ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀՅԴ կուսակցությունը համոզմունք է արտահայտում, որ ներկայացված կլինի Արցախի Հանրապետության նաև հաջորդ գումարման խորհրդարանում։ Առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին պաշտոնական որոշում առայժմ չկա, բայց կուսակցությունն ակտիվ բանակցություններ է վարում քաղաքական ուժերի հետ և հանդիպում ծրագրում Սամվել Բաբայանի հետ՝ քաղաքական իրավիճակը լիցքաթափելու և պաշտպանության նախկին նախարարի կողմնակիցների ստորագրահավաքի ընթացակարգի հարուցած հասարակական լարվածությունը համահարթելու նպատակով։

ՀՅ Դաշնակցության ղեկավար մարմնի անդամները քաղաքական հանդիպումներ են ձեռնարկել, նպատակ ունենալով իրենց համար պարզել, թե որքանով է հնարավոր նախագահի թեկնածու առաջադրելը ընդհանուր քաղաքական հարթակում։ Խոսքը ոչ թե միասնական թեկնածուի, այլ կոալիցիոն առաջադրման մասին է։ Եթե այդպիսի կոնսենսուս չձևավորվի, ապա բացառված չէ, որ ՀՅԴ-ն հանդես գա իր թեկնածուով։ Այսօր կուսակցության շարքերում նշում են 2020թ. նախագահական ընտրություններում թեկնածուի 3-4 հավակնորդների անուններ։

ՀՅԴ-ն համակարծիք չէ նախագահ Բակո Սահակյանի հրաժարականի վերաբերյալ Բաբայանի պահանջին՝ այդ պահանջը համարելով աննպատակահարմար, մանավանդ որ Սահակյանը չի առաջադրվելու նախագահի պաշտոնում։ Խմբակցությունը կներկայացնի Բաբայանի հավաքած ստորագրությունների վերաբերյալ իր դիրքորոշումը, երբ դրանք ԿԸՀ-ի ստուգումից հետո մտնեն խորհրդարան։ Իսկ ինչ վերաբերում է Բաբայանի կողմնակիցների այն սպառնալիքներին, թե կարգելափակեն միջպետական մայրուղին, ապա կուսակցությունը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի դրանք մնան լոկ խոսակցություններ, և որ Արցախի Հանրապետությունը նախընտրական փուլ մտնի հնարավորինս կայուն քաղաքական իրավիճակով։

Основная тема:
Теги: