News.am-ն սկսում է հարցազրույցների շարք՝ միջազգային իրավունքի մասնագետների, իրավապաշտպանների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող փորձագետների հետ, հասկանալու համար՝ ի՞նչ պետք է անել և ի՞նչ մեխանիզմներ են առկա Բաքվում ապօրինի պահվող 23 հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության իրավունքների պաշտպանության և նրանց վերադարձն ապահովելու համար:
Որպես պետություն` Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ապահովել իր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, որոնք ապօրինի գերված կամ պատանդառված են մեկ այլ պետության կողմից: Մենք տեսանք, թե ինչպես ամիսներ առաջ ժամերի ընթացքում ազատ արձակվեց և Բաքու տեղափոխվեց Մոսկվայի օդանավակայանում ձերբակալված ադրբեջանցի “Ֆիթնես բլոգերը”, որը Հադրութում տարեց ու անզեն հայ էր գլխատել ու տեսանյութը տեղադրել իր բլոգում: Մինչդեռ շինծու մեղադրանքներով Բաքվի բանտում պահվող հայ բանտարկյալներն արդեն տարիներ են գտնվում այնտեղ, և Ադրբեջանը կարծես նրանց վերադարձի որևէ մտադրություն չի ցուցաբերում, ավելին, շարունակում է արհամարհել նրանց անհապաղ ազատ արձակելու միջազգային կառույցների կոչերն ու հորդորները:
Այս շարքի մեր առաջին զրուցակիցը միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանն է: