ՄՇՏԱԿԱՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ
Արդեն մեկ շաբաթից ավելի ժամանակ է անցել այն օրից, երբ Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերը ենթարկվեցին բնական աղետի սարսափելի հարվածին, որը մարդկային կյանքեր խլեց և հսկայական նյութական վնաս պատճառեց այդ շրջաններին: Մինչդեռ աղետի հետևանքների վերացման հարցում կառավարության ապիկարությունն առավել քան ակնհայտ է տարերքի մոլեգնության առաջին իսկ րոպեներից։ Նշենք, որ մինչ օրս հաշվարկված չէ վնասի չափը։ Հայտնի է միայն, որ այն ահռելի է։ Ընդ որում իրավիճակն այդպես են բնութագրում հենց կառավարության ներկայացուցիչները։ Նկատենք նաև, որ առաջին իսկ օրերից, չնայած վերականգնողական աշխատանքներում հատուկ ծառայությունների, ուժային կառույցների ստորաբաժանումների գործարկման հնարավորությանը, չնայած պետական ապարատի ռեսուրսի մոբիլիզացման հնարավորությանը, կառավարությունը որոշեց աշխատանքներում ներգրավել ուսանող կամավորներին, որոնք չունեն ո՛չ համապատասխան գիտելիքներ ու փորձ, ո՛չ էլ անհրաժեշտ տեխնիկական միջոցներ: