ՅՈՒՆԻՍԵՖ-Ը ԵՎ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ամերիաբանկը միավորել են իրենց ջանքերը, որպեսզի կորոնավիրուսի համաճարակի ընթացքում Հայաստանի խոցելի երեխաները շարունակեն կրթություն ստանալ։ Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Ամերիաբանկ ՓԲԸ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ին նվիրաբերել է 10 մլն ՀՀ դրամ, ինչը հնարավորություն է տվել ՅՈՒՆԻՍԵՖ-ին երեխաների համար գնել 112 պլանշետ՝ ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության տեխնիկական չափորոշիչներին համապատասխան»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

«Ուրախ ենք, որ կարողացել ենք նախարարությանը տրամադրել հեռավար դասընթացներին մասնակցելու հնարավորություն չունեցող խոցելի խմբի երեխաների համար նախատեսված 112 պլանշետ։ Գիտենք, որ կարիքը դեռ շատ ավելի մեծ է, և մենք շարունակում ենք ու շարունակելու ենք աշխատել, որպեսզի պաշտպանենք, աջակցենք ու վստահելի տեղեկատվությամբ զինենք երեխաներին»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը։

«Մենք շնորհակալ ենք Ամերիաբանկին՝ մասնավոր հատվածին ուղղված դրամահավաքի մեր կոչին անմիջապես արձագանքելու համար»,- նշել է նա:

«Կրթությունը տնտեսության գլխավոր ճյուղերից մեկն է ու նրա շարժիչ ուժը։ Ամերիաբանկը, կարևորելով կրթության դերը հասարակության և երկրի տնտեսության զարգացման գործում, սիրով միացել է ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի նախաձեռնությանը: Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երեխայի գիտելիքը մեր ապագան է,-նշել է Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված, ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ ամբողջ աշխարհում ժամանակավորապես փակվել են դպրոցները. երեխաները շարունակում են կրթություն ստանալ այլ միջոցներով, ինչպիսիք են՝ հեռուստատեսությամբ դասերի հեռարձակումը, YouTube-ում դասերի տեղադրումը և/կամ առցանց հեռավար կրթությունը։ Այս օրերին ուսումը հեռավար կազմակերպելը շատ երեխաների և նրանց ընտանիքների համար իսկապես մարտահրավեր է դարձել, քանի որ նրանք ունեն հեռահաղորդակցության միջոցների և/կամ ինտերնետային հասանելիության անհրաժեշտություն։

««Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և «ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը» միավորվել են հանուն մեկ նպատակի ապահովելու համար երեխաների կրթության անընդհատությունը»,- նշվում է բանկի հաղորդագրության մեջ։

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջաան փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Основная тема:
Теги: