ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏԸ
2019թ.–ի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի բանկային ոլորտը պետք է ֆինանսավորի տնտեսական հեղափոխությունը հանրապետությունում։
Հանուն արդարության պետք է նշել, որ Հայաստանի բանկային համակարգն արդեն վաղուց կարևոր դերակատարություն ունի երկրի տնտեսության զարգացման գործում, իսկ վերջին տարիներին դրա նշանակությունը սկսեց էապես աճել։
Վերջին 10 տարում տնտեսության մեջ ֆինանսական միջնորդության ցուցանիշներից մեկը` ՀՆԱ–ի նկատմամբ վարկերի հարաբերակցությունը, գրեթե եռապատկվել է։ 2018թ.–ի արդյունքում վարկերի մասնաբաժինը ՀՆԱ–ում կազմել է 51,6%, այն դեպքում, երբ 2008թ.–ին այն կազմում էր 17,8%։ Այս ցուցանիշը հիմա գտնվում է պատմական բարձր մակարդակի վրա և ամենաբարձրներից մեկն է ԱՊՀ երկրների շրջանում։
Խոշոր արտադրությունները, ենթակառուցվածքային և այլ նախագծերը, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի ոլորտն այսօր հազվադեպ են գործում առանց բանկերի ֆինանսավորման։ Հայաստանի բանկային համակարգը երկրի տնտեսության ամենախոշոր և գրեթե այլընտրանք չունեցող ներդրողն է, և դա ունի մի շարք կարևոր պատճառներ։
Այս հանգամանքն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ ֆինանսական շուկայի մնացած դերակատարները ոչ բավարար զարգացած են կամ կայացած` բանկային համակարգի համեմատ, որն ապացուցել է իր հուսալիությունն ու կայունությունը ֆինանսական ցնցումների նկատմամբ։
Միաժամանակ օտարերկրյա ուղիղ ներդրումները, որպես բիզնեսի ֆինանսավորման աղբյուր, հատկապես վերջին շրջանում, հեռու են բավարար լինելուց. դրանց ծավալը, Համաշխարհային բանկի վերջին տվյալներով (2017թ.), կազմել է ընդամենը 249,7մլն դոլար։ Այս ցուցանիշի հետահայաց վերլուծությունը վկայում է այն մասին, որ օտարերկրյա ուղիղ ներդրումների ներհոսքի ցուցանիշի վերին շեմը գրանցվել է 10 տարի առաջ և կազմում է մոտ 1 մլրդ դոլար։
Միաժամանակ, 2018թ.–ի արդյունքներով բանկերի կողմից իրականացվող վարկավորումը գերազանցել է 3 տրիլիոն դրամը կամ մոտ 6,2 մլրդ դոլարը։
Այսպիսով, եթե բանկային համակարգն ընդհանուր առմամբ Հայաստանի տնտեսության ֆինանսավորման գլխավոր աղբյուրն է, ապա բանկերի շրջանում թիվ 1 ներդրողն Ամերիաբանկն է։ Այսպես, Ամերիաբանկն այսօր հանրապետությունում գործող 17 բանկերի շրջանում զբաղեցնում է առաջատար դիրքը ինչպես վարկավորման համախառն ծավալով, այնպես էլ մասնավոր ձեռնարկությունների վարկավորման ծավալով։
Ամերիաբանկի վարկային պորտֆելը 2018թ.–ի արդյունքում կազմել է 547,9մլրդ դրամ կամ Հայաստանի բանկային համակարգի վարկավորման ընդհանուր ծավալի 17,8%–ը։ Միաժամանակ մեկ տարում բանկն ապահովել է վարկային պորտֆելի 14,2%–անոց աճ։
Ամերիաբանկի կողմից մասնավոր ձեռնարկությունների վարկավորման ծավալը նախորդ տարվա արդյունքում կազմել է 440,2 մլրդ դրամ։ Ընդ որում, բանկը զբաղեցնում է առաջատարի դիրքը նաև խոշոր ձեռնարկությունների վարկավորման ցուցանիշով, որը կազմել է 346,6մլրդ դրամ, իսկ ՓՄՁ–ի վարկավորման պորտֆելը հասել է 93,6 մլրդ դրամի։
Ամերիաբանկի վարկային պորտֆելը դիվերսիֆիկացված է, բանկն ամբողջ ծավալով վարկավորում է տնտեսության տարբեր ոլորտները։ Մասնավորապես, բանկի կողմից արդյունաբերության վարկավորումը 2018թ.–ի վերջին կազմել է 87,2 մլրդ դրամ, գյուղատնտեսության վարկավորումը` 13,1 մլրդ դրամ, շինարարության վարկավորումը` 22,5 մլրդ դրամ, տրանսպորտի և կապի վարկավորումը` 48,2 մլրդ դրամ, առևտրի վարկավորումը` 81,7 մլրդ դրամ, սպասարկման ոլորտի վարկավորումը` 20,7 մլրդ դրամ։
Հարկ է նշել, որ ԿԲ–ի կողմից կապիտալի նկատմամբ նվազագույն պահանջների ավելացման շնորհիվ Ամերիաբանկի համախառն կապիտալը համալրվեց` հասնելով 89,7 մլրդ դրամի կամ մոտ 184 մլն դոլարի, և այսօր այն ամենախոշորն է բանկային շուկայում։ Դա թույլ է տալիս բանկին ընդլայնել Հայաստանի տնտեսության ֆինանսավորման հնարավորություններն ու զգալի ներդրում կատարել դրա զարգացման գործում, տեղեկացնում է arka.am/am: