ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ՛ ՀԱՄԱՐ

Միանման սխեմայով

Մարդու իրավունքների խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆԸ օրերս արձանագրեց, որ Հայաստանը մտել է համընդհանուր բռնաճնշումների փուլ, երբ քրեական գործերը հարուցվում են առանց պատշաճ հիմքերի և միանման սխեմայով։

Սկզբում ընտրվում է կոնկրետ անձ, գլխավորապես՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների թվից, այնուհետ հորինվում է դրվագն այդ անձի մասնակցությամբ, հաջորդ փուլում հայտնվում է Սիլվա Համբարձումյանը, կամ նրա գործառույթները կատարողները, և կանխահայտ սուտ ցուցմունքների վրա սարքվում է գործը։ Վարդանյանն ընդգծեց, որ բռնաճնշումները կրում են պատժիչ բնույթ, իսկ դրանց մասշտաբներն այնպիսին են, որ ոչ ոք չի կարող ապահովագրված լինել. ցանկացած մարդ կարող է հայտնվել քրեական գործով մեղադրյալի դերում։

Նրա խոսքերով, այդպիսի հեռանկարից ապահովագրված չեն նույնիսկ նրանք, ովքեր այսօր ծափահարում են հեղափոխությանը, որը, Վարդանյանի համոզմամբ, ընդամենը իշխանափոխություն էր։ «Թշնամանքի մթնոլորտը միայն խորանում է, ցանկացած ոք, ում կարծիքը չի համընկնում վարչապետի դիրքորոշմանը, տեղնուտեղը հայտարարվում է հեղափոխության թշնամի և նախկին իշխանության աջակից»,-արձանագրեց Վարդանյանը։

Ո՞ր շարասյունից է Սեֆիլյանը

Ասում են, որ 88 պատգամավորներից բաղկացած «Իմ քայլը» խմբակցությունը որոշակի ժամանակից ի վեր բաժանված է 90 մասի։ Այս կատակի մեջ ավելի շատ ճշմարտություն կա, քան կարող է թվալ առաջին հայացքից։

Ակնհայտ է, որ խմբակցությունը բաժանված է մի քանի մասի, և դրա ղեկավարին վաղուց արդեն չի հաջողվում մեկտեղ հավաքել բոլոր պատգամավորներին մի շարք հարցերի վերաբերյալ համատեղ որոշումներ մշակելու համար։ Այս իրավիճակում Տեր-Պետրոսյանի շրջապատն ու «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավարությունը ցուցադրում են Նիկոլին, որ իշխանության իրական նեցուկը կարող են լինել միայն իրենք, այլ ոչ թե պատգամավորներն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Այդ ուղղությամբ ամենից շատ ջանում է Ժիրայր Սեֆիլյանը։ Օրերս նա նորից կրկնեց այն թեզիսը, թե Կրեմլը ջանքեր է գործադրում, որ ազատվի Փաշինյանից։ Որպես օրինակ Սեֆիլյանը վկայակոչեց Վերին Լարսի իրավիճակը և «Կրեմլի» հինգերորդ շարասյան «ջանքերը»։ Ճիշտ ժամանակն է հարցնել. իսկ ո՞ւմ շարասյունն են ներկայացնում մեր երկրում ահաբեկիչների կուսակցության առաջնորդներն ու գաղափարախոսները։ Սեֆիլյանի ողջ ասուլիսը բացարձակ հրահրանք է և կոպիտ փորձ՝ խաղալու Փաշինյանի հույզերի վրա, նրան բացասական վերաբերմունք ներշնչելու Ռուսաստանի նկատմամբ։

Իրենց դեմ «խաղ չկա՞»

Տեր-Պետրոսյանի ժամանակների ՀՀՇ-ի փառապանծ ավանդույթների վերածնման մասին է վկայում, մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի սկանդալային հայտարարությունն այն մասին, թե «լեգիտիմ խմբակցության դեմ խաղ չկա՛, և եթե խմբակցությունը պահանջել է ինչ-որ մեկի հրաժարականը, դա պետք է անհապաղ կատարվի»։

Խոսքը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի մասին է՝ այն անհեթեթ փաստաթղթի հիման վրա, որ օրերս հորինեցին խորհրդարանում։

Ինչպես տեսնում ենք, ՀՀՇ-ի գլխավոր կարգախոսը, թե «մեր դեմ խաղ չկա՛», վերածնվում է աչքներիս առաջ, ընդ որում՝ ոչ միայն խոսքերով, այլև գործով։ Հեղափոխության թշնամիների դեմ պայքարի կարգախոսի ներքո կիրառվող բռնաճնշումներն արդեն համընդհանուր բնույթ են ստացել։ Այսօր ավելի հեշտ է նշել նրանց, ում դեմ առայժմ քրեական գործ հարուցված չէ, քան թվարկել նրանց, ում ներկայացված են մեղադրանքներ, քանզի լեգեոն է նրանց անունը։ Ամենից շատ մեղադրանքներ ներկայացվել են «Մարտի 1»-ի գործով։

Փաշինյանն արդեն այդ գործը լիովին բացահայտված է հայտարարել այն պատճառով, որ «զինվորներին բերել են ու ստիպել կրակել պատուհանների տակ վարձկանների պես»։ Երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանն այդ առնչությամբ հիշեցրեց, որ Սահմանադրությունը թույլ է տալիս օգտագործել զինված ուժերը անվտանգության նպատակով։ «2008թ. մարտի 1-ին փողոցներում տանկեր չկային, փոխարենը դրանք կային 1996 թվականի նախագահական ընտրություններից հետո, այսինքն 23 տարի առաջ։ Եթե իշխանությունը դա համարում է հանցագործություն, ապա ինչո՞ւ այդ կարծիքը չի տարածվում 23-ամյա վաղեմության իրադարձությունների վրա»,- հարց տվեց փաստաբանը։ Նրա խոսքերով, «Մարտի 1»-ի գործը չի կարող համարվել բացահայտված, քանի դեռ չկա գլխավոր հարցի պատասխանը. ո՞վ, ի՞նչ հանգամանքներում և ո՞ւմ հրամանով է սպանել 10 մարդուց յուրաքանչյուրին։

Ոչ մեկին չի հավատում, բոլորին կասկածո՛ւմ է

Նիկոլը ոչ մեկին չի հավատում ու բոլորին կասկածում է այն բանում, թե իր ոտքի տակը քանդում են և փորձում «ջարդել իր ողնաշարը»։ «Մարտի 1»-ի գործով ներկայացված մեղադրանքների մեծամասնությունը դե-յուրե զուրկ է դատական հեռանկարից, իսկ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես ընդունում են բոլորը, կալանքի տակ է պահվում առանց իրավական հիմքերի։

Տվյալ փուլում իրեղեն ապացույցների կեղծման մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց, ներառյալ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին։ Համանման մեղադրանք է ներկայացվել նաև հանգուցյալ Գևորգ Մհերյանին՝ ոստիկանապետի նախկին տեղակալին։ Քննությունը 11 տարի անց մտադիր է ապացուցել իրեղեն ապացույցների ոչնչացման և կեղծման փաստը։ Ինչպես տեսնում ենք, իրավական անօրինության ծայրը չի երևում, իրավիճակը հիշողության մեջ վերակենդանացնում է Տեր-Պետրոսյանի կառավարման տարիները

Փաշինյանին թվում է, որ եթե ինքը մրոտի բոլորին, ովքեր չեն ցանկանում վնգստալ իր դռան տակ, ապա այդպիսով նվազագույնի կհասցնի իր պաշտոնազրկման հավանականությունը։ Իրականում ինչքան ավելի ծավալուն են բռնաճնշումները, այնքան կատաղի կլինի դիմադրությունը։ Իշխանությունը չի կարող երկար շարունակել նույն ոգով. չէ՞ որ ոչ մի բռնաճնշում չի խանգարի մարդկանց հարց տալ Նիկոլին. որտե՞ղ են ժողովրդին խոստացած 50 հազար նոր աշխատատեղերը։

Ոչ մի իրական շարժ չկա, կյանքը թանկանում է օրըստօրե, աշխատատեղերը կրճատվում են, գործազուրկների բանակն աճում է։ Այս խորապատկերին բռնաճնշումները նպատակ են հետապնդում վախեցնել ժողովրդին, ստիպել նրան լռել։ Այդպես էր էներգոտեռորի տարիներին, որը Տեր-Պետրոսյանի իշխանությունն օգտագործում էր սեփական ժողովրդի դեմ՝ որպես հնազանդեցման գործիք։ Ինչպես հայտարարեց հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանը, մի քանի ամիս անց երկրի բոլոր քաղաքացիները պիտի պատրաստ լինեն անցնել քրեական գործերով՝ «արդարության նիկոլավարի վերականգնման» համատեքստում։

Սամսոյանը հիշեցրեց Լոս Անջելեսում Փաշինյանի արած արտահայտության մասին, թե իբր՝ Սերժ Սարգսյանն ու Միքայել Մինասյանը անցնում են քրեական գործերով և նրանց մեղադրանքներ են ներկայացված։ Ստուգմամբ պարզվեց, որ վարչապետի խոսքերը սուտ են, բայց Սամսոյանը համարում է, որ այդ անձանց վերաբերյալ համապատասխան հրահանգներն արդեն տրված են։ Նրա խոսքերով, այսօր պետկառավարման ողջ համակարգը սպասարկում է վարչապետի ընտանիքի շահերը

Բռնաճնշումներ նախատեսված են յուրաքանչյուրի՛ համար։

Основная тема:
Теги: