ԶԱՔԻՐՆ ՈՒ «ՇՈՀՐԱՏԸ». ԻՆՉՊԵՍ ՀԱՍԱՆՈՎԸ ՊԱՏԵՐԱԶՄԵՑ ԳՅԱՆՋԱՅԻ ԴԵՄ

Այն մասին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում բացարձակ քաոս է տիրում և մոլեգնում են անդրկուլիսյան խարդավանքները, անառողջ կրքերն ու սքողվանծ պայքարը Զաքիր Հասանովի զբաղեցրած աթոռի համար, մենք գրել ենք բազմիցս։ Առիթ դարձավ համացանցում մեծ տարածում գտած «Մեր Ժամանակի հերոսները» վավերագրական ֆիլմը, որի հեղինակները նպատակադրվել էին վարկաբեկել նախարարի պանծալի մարտական կենսագրությունը, կինոդիտողի դատին ներկայացնելով նրա կյանքի նախկինում անհայտ և ծայրաստիճան խորշելի դրվագներ։

Ինչպես նշվում էր ֆիլմում, կյանքում երբևէ պատերազմական գործողությունների չմասնակցած Զաքիր Հասանովը նախարարի պաշտոնում նշանակվել է բացառապես Իլհամ Ալիևին մատուցած անձնական բնույթի ծառայությունների համար։ Ավելի կոնկրետ՝ անձնվեր արիության և նախագահի նկատմամբ անսասան հավատարմության, որ նա ցուցաբերել էր ՆԳՆ փոխնախարար եղած ժամանակ ընդդիմադիրների հետ հաշվեհարդարներում։ Այս անգամ եկավ Ալիևի հերթը՝ սատարելու իր դրածոյին. ի պատասխան ֆիլմում շարադրված խայտառակ փաստերի, նախագահը վերցրեց և, ի հեճուկս ներքին բոլոր թշնամիների ու նախանձորդների, հունիսի 5-ին պարգևատրեց իր սիրելիին «Շոհրատ» կոչվող շքանշանով, որ թարգմանաբար նշանակում է «փառք»։ Դրանով իսկ ևս մեկ անգամ հաստատելով, որ դասալիքը դասալիքի համար ոչ միայն ընկեր է, այլև նեցուկ ու ապավեն։

Ճիշտ է, համաձայն Վիկիպեդիայի, նշյալ շքանշանով պարգևատրվում են «տնտեսական, գիտատեխնիկական և սոցիալական-մշակութային զարգացման, ժողովուրդների միջև խաղաղության ու բարեկամության ամրապնդման և համագործակցության զարգացման գործում առանձնահատուկ ծառայությունների, ժողովրդական տնտեսության, ինչպես նաև գիտության, կրթության ու առողջապահության ոլորտում երևելի աշխատանքային արդյունքների համար». կարճ ասած, ցանկացած բնագավառում, բացի ռազմականից։ Իսկ այ, Զաքիրին շքանշանը շնորհվեց «Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մարտունակության բարձրացման գործում ավանդի համար»։

Եվ Հասանովը պատիվը գետնին չզարկեց։ Տասը օր էլ չէր անցել, երբ «Շոհրատ/Փառք» շքանշանի ասպետն ապացուցեց, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի մարտունակությունը բարձրացնելու գործում իր ավանդն իսկապես անգնահատելի է։ Քանզի ալիևյան ռեժիմի հալածանքներից փախած քաղաքական վտարանդի և «Ազադլիգ» պարբերականի գլխավոր խմբագիր Քանիմաթ Զահիդը Ֆեյսբուք սոցցանցում հաղորդեց սենսացիոն լուր. Հասանովի փառապանծ ռազմիկների արձակած մարտական հրթիռն ընկել է Ադրբեջանի երկրորդ քաղաքի՝ Գյանջայի (Գանձակ) բնակելի հատվածի վրա։ «Զաքիր Հասանովը հինգ օր առաջ «լուրջ» հաջողության է հասել։ Հավաստի աղբյուրները պնդում են, որ հինգ օր առաջ զորավարժությունների ժամանակ Աղստաֆայի պոլիգոնից արձակած հրթիռն ընկել է Գյանջայում նախկին Կոմսոմոլի փողոցում գտնվող շենքերից մեկի առաջ»,- գրում է ընդդիմադիրը, զետեղելով արկի լուսանկարը։ Եվ հավելում, որ հրթիռը հարվածել է տեղի ձեռնարկատիրոջ տանը, ճեղքելով տանիքն ու առաստաղը, և միայն երջանիկ պատահականությամբ չի դիպել նշանակետին ու չի պայթել։

Թե ուր էին այդքան դիպուկ նշան բռնել Զաքիրի ենթակաները, որ հրթիռահարեցին իրենց իսկ քաղաքի հենց կենտրոնը, մնում է միայն գուշակել։ Ինչպես գրում է Քանիմեդ Զահիդը, եթե հրթիռը սարքին լիներ ու պայթեր, ապա նշանակետն էլ, այսինքն բնակելի շենքը, կոչնչացվեր։ Այսպիսով, միայն պատահականությունը կանխեց ադրբեջանական բանակի և փառքով պսակված շքանշանակիր-հրամանատարի հերթական «հաղթանակը»։

Կարելի է պատկերացնել նաև, թե ինչ աղմուկ կբարձրանար, եթե հրթիռը պայթեր և ավերածություններ պատճառեր, իսկ առավելևս մարդկային զոհեր լինեին։ Բայց լավ պրծան։ Այնքան լավ, որ Բաքվի մամուլը մեռյալ լռություն է պահպանում այդ մասին, չհամարձակվելով ոտնձգություն կատարել գեներալ-գնդապետի՝ անձամբ նախագահի սիրելիի հերոսական լուսապսակի նկատմամբ։ Միայն «Թուրան» ընդդիմադիր գործակալությունը հաղորդեց միջադեպի մասին, ավելին, հունիսի 17-ի առավոտյան դիմեց Պաշտպանության նախարարություն՝ հաղորդագրությունը մեկնաբանելու խնդրանքով։ Սակայն պատասխան այդպես էլ չստացավ. պետք է ենթադրել, որ ազերքարոզչության լավագույն ուղեղները հուսահատ տքնում են՝ հնար գտնելու, թե ինչպես հնարավորինս նրբանկատորեն դուրս գան անհարմար վիճակից, քանզի տեղեկատվությունը հիրավի հաղթաքայլ շրջում է ողջ վիրտուալ տարածքում։

Դեպքը բացառիկ է նաև նրանով, որ, ինչպես գրում է ընդդիմադիրը, գործը քննող դատախազությունը փնտրում է բնավ ոչ բանակային պրակտիկայի համար այդչափ արտառոց միջադեպի մեղավորներին, այլ նրանց, ովքեր տարածել են հաղորդագրությունը և դրանով իսկ այդչափ անողորմաբար «քաշել» պաշտպանության նախարար Հասանովին։ Հարկավ. չէր հասցրել դժբախտը ինչպես հարկն է «թրջել» իր շքանշանը, երբ ստիպված եղավ գլուխ կոտրել, թե ինչպես լվանա վրայից «փառքի» հերթական չափաբաժինը, ինչը միանգամայն համապատասխանում է իր անփառունակ կենսագրության ընթացքին։