ԶԻՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼԻԲԵՐԱԼԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Նախնական տվյալներով,Վրաստանում ՃՏՊ-ի ենթարկված ավտոմեքենայում ուղևորների քանակը երեքով ավելին է եղել, քան թույլատրված է անվտանգության կանոններով, իսկ վարորդը քնել է ղեկին։ Այս մասին Facebook-ում գրել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հաղորդում է News.am-ը։
«Սահմռկեցուցիչ տեղեկատվություն պետք է տամ, թեկուզ նախնական։
Վրաստանում վթարված մեքենան Mercedes A Class է։ Մեքենայում եղել է 8 հոգի, այսինք 3-ով ավելի, քան թույլատրված է։ Նրանցից երկուսը նախնական տվյալներով երթևեկել են բեռնախցիկում։ Ճամփորդությունը եղել է գիշերով և վարորդը քնել է ղեկին՝ հարվածելով ճանապարհի բետոնից պատնեշներին։ Մնացածը գիտեք, հավաստի տեղեկատվության համար հետևեք պաշտոնական լրահոսին։ Չգիտեմ նույնիսկ՝ ինչ կոչ անեմ մեր վարորդներին։ Մտածում եմ, հավանաբար բոլոր վարորդական իրավունքները պետք է չեղարկել և բոլորից նորից շատ խիստ քննություն վերցնել»,- գրել է նա։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. իհարկե, առողջապահության նախարարի առաջարկը հուզական է և անիրատեսական։ Սակայն այն հարցում, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում անհրաժեշտ են արմատական լուծումներ, կասկած լինել չի կարող։ Վրաստանում տեղի ունեցած ողբերգական վթարը այդ ոլորտում շտապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին վկայող բազմաթիվ փաստերից մեկն է։ Դրանից մեկ օր առաջ Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարը այդպիսի ևս մեկ փաստ է… Հայաստանում ՃՏՊ-ներից ավելի շատ մարդ է զոհվում, քան միջին վիճակագրական հայկական գյուղի բնակիչների թիվն է։ Եվ այդ իրավիճակը, ավաղ, շարունակում է վատթարանալ։
Այս տարվա մայիսին Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալը ներկայացրեց առաջին եռամսյակում ՃՏՊ-ների քանակի վերաբերյալ վիճտվյալները։ Համաձայն այդ տվյալների, 2019թ. առաջին երեք ամիսներին տեղի է ունեցել 937 ՃՏՊ։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում՝ 768 ՃՏՊ։ Այսինքն արձանագրվել է վթարների քանակի աճ 169-ով։ Վթարների հետևանքով 2019 թվականի առաջին եռամսյակում զոհվել է 63 մարդ, ինչը 12-ով ավելի քիչ է, քան 2018-ի նույն ժամանակահատվածում։ Ավելացել է ՃՏՊ-ներում վնասվածքներ ստացածների թիվը։ Այս տարի վնասվածքներ է ստացել 1400 մարդ՝ 2018 թվականի առաջին եռամսյակի 1124-ի դիմաց։
Այստեղ, թերևս, արժե հիշել, որ անցած և ընթացիկ տարիների առաջին եռամսյակների արանքում տեղի ունեցավ իրադարձություն, որը, ինչպեսև կանխատեսվում էր, պարզապես չէր կարող չհանգեցնել ՃՏՊ-ների քանակի աճի։ Խոսքը խախտումների համար տուգանքների և տույժերի համաներման մասին է՝ գործող կառավարության առաջին որոշումներից մեկի։ Այո, վթարների քանակի աճը կապված է նաև այլ գործոնների հետ, օրինակ, մեր ճանապարհներին մեքենաների թվի աճի։ Բայց այն, որ տուգանքների ներման ուղղությամբ կառավարության «մարդասիրական» քայլը բացասական հետևանքների կհանգեցնի վարորդների կարգապահության առումով, ի սկզբանե կանխատեսելի էր։ Ըստ էության, այդպես էլ եղավ։ Ակնհայտ է, որ վթարային իրավիճակի վատթարացման հարցում ահռելի դեր խաղացին այդ զիջողությունները։
Թեպետ, հանուն արդարության անհրաժեշտ է նշել, որ ճանապարհներին տիրող անտերության խնդիրը սպառնալից մասշտաբներ էր ընդունել ավելի վաղ, մինչև իշխանափոխությունը։ Ոլորտի լիբերալացման գաղափարներն ի հայտ եկան և իրականացվեցին դեռևս Տիգրան Սարգսյանի կառավարության կողմից, երբ չեղարկեցին «պսիխո» տեղեկանք ներկայացնելու պարտավորությունը վարորդական իրավունք ստանալիս, երբ օրինականացրեցին ամենամյա տեխզննում անցնելու ձևականությունը։ Բոլոր այս նորարարությունները, իհարկե, թուլացնող ազդեցություն ունեցան վարորդների վրա։ Եվ եթե խոսում ենք ճանապարհներին տիրող ներկայիս խայտառակության մասին, ապա պետք է ընդունել, որ դա ձևավորվում էր տարիներ շարունակ, և բնավ բացառապես այսօրվա իշխանության պոպուլիզմի արգասիքը չէ։ Վերջինս միայն իր կողմից խորացրեց առանց այդ էլ տագնապալի իրավիճակը։ Այլ հարց է, որ ներկայիս կառավարությունը, մի կողմից, չի ընդունում կամ չի գիտակցում ստեղծված իրավիճակի ողջ վտանգավորությունը։ Մյուս կողմից, չի փորձում շտկել իր նախորդներից ժառանգություն ստացած սխալները։ Համենայն դեպս չի շտապում դա անել։ Եվ երրորդ, նախկինների սխալներին ավելացնում է իրենը…
Մոտ երկու ամիս առաջ վարչապետը, անդրադառնալով ՃՏՊ-ներին վերաբերող վիճակագրությանը, իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Ուրախ եմ տեղեկացնել, որ 2019 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհված քաղաքացիների թիվը նվազել է 17,3 տոկոսով: Սա այն դեպքում, երբ ավտոմեքենաների թիվը ավելացել է էականորեն, իսկ արագաչափերով և տեսախցիկների տուգանքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել են շուրջ 51 հազար հատով»։
Վարչապետն այն ժամանակ լռեց նույն այդ ժամանակահատվածում ՃՏՊ-ների և վթարներից տուժած անձանց քանակի աճի մասին։ Հասկանալի է, թե ինչու կառավարության ղեկավարը որոշեց ուշադրություն հրավիրել միայն դրական ցուցանիշների վրա, շրջանցելով բացասականը։ Իրական, ընդհանուր պատկերը չափազանց մռայլ է և կառավարությունից պահանջում է շտապ միջոցների ձեռնարկում, ինչին իշխանությունն ակնհայտորեն պատրաստ չէ։ Նա պատրաստ չէ ընդունել, որ գործ ունի օպերատիվ ու կոնկրետ լուծումներ պահանջող ֆորս-մաժորային իրավիճակի հետ։