VISA, MCKINSEY, FORBES, ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՍԳ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ` DOING DIGITAL FORUM-ԻՆ
Թվային փոխակերպման միջազգային և հայաստանյան ավելի քան 20 առաջատար խոսնակ հանդես կգան ապրիլի 5-ին Երևանում կայանալիք The Doing Digital Forum (DDF)-ին, որի հիմնադիրն ու կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Ամերիաբանկը։ Ֆորումի գլխավոր խոսնակը թվային փոխակերպման և ֆինթեքի հանրահայտ միջազգային փորձագետ Քրիս Սքիներն է։
Ելույթների ֆորմատով բիզնեսի ու թվային տեխնոլոգիաների ոլորտում լավագույն փորձով, գիտելիքով և տեսլականով կկիսվեն նաև Արմեն Հարությունյանը (Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարան), Դեյվիդ Կինչեմը (McKinsey), Ելենա Տոֆանյուկը (Forbes Russia), Դիլան Քալուն (Visa), Ներսես Երիցյան, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամ:
Doing Digital պլատֆորմի հիմնադիր, SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը` ընդգծելով էկոհամակարգում ընդգրկված բոլոր խաղացողների միջև անընդհատ հաղորդակցության անհրաժեշտությունը թվային փոխակերպման գործընթացի սահուն և անխափան իրականացման գործում, նշում է.
«Մենք մշտապես հետևում ենք համաշխարհային միտումներներին և ստեղծել ենք Doing Digital հարթակը, որպեսզի նպաստենք ակտիվ քննարկումների ծավալմանը թվային փոխակերպման տիրույթում առկա միտումների, բիզնես զարգացումների, հնարավորությունների և մարտահրավերների վերաբերյալ, որոնց այսօր առերեսվում են թվային փոխակերպման գործընթացի բոլոր դերակատարները»:
Թվային փոխակերպման ոլորտում իրենց փորձով կկիսվեն նաև Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը, Ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը:
«Որպես հայաստանյան ֆինանսական ոլորտում թվային փոխակերպման առաջամարտիկ՝ մենք նախաձեռնել ենք ինքներս մեզ նորովի բացահայտելու, ապահով ֆինանսական և տեխնոլոգիական միջավայր ստեղծելու հետաքրքիր ճամփորդություն` բարելավելով կյանքի որակը։ Մասնավորապես, այս միջոցառման ակունքներում լինելը և համատեղ ջանքերով Քրիս Սքիներին Հայաստան հրավիրելը ևս մեկ անգամ վկայում է, որ Ամերիան հանձն է առել խթանել Հայաստանում մտածելակերպի փոփոխությունն ու ընդլայնել թվային փոխակերպման գործընթացը», - նշել է Արմինե Ղազարյանը։
Միջոցառման նպատակն է համախմբել ոլորտի առաջատարներին՝ բացահայտելու թվային փոխակերպման նորագույն միտումներն ու հաղորդակցվելու լավագույն փորձառությանը։ DDF-ի խոսնակների շարքում են նաև Ռուբեն Մուրադյանը (Hexens), Վախթանգ Աբրահամյանը (Fastex), Վաչիկ Գևորգյանը (Apricot Capital), Տիգրան Սիմոնյանը (Revytech), Արարատ Մկրտչյանը (Beta Financial Technologies), Մաքսիմ Միխալյովը (ICDT Global), Սյուզաննա Շամախյանը (FAST):
«Մենք հպարտ ենք, որ DDF-ի նորարարական գործընկերն ենք Հայաստանում։ Քանի որ Visa-ն շարունակաբար աջակցում է երկրում թվային փոխակերպման առաջընթացին, մենք ուրախ ենք փոխանցել մեր ունեցած միջազգային փորձն ավելի մեծ լսարանի։ Ուզում ենք շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին՝ քննարկումների հարթակ ստեղծելու համար, և բոլոր մասնակիցներին մաղթել արդյունավետ հանդիպումներ»,- ասել է Կովկասում Visa-ի տարածաշրջանային ղեկավար Դիանա Կիգուրաձեն:
DDF-ը հավակնում է դառնալ լավագույն հարթակը նոր գաղափարների ու տեխնոլոգիաների բացահայտման, մասնագիտական կապերի ձևավորման համար։
«Թվային տեխնոլոգիաները փոխակերպում են ներդրումային ոլորտն ու նոր հնարավորություններ ստեղծում նորարարական գաղափարների մեջ ներդրումներ կատարելու համար։ Հուսով եմ՝ Doing Digital Forum-ը տեղացի և օտարերկյա մասնագետներին կտրամադրի հատուկ հարթակ՝ մտքեր փոխանակելու ու ներդրումային մշակույթը խթանելու»,- նշել է ֆորումի ներդրումային գործընկեր Apricot Capital-ի համահիմնադիր Վարդան Ամարյանը։
Doing Digital Forum-ին խոսնակներ կլինեն նաև ՀՀ կառավարությունից, Կենտրոնական բանկից:
Նշենք, որ ֆորումի հանդեպ մեծ հետաքրքրություն կա միջազգային ընկերությունների ու պրոֆեսիոնալների, ինչպես նաև միջազգային առաջատար լրատվամիջոցների շրջանակում, մասնավորապես Doing Digital Forum-ին անդրադարձել են Yahoo! Finance, The Associated Press, MarketWatch, Seeking Alpha, Markets Insider, Finanzen, FOX-8 և մի շարք այլ թոփ-լրատվամիջոցներ: