ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ամերիաբանկը շարունակում է Հայաստանում ամրապնդել առաջատարի դիրքը առևտրի ֆինանսավարման ոլորտում:
Միջազգային ասպարեզում ձեռք բերած վստահության ու բարձր վարկանիշի շնորհիվ Բանկը շարունակում է արդյունավետ համագործակցությունը միջազգային կառույցների և օտարերկրյա հեղինակավոր բանկերի հետ: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, այս անգամ Raiffeisen Bank International-ից Ամերիաբանկը ներգրավել է 9.7 մլն ԱՄՆ դոլար, իսկ Unicredit Austria բանկից` 7.0 մլն ԱՄՆ դոլար` առևտրի ֆինանսավորման նպատակով:
Ֆինանսավորման այս նոր միջոցները հնարավորություն կտան միջազգային առևտրով զբաղվող հաճախորդներին իրենց գործունեությունը կազմակերպել առավել մրցակցային և նպաստավոր պայմաններով:
«Նպատակ ունենալով նպաստել Հայաստանի առևտրի շրջանառության զարգացմանը` մենք շարունակում ենք ընդլայնել առևտրի ֆինանսավորման հնարավորությունները` ակտիվ համագործակցելով ոչ միայն միջազգային կառույցների, այլ նաև հեղինակավոր առևտրային բանկերի հետ: Միայն այս տարվա առաջին կիսամյակում Ամերիաբանկը խոշոր առևտային բանկերից ներգրավել է շուրջ 58 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական միջոցներ` ապահովելով 85% աճ նախորդ կիսամյակի համեմատությամբ: Մենք շարունակելու ենք ընդլայնել համագործակցությունը թե' ներկրողների և թե' արտահանողների հետ` առաջարկելով ֆինանսավորման առավել ճկուն պայմաններ ու ժամանակակից լուծումներ»,- նշեց Ամերիաբանկի Առևտրի ֆինանսավորման կենտրոնի ղեկավար Սուրեն Քոչարյանը:
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է այցելել www.ameriabank.am: