Логотип

ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՊԱՀԵՍՏԱՐԱՆԻ 4-ՐԴ ԲԼՈԿԻ ԿԱՌՈՒՑՈՒՄՆ ՊԵՏՔ Է ԱՎԱՐՏՎԻ ԱՅՍ ՏԱՐԻ

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ–ի` 2026 թվականի ներդրումային ծրագրի արժեքը կկազմի 4 մլրդ 183 մլն 900 հազար դրամ` առանց ավելացված արժեքի հարկի: Այսօր նման որոշում կայացրեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` համաձայնություն տալով ՀԱԷԿ–ի ներդրումային ծրագրին:

«ՀԱԷԿ–ի ներդրումային ծրագրի շրջանակում իրականացված ներդրումների արդյունքում շահագործման հանձնված հիմնական միջոցների մաշվածությունը կհաշվարկվի գծային եղանակով և կկիրառվի տարեկան 10,0 տոկոս մաշվածության նորմա»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

Որոշումն ուժի մեջ է մտնում «Հայկական ատոմային էլեկտրակայանին» օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

Նիստից հետո խոսելով այս տարվա ծրագրերի մասին` ՀԱԷԿ-ի տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ատոմակայանի հովացման աշտարակների վերանորոգման աշխատանքներն ավարտին են հասցվել, կապալառուին` հայկական «Էմ գրուպ» ընկերությանը, մնացել է մոտ 50 մլն դրամի ապրանք ներկրել (ընդհանուր աշխատանքի ծավալը շուրջ 100 մլն դրամ է)։

«Ինչ վերաբերում է պատասխանատու սպառիչների հովացման համակարգին, ապա արդեն իսկ սկսվել են վերանորոգման աշխատանքները, մրցութային գործընթացի շրջանակում դա անում է «Ռոսատոմ» պետկորպորացիայի կազմում գտնվող «Ռոսատոմ սերվիս» ընկերությունը։ Աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են ապրիլից։ Այս պահին իրականացվում են դեմոնտաժի և զուգահեռ մոնտաժի աշխատանքներ»,– մանրամասնեց Մարտիրոսյանը։

Նա անդրադարձավ նաև մետաղի այն նմուշներին, որոնք պետք է ուղարկվեին Ռուսաստան։ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ առաջին խմբաքանակը 2025 թվականին արդեն ուղարկվել է, իսկ 2–րդ խմբաքանակը ռեակտորի իրանից հանվել է, տեղավորել հատուկ կոնտեյների մեջ և առաջիկա օրերին կուղարկվի ՌԴ` որոշելու պաշարը և իրականացնելու ռեակտորի իրանի ամրության հաշվարկները։

«Առաջին խմբաքանակի նախնական պատասխանը դրական էր, որ թրծումն իր էֆեկտիվությունը տվել է, և, ըստ կոնկրետացված տվյալների, մինչև 2039 թվականը ռեակտորի իրանը կարող է աշխատել։ Իհարկե, 2036 թ․-ին, եթե անհրաժեշտություն լինի, հաշվարկներ կանենք ատոմակայանի լրացուցիչ տարիների աշխատանքի համար, ինչու ոչ, նաև նորից թրծում կանենք»,– վստահեցրեց ՀԱԷԿ–ի տնօրենը։

Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ատոմակայանի պահեստարանի 4–րդ բլոկի կառուցումն այս տարի պետք է ավարտվի, նախագծողը ֆրանսիական ընկերությունն է, որը նաև իրականացնելու է հսկողություն։

Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ն ապահովում է Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը: Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին:Մեծամորի ԱԷԿ–ը չի վնասվել Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ։

Ի սկզբանե որպես դրա շահագործման վերջնաժամկետ սահմանվել էր 2016 թվականը, սակայն «Ռոսատոմ» պետկորպորացիայի մասնագետների մասնակցությամբ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականը: 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն շրջանակային պայմանագիր են կնքել կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելուն ուղղված միջոցառումների համալիրի իրականացման վերաբերյալ։

Sputnik Արմենիա