Ջուդի Չուն լրացում է ներկայացրել ի պաշտպանություն Արցախի վերաբերյալ «Ռոյս-Էնգելի» առաջարկի

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն լրացում է ներկայացրել հօգուտ Արցախի վերաբերյալ «Ռոյս-Էնգելի» առաջարկի։ Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է հօգուտ «Ռոյս-Էնգելի» առաջարկի լրացումը զորքերի շփման գծում դիպուկահարներին հեռացնելու և ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման մասին։ Նշենք, որ համաձայն նախաձեռնության՝ առաջարկվում էր նաև սահմանների երկայնքով տեղակայել հատուկ տեխնիկա՝ լոկատորներ, որոնք կհայտնաբերեն հրադադարի ռեժիմը խախտողին։

«Ռոյս-Էնգելի» առաջարկները, որոնք առաջին անգամ առաջադրվել են Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախկին նախագահ Էդ Ռոյսի և կոմիտեի ներկայիս նախագահ Էլիոթ Էնգելի կողմից 2015-ի աշնանը, ստացել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 անդամի աջակցությունը։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներքին կարգի կանոնների կոմիտեն կդիտարկի հարցն այն մասին, թե արդյոք հավանության կարժանանա Ջուդի Չուի լրացումը, տեղեկացնում է NEWS.am։

Основная тема:
Теги: