Логотип

ԱԼԻԵՎԸ ԴԺԳՈՀ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՑ, ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԱ-ԲԱՆԿ Է ԳՆՈՒՄ. ԱՅԺՄ ԻՐ ԽՈՍՔԸ ՊԻՏԻ ԱՍԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

Եվ այսպես, հայկական ընդդիմությունը հայտարարեց, որ մտադիր է պահանջել ԿԸՀ-ից չեղարկել անցած ընտրությունների արդյունքները։ Այս մասին, մասնավորապես, հայտարարեց «Ուժեղ Հայաստանի» ցուցակի առաջատար Նարեկ Կարապետյանը՝ հավելելով, որ եթե արագ արձագանք չլինի, դաշինքը կդիմի Սահմանադրական դատարան։ Իրավական ճանապարհով գնալու գլխավոր ընդդիմադիր ուժի ձգտումն, իհարկե, գովելի է, բայց հիմնավոր հարց է առաջանում. որքանո՞վ դա արդյունավետ կլինի այն պայմաններում, երբ և՛ ԿԸՀ-ն, և՛ ՍԴ-ն Փաշինյանի կողմից ձևավորվել են հենց նման դեպքերի համար և բացառապես անձնական նվիրվածության սկզբունքով։

ՄԻՆՉԴԵՌ ՓԱՍՏԱՑԻ ՈՒԶՈՒՐՊԱՏՈՐԸ, ԱՅԼ ԿԵՐՊ ԴԺՎԱՐ Է ԱՍԵԼ ընտրությունների գիշերը բոլորին ցնցած նրա ելույթից հետո, երեկ ազդարարեց իր մոտեցումը հետագա զարգացումների նկատմամբ և ոչ մի բանի առջև կանգ չառնելու վճռականությունը, անտեսելով իրավական ու սահմանադրական բոլոր նորմերը, հակառակ բազմաթիվ ու անվիճելի փաստերի, որպեսզի ոչ մի դեպքում թույլ չտա ընտրությունների այլ արդյունք։

Ուրիշ ինչպե՞ս գնահատել բացահայտ սպառնալիքները դատավորների հասցեին, կոռումպացվածության մեղադրանքը նրանց այն ներկայացուցիչների հասցեին, որոնք կայացնում են Փաշինյանին ոչ հաճո որոշումներ, և այն հայտարարությունը, թե «ընդդիմությունը պիտի բանտում մնա մինչև հաջորդ` 2031 թվականի ընտրությունների ձայների հաշվարկի ավարտը»։ Այդ առնչությամբ հիշենք մեկ օր առաջ արդարադատության նախարար Գալյանի արած հայտարարությունն այն մասին, որ քննարկվում է ընտրություններին քաղաքական ուժերի մասնակցության արգելման գաղափարը, եթե դրանց ներկայացուցիչները թույլ տան լուրջ քրեական խախտումներ։ Նման բան, ըստ նրա, նախատեսված կլինի Սահմանադրության նոր նախագծում։

Թե ինչով է դա սպառնում Հայաստանի քաղաքական դաշտին՝ ասելն ավելորդ է. թուրքական դրածոների կուսակցությունը փորձում է ոչ միայն ամրապնդել իր երկարամյա իշխանությունը, այլև կամայական քրեական հետապնդմամբ զրկել իրեն ընդդիմացող ցանկացած ուժին և քաղաքական գործչին իրավիճակի վրա ազդելու և այն փոխելու իրավունքից։

Վերադառնանք, սակայն, Նիկոլի հերթական աննախադեպ հայտարարությանը։ Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի արդարացման դատավճռին՝ նա ասաց. «Ի՞նչ է նշանակում կալանավորել և արդարացնել Գագիկ Ծառուկյանին ընտրակաշառքի գործով։ Ինչ-որ մեկը կասի, թե նրան ձրի՞ են արդարացրել: Ես դատական համակարգին մեղադրում եմ կոռուպցիայի մեջ»։ Եվ հավելեց, որ «կաշառակեր դատավորները պատասխանատվության են ենթարկվելու», իսկ նրանց անունները «հրապարակվելու են քրեական գործերով, երբ որ դրանք լինեն»:

Ո՞վ է որոշելու՝ դատավորը վճիռ է կայացրել «կաշառքի դտմաց», թե օրենքով ու խղճով։ Բնականաբար, ինքը՝ Փաշինյանը։ Քանզի այն հարցին, թե արդյոք ասվածը ճնշում չէ՞ դատարանների վրա և անմեղության կանխավարկածի խախտում, նա հայտարարեց, թե խոսում է որպես «հանրության լեգիտիմ ներկայացուցիչ, որի համբերության բաժակը լցվում է». «Թող բոլորը հաշվետվություն ներկայացնեն, թե ինչով են զբաղված ։ Բոլոր կաշառակեր դատավորները բռնվելու ու դատապարտվելու են»։

Դժվար է նման բան մեկնաբանել. բառերը վաղուց չեն բավականացնում։ Այո, միանգամայն տեղավորվում է նույն սուբյեկտի 5 տարի առաջ ասածի մեջ. «Հայաստանում դատավոր կա՞, որ կարա վարչապետի ասածը չանի»։ Եվ ապացուցում է նաև, որ դատական համակարգում լուռ դիմադրություն կա իշխանության աղաղակող ապօրինություններին, և Փաշինյանն ակնհայտորեն մտահոգված է դրանով։ Բայց այսօր ստեղծված իրավիճակի լույսի ներքո ամեն ինչ շատ ավելի բարդ ու վտանգավոր է. խոսքը պետական հեղաշրջման իրական սպառնալիքի մասին է, որն իրականացնում է դեռևս իշխանության ղեկին գտնվող թուրքական հանցախումբը։

