժան սպանության» մասին։ Այսօր նա սպառնում է դատավորներին «սխալ ընտրության» համար և խոստանում լրջորեն զբաղվել նրանցով...
Եվ ինչ, ողջ այս խաժամուժին իշխանության բերած մարդիկ մեղավոր չե՞ն Եռաբլուրի առջև։ Նիկոլն իրավացի է։
Ժամանակին, կարծես թե անցած-գնացած, արդեն երևակայության արգասիք թվացող կյանքում, մենք հպարտանում էինք, որ նախկին ԽՍՀՄ-ի միակ հանրապետությունն էինք, որը Միության փլուզումից հետո, չնայած առաջին տարիների անասելի դժվարություններին, կարողացավ ոչ միայն պաշտպանել իր ազգային շահերը, այլև նոր դիրքեր նվաճել։ Հպարտանում էինք, որ չնայած անկախության առաջին տարիների ծանրագույն զրկանքներին՝ կարողացանք դառնալ ամենակայացած պետությունը 15 նախկին հանրապետություններից։ Պետություն, որին հարգում էին, որի հետ հաշվի էին նստում, որի շահերը հաշվի էին առնում Պեկինում ու Մոսկվայում, Վաշինգտոնում և Թեհրանում, Փարիզում ու Բրյուսելում: Նույնիսկ Բաքվում և Անկարայում Երևանի մոտեցումներին վերաբերվում էին ակնածանքով։
Բայց... Այդ ամենը, իրոք, եղել է նախորդ կյանքում. եղել է վաղուց և մնացել անցյալի գրկում։ Այսօր, շնորհիվ այս թիմի, որը ոչ միայն շարունակում է փլուզել երկիրը, այլև բացարձակապես մեղավոր չի զգում իրեն մեզ պատուհասած աղետի համար, մենք ամենաթերի, ամենաչկայացած պետությունն ենք նախկին Միության բոլոր 15 հանրապետություններից։ Եվ Հայաստանին իրենց հասցրած հարվածի աղետալիության գիտակցման նույնիսկ նշույլի բացակայությունը ստիպում է հանգել այն եզրակացության, որ դրա հետևանքներն անշրջելի են. եկեք չզբաղվենք ինքնախաբեությամբ։
Եվ ինչ, նրանք, ովքեր նպաստել են սրանց իշխանության գալուն, անմե՞ղ են։