Логотип

ԶԻՆԱՎԱՐԺԱՀԱՎԱՔՆԵՐ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԲԱՆԱԿԸ՝ ՈՐՊԵՍ ՆԻԿՈԼԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ

2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններն անցան լայնածավալ կեղծիքներով և ամենատարբեր բնույթի զանգվածային խախտումներով. դա արդեն կասկածի տակ չի առնում ոչ ոք։ Ինչպես և այն, որ ձայների հաշվարկի փուլում կոպտագույն կեղծիքները արմատապես փոխել են ընտրությունների պատկերն ու արդյունքները։ Պարզ ասած, իշխող կուսակցությունը գողացավ հաղթանակն ընդդիմությունից, առնվազն՝ միավորվածից։ Նույնքան անվիճելի փաստ է, որ «ժողովրդավարության բաստիոնում» ընտրություններն աննախադեպ էին ապօրինություններով և ամենակեղտոտը՝ անկախ Հայաստանի պատմության մեջ։

ՍԱԿԱՅՆ ՆՈՒՅՆԻՍԿ ԱՅՍ ԽՈՐԱՊԱՏԿԵՐԻՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԱԿՆԲԱԽ Է ՄԵՂՐԻՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԴԵՊԸ, որի մասին առաջինը հաղորդեց լրագրող Սյուզի Բադոյանը: Ֆեյսբուքում նրա զետեղած տեսանյութում արձանագրված է, թե ինչպես են հարյուրավոր զինծառայողներ գտնվում ընտրատեղամասում և քվեարկում արդեն ժամը 20։00-ից հետո։ Ավելին, տեսախցիկը հստակ արձանագրել է, որ զինվորներին ընտրատեղամաս են բերել 20։03-ին, իսկ քվեարկությունը ձգվել է մի քանի ժամ և շարունակվել կեսգիշերից հետո, այսինքն բառացիորեն մինչև հաջորդ օրը:

Այս, մեղմ ասած, ցնցող տեղեկատվությունն ակնթարթորեն տարածվեց սոցցանցերում՝ շոկ առաջացնելով օգտատերերի մոտ։ Ասենք, հետագա ոչ պակաս սկանդալային իրադարձությունների զարգացմանը զուգընթաց պարզ դարձավ գլխավորը. հասկանալով, որ պարտվում է, իշխանությունը որոշել է դիմել ամենածայրահեղ քայլերի՝ իր «հաղթանակն» ապահովելու համար։ Նիկոլը վա-բանկ գնաց, չնայած սեփական քայլերի անօրինականության աղաղակող ակներևությանը և դրա անվիճելի ապացույցների առկայությանը։

Շատ չանցած հայտնի դարձավ, որ համանման իրավիճակ է եղել Սոթքի տեղամասում. զինծառայողներին հարյուրներով շտապ բերել են քվեարկության՝ ընտրատեղամասերի փակվելուց րոպեներ առաջ: Բացի այդ, լրագրողները հայտնեցին քաղաքացիական հագուստով անձանց մասին, որոնք մտել և մնացել են տեղամասում չունենալով որևէ կարգավիճակ: Սոցցանցերի օգտատերերը, իրենց հաղորդագրություններն ուղեկցելով համապատասխան լուսանկարներով, հավելեցին, որ զինվորներին բացահայտ տվել են պատրաստի ծրարներ՝ թիվ 16-ի (ՔՊ) մեկ քվեաթերթիկով:

Նշենք, որ ժամը 20:00-ից հետո ընտրատեղամասերում զինծառայողների կուտակումները և քվեարկության գործընթացի շարունակումը մինչև ժամը 22:00-ն ու դրանից հետո, արձանագրել են ոչ միայն լրագրողներն ու ընդդիմությունը, այլև մի շարք դիտորդական կազմակերպություններ:

Հաջորդ երկու օրերին իշխանության միանգամից երեք ներկայացուցիչներ մեկնաբանեցին այդ սկանդալային փաստերը։ Ամենաուշագրավն այն է, որ անգամ հարկ չէին համարել համաձայնեցնել իրենց պարզաբանումները, արդյունքում ԿԸՀ ղեկավարը, ՔՊ պատգամավորը և ԶՈՒ ԳՇ պետը ներկայացրեցին տարբեր և, ամենակարևորը՝ մեկը մյուսին հակասող վարկածներ:

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, թե զինվորները քվեարկելու են եկել «դեռ կեսօրից, կամ գուցե ավելի շուտ»: Նրա խոսքերով՝ ընտրական հանձնաժողովների անդամներից շատերը պատկառելի տարիքի մարդիկ են, ուստի դանդաղ են աշխատում։ «Կեսօրից ընտրության եկած զինվորները ժամը 20–ին դեռ դռան դիմաց կանգնած էին։ Կամ մենք պետք է զինվորներին թույլ տայինք մտնել ներս ու ապահովել իրենց քվեարկելու իրավունքը, կամ պետք է մեր զինվորների վրա դուռը փակեինք և ասեինք՝ դուք չեք կարող քվեարկել, որովհետև գործընթացը դանդաղ է գնացել»,- հայտարարեց Հովակիմյանը։

ԱՅՍԻՆՔՆ ԿԸՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ԹԵ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԵԿԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՍՊԱՍԵԼ ԵՆ ԱՄԲՈՂՋ 8 (!) ԺԱՄ, որպեսզի ի վերջո քվեարկեն 20.00-ից հետո: Սա ոչ այլ ինչ է, քան ԿԸՀ-ի նախագահի բացահայտ խոստովանություն, որ առնվազն տվյալ տեղամասում կատարյալ բարդակ է տիրել, որը սկսվել է կեսօրին և շարունակվել կեսգիշերից առաջ ու հետո։

Իր անվանակցի և նախկին (?) թիմակցի հետ սկզբունքորեն համամիտ չէ իշխող կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Սա հայտարարեց, թե զինծառայողների առօրյան որոշվում է ծառայության ժամանակացույցով, և նրանց մի մասը հերթապահում է սահմանին։ «Իրավունք չունե՞ն հերթապահության ավարտից հետո գալ ու քվեարկել»,- «արդար ցասման» պոռթկումով գոչեց նիկոլական ուսապարկը։

Վերջապես, իր բացատրությունը ներկայացրեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։ Էդվարդ Ասրյանը, ինչպեսև վայել է քաջարի զինվորին, վստահորեն հայտարարեց, որ բոլոր զինծառայողները տեղամասերի տարածքում են եղել սահմանված ժամին, և նրանցից ոչ մեկը ուշացումով չի եկել: Ու նույնիսկ դժգոհեց քվեարկության գործընթացի վատ կազմակերպումից՝ արդարացիորեն նշելով, որ այդ բոլոր հարցերը «ընտրական հանձնաժողովների իրավասության տակ են»։

Թե ինչպես ստացվեց, որ տեղամասերի հենց փակվելուց առաջ այնտեղ հանկարծ հայտնվեցին հարյուրավոր զինծառայողներ, և ինչպես բացատրել լրագրողների ու դիտորդների արձանագրած ժամը (20.03), նրանցից ոչ մեկը չբարեհաճեց պարզաբանել։ Եվ ի՞նչ կարելի է ասել, երբ առանց այդ էլ պարզ է, որ զինվորներին զանգվածայնորեն տեղամասեր բերելը պարտվող իշխանության շտապ ձեռնարկած միջոցներից մեկն էր։

Բանակը միշտ, ցանկացած ընտրություններում, այդ թվում՝ Հայաստանում, իշխանությունների կողմից իր օգտին օգտագործվող ռեսուրս է։ Այն, որ այս անգամ նույնպես զինվորականները կներգրավվեն քաղաքական խաղերի մեջ, պարզ էր քվեարկությունից դեռ շատ առաջ, դատելով հենց թեկուզ ՔՊ-ի քարոզարշավին պաշտպանության նախարար Պապիկյանի ամենաակտիվ մասնակցությունից, որն այդ շրջանում արձակուրդի մեջ էր։

