ՊԵՏՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԵՐԺՅԱԼՆԵՐԸ
Հայաստանը օտարերկրյա դրամաշնորհներից ավելի քիչ է կախված, քան նախորդ տարիներին, սակայն ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այնքան էլ գոհ չէ, հաղորդում Է Sputnik Արմենիան: Եթե 2020 թվականին բյուջեի ընդհանուր եկամուտներում օտարերկրյա դրամաշնորհները կազմել են 3,41% (մոտավորապես նախորդ տարիների մակարդակով), ապա 2021-ին՝ արդեն 0,74% կամ 12,4 մլրդ դրամ։ «Մի կողմից մենք ավելի շատ կախված ենք մեր սեփական եկամուտներից, մյուս կողմից՝ բաց ենք թողնում լրացուցիչ միջոցներ ներգրավելու հնարավորությունը, երբ նման հնարավորություն կա»,- հայտարարել Է նախարարը 2021 թվականի բյուջեի կատարողականի նախագծի նախնական քննարկման ժամանակ: 2021 թվականին կառավարությունն ավելացրել է ընթացիկ ծախսերի ծավալը տնտեսության հետճգնաժամային վերականգնման համար։ Մասնավորապես, ծախսերը փաստացի գերազանցել են ծրագիրը շուրջ 153 մլրդ դրամով (մոտավորապես 325 մլն դոլար), որից 42,7 մլրդ դրամը հատկացվել է նպաստներին ու կենսաթոշակներին, 19,4 մլրդ՝ վարկային սուբսիդիաներին, 54,6 մլրդ՝ կորոնավիրուսային համավարակի հետևանքների մեղմացմանը: Ընդհանուր առմամբ, բյուջեի ծախսերը կազմել են 2 տրլն 4 մլրդ դրամ կամ մոտ 4,26 մլրդ դոլար (պլանով նախատեսված 1 տրլն 851 մլրդ դրամի կամ 3,94 մլրդ դոլարի համեմատ)։ Դրա հետ մեկտեղ, աճել են նաև եկամուտները. նախատեսվող 1 տրլն 509 մլրդ դրամի կամ 3,21 մլրդ դոլարի համեմատ՝ հավաքվել է 1 տրլն 684 մլրդ դրամ կամ 3,58 մլրդ դոլար: