ՊԱՐԶԱՊԵՍ ՓՈՂ

Բանկերը գտել են մեր գրպանը մտնելու ձևը՝ մեր զավակների միջոցով։ Նստած ես քո համար տանը, ինչպես ասում են՝ ոչ մեկին նեղություն չես տալիս, և հանկարծ՝ հեռախոսազանգ. ձեր որդին այսօր պետք է վճարի վարկի տոկոսը։ Ի՞նչ տոկոս, ի՞նչ վարկ։ Անակնկալի եկած ծնողների վիճակը նկարագրելու համար, որոնք մինչ այդ պահը նստած էին իրենց համար ու ոչ մեկին նեղություն չէին տալիս, կարծում ենք, որևէ խոսքեր պետք չեն

Ինչպես պարզվում է, ոչ մի տեղ չաշխատող և պատահական վաստակով գլուխ պահող, այսինքն կայուն եկամուտ չունեցող զավակը միկրոֆինանսական տարբեր կազմակերպություններից (ՈՒՎԿ) և նույնիսկ առևտրային բանկերից բավական մեծ վարկեր է վերցրել իր, այսպես կոչված, բիզնես-ծրագիրն իրականացնելու համար։

Օրինաչափ հարց է ծագում. ինչպե՞ս է նա կարողացել ստանալ այդ վարկերը, հատկապես թվով առաջինը (մյուսները կարող էին տրվել պարզապես այն պատճառով, որ տվյալ անձին մի վարկ արդեն տրամադրվել է և առավելևս մարվել), մինչ այդ չունենալով նույնիսկ վարկային պատմություն, էլ չենք խոսում եկամուտների, երաշխավորների մասին և այլն։ Անձնագիր ու սոցքարտ. ուրիշ ոչինչ չի պահանջվում։ Խոսքը նույնիսկ բարձր տոկոսներ պլոկող Varks.am-ի կամ Goodcredit-ի կարգի վարկային կազմակերպությունների մասին չէ, որոնք 10 րոպեում քեզ կտրամադրեն 150-300 հազար դրամ, իսկ հետո կսկսեն հրեշավոր տուգանքներ կիրառել ուշացման յուրաքանչյուր օրվա համար. նրանց դա չի հետաքրքրում և մանրամասների մեջ առանձնապես չեն խորանում։ Բայց բանկերը

Ֆինանսիստներն ասում են, թե սպառողական վարկերի ոլորտը մեզանում խստիվ կանոնակարգված է, և օրենքի տեսանկյունից ամեն ինչ կարգին է։ Որոշ բանկեր (հնարավոր հեղինակազրկման նկատառումով առայժմ զերծ մնանք դրանց անվանումները նշելուց, թեև առևտրային բանկերից երկուսը մեզ մոտ արդեն սև ցուցակում են) ունեն scoring համակարգով տրվող վարկատեսակներ, այսինքն վարկառուի վճարունակությունը որոշվում է ավտոմատ կերպով։ Բանկերը, իհարկե, օգտագործում են նաև ACRA վարկային բյուրոյի տվյալները։ Բացի այդ, տարբեր բանկեր իրենց թույլ են տալիս վարկի չվերադարձման ռիսկի տարբեր աստիճաններ։

Տվյալ գործին «առնչվողներից» մեկը, մի ամբողջ առևտրային բանկ, ընդ որում՝ լավ հեղինակությամբ, օրինակ, վարկեր է տրամադրում, ինչյպես ասում են՝ աջուձախ, առանց որևէ հիմքի. միակ սահմանափակումը՝ գումարը չպետք է անցնի 400 հազար դրամից։ Այդպիսի վարկատեսակը տեղին կլինի անվանել «պարզապես փող»։ Բոլոր ծանոթ երիտասարդները՝ առանց որևէ եկամուտների և երաշխավորների, արդեն «իրենցը վերցրել են» այդ ծայրաստիճան լոյալ բանկից։ Թե ինչպես են վերադարձնելու պարտքերը, իհարկե, հետաքրքիր հարց է

Այո, վարկային տարբեր կազմակերպություններ կարող են իրենց թույլ տալ ռիսկի տարբեր աստիճան, սակայն, կրկնեմ, տվյալ դեպքում կարող եմ վստահորեն պնդել, որ վարկը վերադարձնելու չնչին իսկ նախադրյալ չի եղել, այսինքն ռիսկը 100%-անոց էր։ Ուրեմն ինչո՞ւ են տրվել ի սկզբանե անհուսալի այդ վարկերը։

Անկեղծ ասած, մի չափազանց վատ միտք է սողոսկում գլուխս. բանկերը, տվյալների համակարգչային բազայով տեսնելով, որ զավակներն ապրում են ծնողների հետ (հասցեն նույնն է), ակնկալում են, որ հայկական հոգեկերտվածքը թույլ չի տա ծնողներին փորձանքի մեջ թողնել զավակներին, և նրանք հարկ եղած դեպքում կմարեն պարտքերը (տվյալ դեպքում այդպես էլ եղավ, այսինքն բանկերի նուրբ հոգեբանական հաշվարկը ճշգրիտ գտնվեց)։

Այսինքն որոշ բանկեր լրացուցիչ շահի որոնումներով գտել են մեր գրպանը մտնելու ձևը՝ մեր զավակների միջոցով, որոնք, ինքնին հասկանալի է, չունեն բավարար ֆինանսական գրագիտություն ու փորձ և պատրաստ չեն ֆինանսական լուրջ ծրագրման, առավելևս երկարաժամկետ, ընդ որում երբ ամեն բանկից վերցնում են 400 հազարական դրամ վարկ՝ մինչև 10 տարի մարման ժամկետով։ Արդյունքում վարկային տարբեր հաստատություններում «պորտաբույծ» զավակների կուտակած միլիոնանոց պարտքերը ստիպված են լինում մարել նրանց ծնողները։

Երիտասարդության սպառողական տրամադրություններն այդ կերպ շահարկելը, մեղմ ասած, անբարո է։ Սրան համամիտ են նաև ֆինանսիստները։ Բայց օրենքի տեսանկյունից, կրկնենք, խախտումներ չկան։ Հետևաբար՝ ամեն ինչ կարգի՞ն է։ Պարզապես մի տեսակ տգեղ է ստացվում

Основная тема:
Теги: