Логотип

«Եուրոմոթորսի» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի

«Եուրոմոթորս» ընկերության աշխատակիցներն ընկերության շենքի բակում բողոքի ակցիա են իրականացնում ի աջակցություն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի։ Տնօրեն Աբրահամ Դանագոզյանը նշեց, որ իր զորակցությունն է հայտնում Ծառուկյանների ընտանիքին, ինչին միանում են նաև ընկերության Աբու Դաբիում գտնվող միջազգային մասնաճյուղերը։

«Երկուշաբթի օրն առավոտյան ժամը 8–ին մեզ համար անակնկալ լուր ստացանք, որ այստեղ քննչական գործողություններ են իրականացվում։ Մեր մոտից վերցրել են 3 սերվեր, 19 համակարգիչ, նոութբուքներ և բոլոր աշխատակիցների անձնական բջջային հեռախոսները»,– լրագրողներին ասաց Դանագոզյանը։

10 տարի «Եուրոմոթորս» ընկերության տնօրեն աշխատող Դանագոզյանը հավելեց, որ իրենք ՀՀ շուկայում ամենաթափանցիկ աշխատող ընկերություններից են։ Նա վստահեցրեց, որ «Եուրոմոթորս» ընկերության փակման համար որևէ իրավական պատճառ չկա։

«Այս ամենի միակ պատճառն այն է, որ սեփականատերը պարոն Ծառուկյանն է։ Մեր աշխատանքն ամբողջությամբ խաթարված է, քանի որ չենք կարողանում ոչ մի մեքենայի պատվեր տեղադրել, իսկ պատվիրվածներն էլ չենք կարողանում բերել։ Հիմա 20 մեքենա ունենք պատվիրած, որոնք Գերմանիայում են, բայց վճարումները չենք կարողանում անել, և դրանք մնացել են անտեր։ Հիմա մեր սերվիսում տարբեր մարդկանց 17 մեքենա կա, որոնք բերել են սպասարկման, սակայն հիմա իրենք իրենց մեքենաները չեն կարողանում վերցնել։ Չինաստանի դեսպանատան մեքենան հիմա կանգնած է սերվիսում, որը չենք կարողանում հանձնել։ Եթե վաղն առավոտյան, օրինակ, մեզ վերադարձնեն մեր սերվերները, մեր աշխատանքը վերականգնելու համար մեզ առնվազն 15 օր է հարկավոր»,– ընդգծեց նա։

Դանագոզյանը շեշտեց, որ ընկերության աշխատանքի կասեցումը ոչ միայն իրենց բրենդին, այլև ՀՀ հեղինակաությանն է հարվածում։

Նշենք, որ «Եուրոմոթորս» ՓԲԸ-ն Հայաստանում BMW, MINI և Rolls-Royce ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչն է, որի համասեփականատերը գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է։

Հիշեցնենք` հուլիսի 6-ի առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Երեկոյան Ծառուկյանին ձերբակալեցին, ապա կալանավորեցին 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:

Sputnik Արմենիա