ՀԻՄԱ ԷԼ ԲՈՒԼԴՈԶԵՐԸ ԲԱՆԿԵՐԻ՞ ԱՌՋԵՎ Է

Դատաիրավական համակարգում վիրահատական միջամտությունից հետո «նոր Հայաստանում», ըստ երևույթին, հասունանում է «բարեփոխումների վիրադանակի» օգտագործում ֆինանսական ոլորտում։ Ավելի ճիշտ՝ բանկային։ Համենայն դեպս նման եզրակացության ես հանգում ԱԺ-ում ԿԲ-ի նախորդ տարվա գործունեության մասին հաշվետվության քննարկումների շրջանակներում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ելույթից հետո։

Ասենք, եթե տվյալ պատգամավորը լիներ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ապա կարելի կլիներ ենթադրել, որ հարցն արդեն վճռված է, իշխանությունը հաստատ մտադիր է «վիրահատել» բանկային ոլորտը։ Բայց Բագրատյանը ԲՀԿ-ից է, հետևաբար՝ արտահայտում է բնավ ոչ իշխանության թիմի կարծիքը։ Նա պարզապես գաղափար է մատուցում, որը, եթե դուր գա, «իմքայլականները» միանգամայն կարող են իրականացնել սեփական նախաձեռնության տեսքով։

Ահա ուրեմն, պատգամավորը համարում է, թե հայրենի բանկային համակարգը պասիվ է ներքին ներդրողական միջավայրի սպասարկման գործում։ Իսկ դրա պատճառը, նրա կարծիքով, այն է, որ բանկային կապիտալը կազմավորվել է ժողովրդին թալանած նախկին պաշտոնյաների փողերի հաշվին։ Հետևաբար, շարժառիթ չկա ներդնել այդպիսի կապիտալը երկրի տնտեսության մեջ։ Իբր՝ «լինելով այն ռեժիմի մասնակիցներ, նրանք ցանկություն չունեն արագացնել ներդրումները»։ Նրա վարկածով, այդ քրեական կապիտալը երկրից դուրս բերելն էլ անհնար է, քանի որ օտարերկրյա բանկերը չափազանց բծախնդիր են միջոցների ծագման օրինականության հարցում։ Համապատասխանաբար, «կեղտոտ փողերը» սառեցված են բանկային համակարգում և չեն աշխատում։ Հաշվի առնելով դա, պետք էբարեփոխում անցկացնել այդ ոլորտում։

Այն մասին, թե ինչպես են «նոր Հայաստանում» անցկացվում բարեփոխումները, որոնց համար հիմնավորում են ծառայում այնպիսի բառակապակցություններ, ինչպիսիք են «նախկին ռեժիմը», «ժողովրդից թալանած փողեր» և այլն, հիշեցնելը թերևս անիմաստ է։ Բառացիորեն երկու շաբաթ առաջ մենք բոլորս, Բագրատյանն էլ այդ թվում, ականատես դարձանք դատաիրավական համակարգում «բարեփոխումների» մեկնարկին։ Մեկնարկը, ուղիղն ասենք, հակաօրինական էր, հակասահմանադրական, օտարերկրյա գործընկերների կողմից դատապարտված։ Իսկ հետմեկնարկային ժամանակահատվածը պարզապես խոր ճգնաժամի վիճակի բերեց համակարգը։ Թե ինչ կստանանք վերջնագծում՝ վեթինգի, անցումային արդարադատության, մեղավորության կանխավարկածի գաղափարի իրականացումից և իշխանության կողմից դատավորական կորպուսի ընտելացումից հետո, պատկերացնելը դժվար չէ։

