Логотип

ԴԵՄՈՅԱՆ․ ՍԱ ԻՍՐԱՅԵԼ-ԹՈՒՐՔԻԱ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ Է

Իհարկե, այստեղ ոչ մի արդարության հաստատման մասին խոսք լինել չի կարող, Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։

Ըստ նրա՝ պետք է պարզ հարցադրումներ տալ բարոյականության դաշտից. «Ի վերջո, այդ բառն օգտագործեց Իսրայելի ԱԳ նախարարը և ասաց, որ իրենց բարոյական պարտքն է, որպեսզի ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։ Եթե մենք այդ հայտարարությունը հիմք վերցնենք, ապա մենք այդտեղ չտեսանք նախորդ տարիներին անզիջում ժխտողական կեցվածքի մեղայականը, դատապարտումը։ Պետք է հասկանանք, որ այսօր թվացյալ լարված են Իսրայել-Թուրքիա հարաբերությունները, բայց Իսրայելը և Թուրքիան 1996 թվականից բավականին լուրջ ռազմավարական դաշնակիցներ են և այդ համաձայնագրերը չեղարկված չեն»։

Դեմոյանը շեշտում է՝ այս ճանաչումը մեզ մեծ հաշվով ոչինչ չի տալիս. «Մենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում լրիվ ուրիշ իրավիճակ ունենք՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողությունները։ Մենք ունենք նոր ցեղասպանության դրվագ, որին մասնակցել է ՀՀ կառավարությունը և դա չի թաքցնում, կա ինքնախոստովանանք։ Պետական ապարատը զավթած ուժերը խոստովանել են , որ իրենք մասնակցել են արցախահայության դեմ իրականացված գործողություններին՝ շրջափկում, այնուհետև պարպում, որով լուրջ վտանգներ են ստեղծել բուն Հայաստանի դեմ»։

Նրա կարծիքով՝ սա Իսրայել-Թուրքիա պայմանավորվածության հետևանք է. «Ոգևորվողները կարող են ոգևորվել, դա իրենց կարծիքն է, կարող են դատապարտողներ էլ լինել։ Ես երրորդ կարծիք եմ հնչեցնում։ Իմ հիմնական առաքելությունը ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելն է, չծանակելը և աշխարհաքաղաքական առումով նրանց հիշատակը մանրադրամի չվերածելն է։ Քաղաքական փաստաթղթերը պատեհապաշտական, այսրոպեական որոշումները միմիայն վնասում են՝ լինի դա Հայոց ցեղասպանության զոհերի, Հոլոքոստի, թե մեկ այլ ցեղսպանության»։

 Նա նիշեցրեց, որ երկու տարի առաջ ՀՀ-ն ճանաչել է Պաղեստինի անկախությունը. «Տրամաբանական հարց կարող է առաջանալ, և Իսրայելը դա կարող է դիտարկել որպես իր դեմ ուղղված մարտահրավեր, ապա ինչո՞ւ պետք է ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, վախենո՞ւմ է ՀՀ-ից, ՀՀ-ն զավթած իշխանականներից, չեմ կարծում։ Այդտեղ ուրիշ շահեր կան, որն Իսրայելը շատ լավ հաշվարկել է»։

Aysor.am