ՔԱՆԶԻ ԱՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ, ԵՐԲ ԱԿՆԲԱԽ ԵՆ նախընտրական և հետընտրական շրջանում կոպտագույն ընտրակեղծիքների և խախտումների բազմաթիվ վառ վկայություններ, երբ դրանք ճարահատյալ արձանագրում են նույնիսկ եվրոպացի դիտորդները, և բառացիորեն օդում թևածում է պաշտոնապես հայտարարված արդյունքները չեղարկելու անհրաժեշտությունը։ ՔՊ-ն հարցի լուծման է գնում բացահայտ ուժային ճանապարհով, անթաքույց ճնշում գործադրելով ԿԸՀ-ի և դատարանների վրա։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա որոշումը, որը զրկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը միանգամից 5 ձայնից, անվավեր ճանաչելով հենց այն 2 տեղամասերի արդյունքները, որտեղ ծառուկյանականները շատ ձայներ են հավաքել, վկայում է հետագա ընտրակեղծիքների հարցում Նիկոլի վճռականության մասին։ Ըստ էության, դա ակնհայտ էր դեռևս չորեքշաբթի օրը, երբ նրա թիմակից տիկնանցից մեկն աներկբա հայտարարեց, որ վերահաշվարկի դեպքում կարող է շահել հենց «Քաղաքացիական պայմանագիրը»։

Դատավորներին բացահայտ մեղադրելով կաշառակերության մեջ՝ առանց որևէ փաստ ներկայացնելու, միայն ընդդիմադիր գործչին արդարացնելու համար, Նիկոլը ձգտում է կանխորոշել ընտրությունների հետ կապված հետագա բոլոր դատավարությունները։ Նա հայտարարում է երկրին սպասող շատ ավելի զանգվածային բռնաճնշումների մասին՝ անխտիր բոլոր նրանց նկատմամբ, ովքեր «կհանդգնեն» գնալ իր դեմ, սպառնում է ճաղերի հետևում փակել բոլոր նրանց, ովքեր կկանգնեն իր թուրքական ծրագրերի իրականացման ճանապարհին։

Ի սկզբանե ընտրությունների հայտարարված արդյունքներին համապատասխան ՔՊ-ի սահմանադրական մեծամասնության ձախողումը, ամենայն հավանականությամբ, զայրացրել է Ալիևին, որը պահանջում է ցանկացած միջոցներով ապահովել ապագա խորհրդարանի կողմից իրեն անհրաժեշտ որոշումների անվերապահ ընդունումը։ Եվ Փաշինյանը նետվեց մարտի՝ առանց որևէ կանոնների, առանց օրենքները, իրողությունները և հայ ժողովրդի կամքը հաշվի առնելու։ Ավելին, իրեն հռչակելով նրա միակ «լեգիտիմ» ներկայացուցիչ, թեև նույնիսկ զանգվածային կեղծիքները թույլ չտվեցին նրան ստանալ ՀՀ քաղաքացիների ձայների 50 և ավելի տոկոս։

ԲՀԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԼԻՆԵԼ ԵՎ ԿՏՐՈՒԿ ՍՐԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ։ Իրավական ճանապարհով գնալու և ԿԸՀ-ից ու ՍԴ-ից ինչ-որ արդյունքի հասնելու ընդդիմության մտադրություններն այս խորապատկերին բացահայտ թույլ ու սնանկ են դիտվում, քանզի հակառակ կողմը չի պատրաստվում նույնիսկ արտաքին պարկեշտություն պահպանել՝ ցուցաբերելով ռեպրեսիվ մեթոդներով ցանկացած դիմադրություն ճնշելու և ամբողջ երկիրը մի մեծ բանտի վերածելու պատրաստակամություն, եթե դա են պահանջում Բաքվի և Անկարայի շահերը։ Գլխավոր ընդդիմադիր ուժերն արդեն բաց են թողել իրավիճակը փոխելու հնարավորությունը հունիսի 8-ի գիշերը, երբ հաղթանակի մասին Փաշինյանի հայտարարությունից և ԿԸՀ կայքի աշխատանքի դադարեցումից անմիջապես հետո չդիմեցին ժողովրդին՝ կոչ անելով դուրս գալ փողոց և ստիպել իրականացնել ձայների թափանցիկ, հրապարակային, բոլորին տեսանելի հաշվարկ։

Երկրորդ հնարավորությունը բաց թողնելն արդեն ճակատագրական սխալ կլինի։ Պարզապես պետք է միասնական ճակատով հանդես գալ թուրքական դրածոների կողմից իշխանության յուրացման դեմ։ Ունենալով հայ հասարակության այսչափ արտահայտված աջակցությունը, գիտակցելով պահի իրական բախտորոշությունն ու ապագայում նման հնարավորության առավել քան հավանական բացակայությունը, այլընտրանք չկա տարաձայնությունները մի կողմ դնելուն, անձնական հավակնություններն ու աշխարհաքաղաքական նկատառումները դեն նետելուն, անցյալի վիճաբանությունները մոռանալուն և իրական պայքարի ելնելուն. լինի դա իրավական դաշտում, թե փողոցում։

Այլ բան այսօր տրված չէ։ Այլ բանն այսօր չի ներվի երբեք։ Այլ բանը կնշանակի Հայրենիքի վերջնական կորուստ. այն, ինչը չի կարելի թույլ տալ ոչ մի պարագայում։