Բայց որ այդքան անամոթաբար, լկտիորեն ու բացահայտ, այն էլ՝ քվեարկության համար պատրաստ ծրար տալով ու գործընթացը մինչև հաջորդ օրը շարունակելով…

Այստեղ ճիշտ ժամանակն է հիշելու իբր ՔՊ-ի դեմ քվեարկելու համար Հայաստան եկած ՀՀ քաղաքացիների հետ կապված վերջին պատմությունը. նրանց հենց օդանավակայանում վարժական հավաքներին մասնակցության ծանուցագիր էին հանձնում։ Ընդ որում պաշտպանության նախարարությունը չհերքեց, այլ հաստատեց այդ տեղեկությունը, հայտարարելով, թե իբր՝ այդ կերպ օգնում է կոմիսարիատներին։ Թե ինչու հենց ընտրություններից առաջ Պապիկյանի խելքին փչեց «օգնել կոմիսարիատներին», բնականաբար՝ ոչ ոք չբացատրեց ։

Ի ԴԵՊ, ԻՆՉՊԵՍ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՎ ԵՐԵԿ, NEWS.AM ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԼՐԱԳՐՈՂ ՆԱՐԵԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, որն ակտիվորեն լուսաբանել է ընտրախախտումները, այդ թվում՝ հաղորդել Սոտքում զինծառայողների կուտակումների մասին, նույնպես պարտավորեցրել են ներկայանալ վարժական հավաքի: Պատահականությո՞ւն է։

Այն մասին, որ այդպիսով իշխանությունները ցույց են տալիս սեփական վերաբերմունքը բանակում ծառայության և երկրի սահմանների պաշտպանության նկատմամբ, օգտագործելով հավաքները որպես պատժի գործիք, արդեն շատ է խոսվել։ Հաշվի առնելով 8 տարվա ընթացքում հայոց բանակի քայքայումը, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանության բուն հասկացության միտումնավոր վարկաբեկումը, զարմանալի ոչինչ դրանում, բնականաբար, չկա։

Այդ առնչությամբ հիշենք իր կառավարման 8 տարիների ընթացքում Նիկոլի կազմակերպած առաջին զորահանդեսը՝ հենց այս տարի, ընտրություններից մի քանի օր առաջ։ Դա՞ էլ էր պատահականություն: Թե՞ բանակի օգտագործման ևս մեկ ապացույց. այս անգամ դժգոհներին վախեցնելու համար, հաշվի առնելով նաև, որ զինտեխնիկան ևս մի քանի օր թողեցին մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում:

Ինչպես ցանկացած այլ ինստիտուտ, կառույց, կազմակերպություն, Փաշինյանը Զինված ուժերը նույնպես օգտագործում է սեփական նպատակների և ոչ այլ ինչի համար։ Այլապես թշնամին չէր բռնազավթի, չէր ամրանա և առաջ չէր շարժվի Հայաստանի Հանրապետության տարածքում, չբախվելով հայկական բանակի չնչին իսկ դիմադրության՝ նրա «գերագույն գլխավոր հրամանատարի» հրամանով։ Եվ սա բազմաթիվ փաստարկներից լոկ մեկն է։

Փաշինյանին բանակը պետք է բնավ ոչ երկրի սահմանները պաշտպանելու համար, ոչ էլ ագրեսորին հակահարված տալու։ Բանակը նրան պետք է որպես «զանգված», որը պիտանի է թերևս միայն ընտրությունները շտապ «փրկելու», ընտրողներին վախեցնելու, իր «հզորությունը» ցույց տալու (բայց միայն՝ երկրի քաղաքացիներին) և հարկ եղած դեպքում ժողովրդից պաշտպանվելու համար։