Դժվար չէ պատկերացնել և այն, թե ինչ կստացվի «նախկինների դավեր», «ժողովրդի կամք» կարգախոսների ներքո ցանկացած այլ ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունքում։ Չէ՞ որ ակնհայտ է, որ գործող իշխանությունը ցանկացած վերափոխումներ անցկացնում է «ժողովրդի դժգոհության» բուլդոզերով, արդյունքում ստանալով ավերակներ։ Այլ մեթոդներ անցած տարվա ընթացքում ոչ ոք չի տեսել։ Եվ ահավասիկ այդ բուլդոզերը Բագրատյանն առաջարկում է քշել դեպի բանկային ոլորտ։ Ոլորտ, որը չափազանց զգայունորեն է արձագանքում բառացիորեն ամեն ինչին։ Ոլորտ, որը, ի տարբերություն գործնականում մնացած բոլորի, առայժմ հաջողացնում է ցուցաբերել հարաբերական կայունություն։ Նույնիսկ սարսափելի է ենթադրել, թե սոցիալ-տնտեսական ինչ աղետալի վիճակում կհայտնվի երկիրը, եթե բանկային համակարգն էլ ենթարկվի «մարմնական պատժի»։

Ինչ վերաբերում է ներդրողական միջավայրին։ Գուցե Բագրատյանը չի կռահում, սակայն բացահայտ անբարենպաստ ներդրողական միջավայրը կառավարության տնտեսական քաղաքականության, բիզնեսի վրա գործադրվող ակնհայտ ճնշման, պատերին ծեփելու և ասֆալտին փռելու արդյունքն է։ Ում՝ ում, բայց ԲՀԿ ներկայացուցչին այդ մասին պետք է հայտնի լիներ։ Եվ Բագրատյանի կողմից էլ ավելի ազնիվ կլիներ, որ նախքան երկրում ներդրումային կլիման խթանելու կոչված բանկային ոլորտի բարեփոխումներ առաջարկելը, հարցներ իր կուսակցապետին, թե կներդնե՞ր արդյոք Գագիկ Ծառուկյանը «նոր Հայաստանի» տնտեսության մեջ իր կամ բանկային փողերը։ Ընդգծում եմ, «նոր Հայաստանի» տնտեսության։ Այն տնտեսության, որը ստիպեց հենց նույն Ծառուկյանին իրենց տներն ուղարկել Հրազդանի ցեմենտի գործարանի կոլեկտիվի մի մասին։ Համաձայնեք, դժվար թե այստեղ կարող են դժգոհություններ լինել բանկային ոլորտի նկատմամբ

Այժմ՝ ինչ վերաբերում է «կեղտոտ փողերին» և նախկին պաշտոնյաների իրականացրած թալանին։ Ահա ուրեմն, Բագրատյանի հիշողության հետ, դատելով ամենից, ինչ-որ բան կարգին չէ։ Այլապես նա կմտաբերեր, որ դեռ մի քանի տարի առաջ ԲՀԿ-ն կոալիցիայում էր, որ այդ կուսակցությունը բարձր պաշտոնների էր ուղարկում իր ներկայացուցիչներին։ Ինքը՝ Բագրատյանն էլ պատասխանատու պաշտոն է զբաղեցրել։ Ինչևէ, բայց բարգավաճները «նախկին ռեժիմի» լիարժեք մասնակիցներն էին։ Նաև՝ նախկին իշխանության մասը։ Եվ եթե խոսենք թալանված ժողովրդական փողերի ներհոսքի մասին բանկային ոլորտ, ապա ո՞վ ասաց, թե ԲՀԿ ներկայացուցիչներին դա չի վերաբերելու։ Եթե կասկածներ կան, ապա դրանք տարածվում են բոլոր նախկինների վրա։ Եթե բանկային համակարգը ներծծված է նախկինների «կեղտոտ փողերով», ապա բարգավաճների փողերով՝ նույնպես։

Թե հատկապես ինչը ստիպեց Բագրատյանին այդչափ, մեղմ ասած, տարօրինակ հայտարարություններ անել, դժվար է ասել։ Սակայն ակնհայտ է, որ գործող իշխանությանը նա հրամցրեց գաղափար, որի իրականացումը կարող է չափազանց թանկ նստել ոչ միայն իր կուսակիցների, այլև ընդհանրապես երկրի վրա։ Մնում է հուսալ, որ գոնե հակադրվելու ոգով բռնված նրա ընդդիմախոսները՝ ի դեմս «իմքայլականների», ականջ չեն դնի առաջարկին, որը սպառնում է հողին հավասարեցնել պետության կյանքի հերթական ոլորտը։

Основная тема:
Теги: