ԱՄՆ-ը ողջունում է գործընկերների, այդ թվում Եվրոպական Միության ջանքերը՝ տարածաշրջանում (Հարավային Կովկասում) վստահության ամրապնդման ու Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկխոսության համար նպաստավոր պայմանների ստեղծման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը հինգշաբթի օրը տեղի ունեցած ճեպազրույցում, մեկնաբանելով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մասին ՌԴ ԱԳՆ հայտարարությունը։
Նախօրեին ՌԴ ԱԳՆ-ը հաղորդագրություն էր տարածել, որում մտավախություն էր հայտնել, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների ներկայությունը կարող է աշխարհաքաղաքական դիմակայություն հարուցել տարածաշրջանում և սրել առկա հակասությունները: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում ընդգծել են, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը և ռուս սահմանապահները ԵՄ դիտորդների հայտնվելուն կարձագանքեն տեղում իրավիճակի հաշվառումով: «Մասնավորապես, ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին, ապա Միացյալ Նահանգները չի մասնակցել 2020թ. նոյեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի հաստատմանը, ինչը հանգեցրել է ռուս խաղաղապահների տեղակայմանը, ուստի ես պարզապես ոչինչ չունեմ առաջարկելու այս հարցով։ Բայց, իհարկե, ինչպես գիտեք, սա շատ կարևոր հարց է պետքարտուղարի համար և այն է, ինչին նա մեծ ուշադրություն է հատկացնում»,- ասել է Պատելը՝ պատասխանելով համապատասխան հարցին։