«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հայտարարությունը՝ հայկական արտադրանքի ներկրման սահմանափակումների վերացմանը հասնելու նպատակով ռուսական իշխանություններին դիմելու մտադրության մասին, կարելի է, անշուշտ, կարևոր ազդանշան համարել փաշինյանական իշխանության աշխարհաքաղաքական զառանցանքների խորապատկերին, որն ազդարարում է Եվրոպայի հետ ինտեգրվելու ուղեգիծ, բայց նախընտրում լռել հայկական տնտեսության վիճակի, Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման իրական հետևանքների և այն գնի մասին, որն արդեն այսօր վճարում է հայ ժողովուրդը կառավարության արտաքին փորձարարության հետևանքով։
«Այս ամենը պետք է հնարավորինս շուտ կասեցնել»,- հայտարարեց Կարապետյանը՝ խոսելով արտադրանքի ներկրման արգելանքի և Ռուսաստանում հայկական բիզնեսի դժվարությունների մասին:
ԵԿԵՔ ԱՐՁԱՆԱԳՐԵՆՔ. ԽՆԴԻՐՆ ԻՍԿԱՊԵՍ ԼՈՒՐՋ Է։ Մայիսի վերջից ի վեր ռուսական սահմանափակումներն անդրադարձել են հայկական մրգի, բանջարեղենի, ծաղիկների, չրերի, ձկների և այլնի մատակարարման վրա, և դա այն իրավիճակում, երբ հենց ռուսական շուկան է երկար տարիներ եղել հայկական արտահանման գլխավոր ուղղությունը։
«Ռուսաստանն առաջնորդվում է բացառապես սեփական շահերով, և հետևաբար՝ Հայաստանը նույնպես պետք է հետևողականորեն պաշտպանի իր շահերը»,- ընդգծում է «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը, շեշտելով այն փաստը, որ պետությունը պարտավոր է պաշտպանել առաջին հերթին սեփական տնտեսությունը, սեփական արտադրողին և սեփական քաղաքացիներին: Հատկապես երբ խոսքը վերաբերում է այն երկրին, որի ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ կազմում է մոտ 7,5 միլիարդ դոլար, իսկ տնտեսության զգալի մասն ուղղակիորեն կախված է առևտրային հարաբերություններից, դրամական փոխանցումներից և ռուսական շուկայում գործելու հնարավորությունից։
Հասկանալի է, որ ընդդիմության նախաձեռնությունն այս իրավիճակում քաղաքականապես արդարացված է դիտվում, ավելին՝ անհրաժեշտ։ Երբ իշխանությունը անգործության է մատնված, ինչ-որ մեկը պարտավոր է փորձել կասեցնել ահագնացող տնտեսական ճգնաժամը։ Բայց կա մի մեծ «բայց». հնարավոր է, որ Կարապետյանն ինքը դա շատ լավ գիտակցում է և պատրաստ է բավական կանխատեսելի սցենարներին՝ Ռուսաստանին ուղղված վերոնշյալ հայտարարության համատեքստում։ Խոսքն այն մասին է, որ նման դիմումը, պետք է ենթադրել, հերթական քաղաքական մանիպուլյացիայի առիթ կդառնա Փաշինյանի ու իր թիմի համար։ Այ դրանում նրանք վարպետ են:
Փաշինյանն ու իր դրածոները վերջին մի քանի տարիների ողջ ընթացքում հետևողականորեն ներշնչում են հանրությանը, թե Հայաստանի բոլոր խնդիրները կապված են Մոսկվայից գործադրվող ճնշման հետ։ Ռուսաստանի հետ հարաբերությունների ցանկացած վատթարացում բացատրվում է բացառապես անկախ քաղաքականության և դեպի Եվրոպա շարժվելու համար Հայաստանի «պատժումով»։ Ռուսաստանի հետ պրագմատիկ հարաբերությունների վերականգնման օգտին հանդես եկող ցանկացած քաղաքական գործիչ ինքնաբերաբար դասվում է «Կրեմլի գործակալների» կարգին։ Այդ իսկ պատճառով Կարապետյանի նախաձեռնությունը լուրջ քաղաքական ծուղակ է պարունակում։
ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆՔ ԱՌԱՋԻՆ ՍՑԵՆԱՐԸ. ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԸՆԴԱՌԱՋՈՒՄ Է ԵՎ ՀԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ։ Հարկ չկա խելքի ծով վերլուծաբան լինել՝ պատկերացնելու համար փաշինյանական իշխանության արձագանքը հետևյալ ոգով. «Բա զգուշացնում էինք, չէ՞։ Տեսեք, բավական էր Կարապետյանը դիմեր Մոսկվային, և խնդիրը միանգամից լուծվեց։ Սա ևս մեկ ապացույց է, որ հայկական ընդդիմությունը գործում է հօգուտ Կրեմլի շահերի։ Փախեք-փրկվե՜ք, սրանք Պուտինի մարդիկ են: Ռուսական գործակալնե՛ր են»։ Այսինքն նույնիսկ դրական արդյունքը մանիպուլյացիաների մեջ հմտացած ռեժիմի կողմից կօգտագործվի ընդդիմության դեմ։
Երկրորդ սցենարը. Ռուսաստանը չի փոխում իր դիրքորոշումը, սահմանափակումները մնում են։ Ինչպե՞ս դա կօգտագործի իշխանությունը: «Բա ասում էինք, չէ՞։ Այդ մարդիկ միայն գոռգոռում են Մոսկվայի հետ իրենց կապերի մասին, բայց իրականում ոչ մի հարց չեն կարողանում լուծել։ Նրանք քաղաքական պղպջակներ են։ Նրանք շահարկում են Ռուսաստանի հետ հարաբերությունների թեման, բայց ոչ մի ազդեցություն չունեն»։
Եվ կրկին հարվածն ուղղված կլինի Կարապետյանի և առհասարակ ընդդիմության դեմ, քանզի Փաշինյանը ցանկացած ձախողումների (ռազմական, տնտեսական, սոցիալական) պատասխանատվությունն իր վրայից գցելու վարպետ է, իրավիճակն այնպես է կառուցել, որ իր ընդդիմախոսը մեղավոր է իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում՝ քաղաքական ծուղակի դասական տեխնոլոգիայի լավագույն (կամ վատթարագույն) ավանդույթներով։
Եվ այդ տեխնոլոգիայում կա հասարակական կարծիքի մանիպուլյացիայի ևս մեկ, ի դեպ՝ գերազանց մշակված տարր: Եթե տնտեսական վիճակը է՛լ ավելի վատանա, կրկին կսկսեն քաղաքացիների ուղեղը մտցնել, թե դա, իբր, Մոսկվայի վրեժն է, նրա ճնշումը Հայաստանի եվրոպական ուղեգծի համար, անկախության գինը և ընդհանրապես, ժամանակավոր դժվարություններ են եվրոպական ապագայի ճանապարհին։
Այս խորապատկերին Ուրսուլա ֆոն Դեր Լայենը կամ Կայա Կալլասը հերթական ճառը կասեն՝ գովաբանելով Հայաստանին «ժողովրդավարական ընտրության» համար, ԵՄ-ն մի քանի միլիոն եվրո կնետի՝ դրդելով Ռուսաստանի հետ խզման և համոզելով հայ հասարակությանը, թե իբր՝ եվրոպական ուղղությունը կարող է փոխարինել ՌԴ-ի հետ բազմամիլիարդանոց տնտեսական կապերին։ Թեև իրականությունը հակառակն է վկայում. Եվրոպան այսօր ի վիճակի չէ փոխհատուցել Հայաստանին ռուսական շուկայի կորուստը և չի էլ ջանա։ Եվրոպան չի ընդունի հայկական արտադրանքի արտահանումը համադրելի ծավալներով և կհրաժարվի ընդունել աշխատանքային միգրացիան։ Եվրոպան չի ֆինանսավորի հայկական տնտեսությունը, նա նույնիսկ առանց վիզայի ելումուտը չի քննարկում, հայտարարելով թերևս միայն «քննարկման քննարկում»։
Փորձելով պաշտպանել Հայաստանի և նրա քաղաքացիների տնտեսական շահերը, ընդդիմությունն այսօր որոշակի քայլ կատարեց։ Պարզ է, որ իշխանությունը չի գնահատի դա Հայաստանի համար շահավետության տեսանկյունից, նա կգնահատի միայն սեփական քաղաքական շահի տեսանկյունից։
Մենք չէ, որ պիտի խորհուրդներ տանք Կարապետյանին, բայց, կրկնենք, նա պետք է պատրաստ լինի հետագա սցենարներին։ Եթե ստացվի, կասեն՝ «Մոսկվայի գործակալ», չստացվի, կասեն՝ «քաղաքական կեղծարար»։
Ինչ վերաբերում է հանրային ընկալմանը, ապա որքան էլ փորձեն թլսորել հասարակության գլուխը մանիպուլյացիաներով, իրավիճակն իրականում պարզ է պրիմիտիվության աստիճան. քանի դեռ իշխանությունը շարունակում է կառուցել արտաքին քաղաքականությունը առճակատման վրա, իսկ տնտեսությունը՝ պատրանքների, դրա դիմաց շարունակում է վճարել ոչ թե կառավարությունը, այլ հասարակ քաղաքացիները՝ արտադրողները, արտահանողները, փոքր ու միջին բիզնեսը, ֆերմերները և այլն։ Սա է իրականությունը։
